IMG_5664[1]

Դավիթ Բլեյանը մերժեց և՛ վարսավիրանոց գնալը, և՛ մեր ընկեր-բարեկամ, Դավթի հին վարսավիր Արտակի՝ մեր տանը մազերը կտրելու սիրալիր ծառայությունը, բայց առաջարկեց բոլորիս ուրախություն պարգևող լուծում՝ Ռուզան մորաքույրը կտրի… Սիրում է երկա՜ր մազեր, նրանով սքանչացող բոլոր քույրիկներն էլ կարծես խրախուսում են դա. չի սիրում, որ «մազերը թափվում են աչքերին, խանգարում»։ Մազերը մշտապես խնամված-մաքուր է պահում՝ ամեն օր լողանում է, հայելու առաջ կանգնելու կայուն սովորություն է ձևավորել. էլ ի՞նչ է պետք։ Մորաքույրը սիրով-վարպետությամբ, մանկավարժական տաղանդով օգտագործեց այս հնարավորությունը և ամրապնդեց իր միակությունը՝ բազում հորաքույր-քույրիկների մեջ… Կեցցես, մորաքույր «Րուզան»… Նորացված Դավիթն այսպիսի տեսք ունի։

Անահիտ Հարությունյան Բզեզին և Լուսինե Փաշայանին երկար հիշում էր Դավիթը… Մարդկային շփումն այդպիսի բան է… Արփի Սահակյանը, որ «Հանրակրթական Դիջիթեք 2015»-ի «Դիջիթեքը ընտանիքում» անվանակարգի պատասխանատուն է, հավանում է Դավթի-Արեգի բլբլոցները և առաջարկում բոլոր սեբաստացի ծնողներին և դաստիարակներին, բոլոր ռանգի մեծերիս՝ ամենատարբեր մեդիամատուցմամբ ներգրավվել բլբլոցա-ազգագրահավաքում… Ես էլ, տիկին Աիդան էլ, իհարկե, օրհնում ենք այս մանկավարժական արշավը, մի տաբուի անվերապահ պահպանմամբ՝ որևէ պատճառաբանությամբ չխախտել բլբլոցների էկոլոգիան, բլբլոցը գրանցել անհապաղ՝ իր անմիջականության-անաղարտության պահպանմամբ… Ես սիրով իմ օրագիրը, Աիդան էլ՝ իր«Պարտեզը» տրամադրում ենք ազգը վեհացնող-զվարթուն պահող այս գործին… Բայց հեղինակային իրավունքի հարցեր որ չծագեն, առաջարկում եմ մեծի պարտականությամբ Արեգի այցը մեր տուն, Դավիթ-Արեգ բլբլոց ընդ բլբլոց ձևաչափով հարցի քննարկում-լուծում անհապաղ… Արփի ջան, հետևիր զարգացումներին, իսկ Նվարդին շնորհակալ եմ 2015-ի Արեգի այս նկարաշարի համար։ Շարունակ մարդկայնացնենք Հանրակրթական Դիջիթեքն էլ, նրան ծնած մանկավարժությունն էլ…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել