Երբեք չէի մտածի, որ այսօր ես կկարողանամ ինչ-որ բան գրել: Գյումրիից եմ վերադառնում: Գնացել էի սպանված ընտանիքի հոգեհանգստի արարողությանը, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, սիրտս չդիմացավ, որ մոտենամ նրանց, այդպես բակում կանգնած էլ մնացի: Չգիտես ինչի, ինձ էի մեղավոր զգում, որ այսօր Գյումրիում սուգ է, որ մի ողջ գերդաստան... էէէէ, գրելս էլ չի գալիս, բայց չեմ կարող չգրել այն, ինչ իմացա բարեկամներիցս:
Գյումրեցին հումորով է, և անգամ երկրաշարժի ժամանակ գյումրեցիները կատակում էին, իսկ այսօր ամեն բան այլ էր, ինչ կատակ, ինչ հումոր: Մարդկանց համբերության բաժակը լցվել էր: Էրևանցիք ի՞նչ գիտեն, թե Գյումրիում ինչ է կատարվում: Հո սա առաջին դեպքը չի՞:
Ճիշտն ասած, ես հիշում էի, որ նախկինում ևս ռուսական ռազմաբազայի հետ կապված աղմկահարույց միջադեպեր էլի են եղել՝ 16 տարի առաջ, հարբած զինվորները զենքերով մտել էին շուկա ու սկսել անկանոն կրակել ժողովրդի վրա ու արդյունքում կրկին զոհեր: Վերջերս էլ պայթած ռումբի պատճառով մահացած երեխաներ: Այս ռազմաբազան պատուհաս է Գյումրիի համար: Մի պապիկ հայտնեց, որ շուտով ռազմաբազայում համալրում է լինելու, և մոտ երկու անգամ զինվորների թիվն ավելանալու է, այսինքն՝ շուտով մոտ 40000 ռուս զինվոր է տեղակայվելու Գյումրիում, այսինքն պրոբլեմները շատանալու են, մութ պատմությունները՝ ևս: Զինվորները սկսելու են ավելի լկտի պահել իրենց, շարունակվելու է նրանց կողմից արհամարհանքը սովորական գյումրեցու նկատմամբ: Պատմում են, երբ զինվորները որոշում են ռեստորանում քեֆ անել, հրահանգում են ռեստորանների տերերին, որ ոչ մի հայի չթողնի ռեստորան: Եղել են դեպքեր, երբ 10-12 հոգով ռեստորան են փակել ու ժամերով հարբել, իսկ ռեստորանատերերը հլու-հնազանդ կատարել են նրանց հրամանները, պատմում են նաև, որ մարդիկ անգամ օրեր առաջ պատվիրած միջոցառումն են հետաձգել, քանի որ ներսում զինվորները խրախճանք են կազմակերել: Բացարձակ անհնար է դարձել սրանց դեմն առնելը՝ ոնց ուզում, այնպես ֆռֆռում են քաղաքում, սովորական բնակչին չեն էլ նկատում, կարծես նրանք գոյություն չունեն: Իսկ վերջին շրջանում Գյումրիում հաճախակի են դարձել նաև խանութների թալանը: Վատն այն է, որ բոլորն էլ գիտեն, թե դա ում ձեռքի գործն է, բայց վախենում են բարձրաձայնել: Զինվորները ոչ միայն թալանում են, այլ ջարդուփշուր են անում խանութների ներսը: Խանութպաններին մնում է առավոտ գլխիկոր մաքրել զիբիլը ու սսկված շարունակել աշխատելը: Այ այսպիսի բարքեր են հիմա տիրում Գյումրիում:
Վերջին սպանդն ուղղակի համբերության բաժակը լցրեց, և ժողովուրդը որոշեց ոտքի կանգնել, քանի որ եթե այս անգամ էլ լռեին, ապա էս զինվորները լրիվ իրենց իրավիճակի տերը կզգային: Առանց այն էլ բեսպրիդել են սարքել քաղաքում, հիմա էլ սպա՞նդը կուլ տանք, անհնար է: Ճանապարհին տեղեկացա, որ գյումրեցիները մեկ օր ժամանակ են տվել, որ սպանությունները կատարած ստահակին հանձնեն հայկական կողմին: Չգիտեմ, հավատամ, թե չէ, բայց կարծում եմ, որ այս մեկին պատժելով՝ պրոբլեմները, կապված ռուսական ռազմաբազայի հետ, չեն ավարտվելու: Տեսնենք՝ վաղը գլխներիս ինչ նոր օյին կբերեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1402128996751055&id=100008619030183
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել