Մեկ-երկու խոսք՝ կապված ռուսական պաշտոնյաների՝ Հայաստան ժամանելու և Գյումրիի սահմռկեցուցիչ հանցագործության հետաքննությանը մասնակցելու մասին:
Ինչ-որ անհասկանալի աղմուկ է բարձրացել այդ փաստի շուրջ, սակայն սառը դատողությունը վկայում է, որ նրանք հենց այդպես էլ պետք է վարվեին՝ այսինքն ժամանեին Հայաստան և լուրջ հետաքննություն սկսեին, ինչը և, հուսամ, արել են: Ի վերջո, միայն վեց հոգի սպանած գազանի ձերբակալությամբ և պատժի սահմանմամբ որևէ հարց չի լուծվում: Այս հանցագործությունը ենթադրում է պատասխանատուների մի ամբողջ շղթա, որի քննությունը գտնվում է բացառապես ռուսական ռազմաբազայի ղեկավարության տիրույթում: Ինչու՞ է այդ տղան լքել զորամասը, ինչու՞ է եղել զինված, ինչու՞ իրավապահ մարմինները ժամանակին չեն իրազեկվել նրա փախուստի մասին, ո՞վ է նրա հրամանատարը, ո՞վ պատասխանատու էր, որ իր զինվորը չլքի զորամասը, ո՞վ էր զորամասի հերթապահը, ովքե՞ր էին կանգնած պահակակետում, ովքե՞ր պետք է կանխեին նրա ելքը քաղաք. սրանք հարցեր են, որոնց քննությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ ռազմաբազայի տիրույթում է, հետևաբար ենթական են քննության՝ համաձայն ռուսական օրենսդրության և իրավական ընթացակարգերի: Կապված բուն հանցագործության՝ սպանության հետ, այո՛, նա պետք է դատվի՝ ՀՀ օրենքների համաձայն. յուրաքանչուր ոք, ով ՀՀ տարածքում՝ ռուսական ռազմաբազայից դուրս, կատարել է հանցագործություն, և որը կապված չէ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հետ, ապա հանցագործությունը բացահայտելու, քննելու, արարքը համապատասխան հոդվածներով որակելու, հանցագործին պատժելու համար պետք է կիրառվի ՀՀ օրենսդրությունը: Մյուս դեպքերով անհրաժեշտություն կառաջանա կիրառել ռուսական օրենսդրությունը, որովհետև այդ թերացումների շղթան կապված է ռազմաբազայի տարածքում անփութություն և հանցավոր անտարբերություն դրսևորելու փաստերի հետ, հետևաբար նրանք պետք է պատժվեն իրենց օրենքներով:
Այս դրամատիկ պահին աղմկելու և նյարդային կծիկ դարձած հասարակությանը հերթական անգամ գրգռելու փոխարեն թերևս փորձենք մի քիչ սթափ դատել և համբերությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/874507192593977?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել