
1in.am-ը գրում է.
Նավթի համաշխարհային գները 2015թ. հունվարի 7-ին նոր ռեկորդ սահմանեցին՝ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի արժեքը 1 բարելի դիմաց իջավ 50 դոլարից, մինչդեռ տնտեսագետները կարծում էին, որ գները 50-ի շեմից չեն իջնի: Տարբեր փորձագիտական գնահատականներով, 2015թ. նավթի գնանկումը կշարունակվի և լուրջ վտանգի տակ կդնի նավթի նոր հանքավայրերի ուսումնասիրությունների ծրագրերը:
Ամբողջ աշխահում մարդկանց համար սա իսկական տոն է, գների նման կտրուկ փոփոխությունը միայն դրական կազդի նրանց ամսական բյուջեի, ծախսերի և խնայողությունների վրա, նավթը որպես հիմնական ռեսուրս ունեցող բիզնեսները նույնպես օգուտներ կունենան այս իրավիճակից:
Մինչ նավթի միջազգային գները օր օրի փոխվում են, Երևանում բենզինը համառորեն չի էժանանում: Ինչ է սա նշականում՝ որ մեր տնտեսությունը որևէ կապ չունի՞ արտաքին աշխարհի հետ:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, դիտարկելով բենզինի հայկական շուկան, մեջբերեց «արգելանիվի էֆեկտը», համաձայն որի՝ Հայաստանում երբեք գների վայրէջք չի լինի: Պատճառները, ըստ մասնագետի, շատ են, նախևառաջ մենք կախված ենք ներմուծման դիվերսիֆիկացիայից: Միջպետական համաձայնագրով, Հայաստանի նավթամթերքի շուկան ամբողջությամբ կախված է ռուսական «Ռոսնեֆտ»-ի գնային քաղաքականությունից:
«Մենք չենք գնում նավթ տարբեր երկրների արտադրողներից, ինչքան կախված լինենք մի երկրից, այնքան վատ մեր շուկայի համար: Օրինակ՝ Չինաստանը նավթամթերք գնում է միանգամից 6 երկրներից, այսպիսով նա ապահովագրում է իր տնտեսությունը: Եթե վերցնենք գազը, մենք էլ ներկրում ենք երկու երկրներից՝ Ռուսաստանից և Իրանից, բայց ազգաբնակչությունը դրանից չի շահում»,- նկատեց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ մյուս պատճառներից մեկն էլ շուկայի մոնոպոլիզացված լինելն է, այստեղ մրցակցություն չկա, շուկայի գները փոխհամաձայնության արդյունք են, չեն ձևավորվում ազատ շուկայական հարաբերություններում:
«10, 20 դրամ տատանումը ոչ էական փոփոխություն է: Մրցակցության հանձնաժողովը պետք է այս շուկայում իր լծակներով կարգավորումներ անի, սակայն կարծում եմ՝ չունի այդքան ազդելու հնարավորություն»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս շրջանում բենզինի գների վրա բացասական կարող է անդրադառնալ նաև փակ ճանապարհների խնդիրը, որովհետև, ըստ տնտեսագետի, այս դեպքում ստիպված պահուստային վառելիքն է վաճառքի հանվելու. «Այստեղ պետք է հասկանալ ֆորսմաժորային իրավիճակների համար պայմանագրեր կան, թե ոչ, մեքենան մի քանի օր մնում է ճանապարհին, հետևաբար տուգանքներ կկիրառվեն»:
Վրաստանի ու Հայաստանի գներն այս շուկայում գրեթե նույնն են: Ըստ Խաչատրյանի՝ իրենք ունեն կայուն հաճախորդներ, և պահանջարկ-առաջարկի սկզբունքով գներն այստեղ չեն իջնում: Սա այն դեպքում, երբ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, նավթամթերքի տարբեր արտադրողներից ներկրման մեծ հնարավորություն ունի:
Հիշեցնենք, որ մեր շուկայում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը նման մենաշնորհ տալու հիմնավորումներից մեկն էլ եղել է այն, որ այդ ընկերությունը պետք է ներդրումներ աներ և վերագործարկեր «Նաիրիտ» գործարանը: Այս նպատակով երկու երկրների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին»:



