Հունվարի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 18-30 տարեկան օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում պայմանագրային զինվորական ծառայություն անցնել Ռուսաստանի զինված ուժերում: ՌԴ նախագահի նշված հրամանագիրն ուշագրավ է շատ առումներով ու կարող է նաև որոշ մտահոգություններ առաջացնել այն տեսանկյունից, որ մեր երիտասարդները, Հայաստանում ապրուստի միջոցներ վաստակելու հույսը կտրած, հայկական բանակից զորացրվելուց հետո փորձեն գոնե ռուսական բանակում պայմանագրային ծառայության անցնելով՝ լուծել հանապազօրյա հացի խնդիրը: Դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ հրամանագրի ընդհանուր համատեքստն ավելի ընդգրկուն է՝ այս միջոցով Ռուսաստանը հնարավորություն կստանա ստեղծել օտարերկրացիներից կազմված անգամ հատուկ ազգային վարձկան ստորաբաժանումներ, որոնք հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում օգտագործել իրենց իսկ երկրներում: Պատերազմներ վարելու ժամանակակից մեթոդաբանությունը հենց այսպիսի մոտեցում է ենթադրում՝ անմիջական ճակատային բախումից խուսափելու և սեփական զինուժը խնայելու նպատակով գերտերությունները միմյանց դեմ երրորդ երկրների տարածքում պայքարում են տեղացիների ուժերով: Ռուսաստանի համար ավելի էժան կլինի այս ձևը, քանի որ, հակառակ պարագայում, ստիպված է լինելու շատ ավելի մեծ գումարներ վատնել տեղերում իրեն հնազանդ ու վստահելի զինված խմբավորումներ ստեղծելու վրա: Կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի, առհասարակ՝ Ասիայի, Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի չքավոր երկրներից շատերի բնակիչների համար վարձկան դառնալու դիմաց ամսական երեսուն հազար ռուբլի գումարն իրոք շատ գայթակղիչ կարող է լինել: Դրան հակառակ, ինձ չի թվում, որ հայ երիտասարդները սեփական ապրուստն ապահովելու նպատակով զանգվածաբար դիմեն ռուսական բանակում պայմանագրային զինծառայություն անցնելու միջոցին: Ի դեպ, բացառապես օտարերկրացիներով համալրված ռազմական ստորաբաժանումներ շատ վաղուց կան, օրինակ, Ֆրանսիայում (Արտասահմանյան լեգիոնը) ու Մեծ Բրիտանիայում (գուրկխերից կազմված հատուկ ստորաբաժանումը): Հավանաբար այս հրամանագրի ստորագրման անհրաժեշտությունը թելադրված է եղել հատկապես ուկրաինական ճգնաժամի հանգամանքներով, սակայն, եթե նկատի ունենանք, որ աշխարհը թևակոխել է անորոշության, բռնությունների ու զինված հակամարտությունների տևական մի ժամանակաշրջան, ապա դրա կիրառումը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում Կրեմլի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել