Որքան էլ անհավանական թվա, բայց սափրած ոտքեր ունենալու նորաձևությունը մտավ կանանց կենցաղ միայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և որ ավելի հետաքրքիր է՝ ամենևին ոչ հիգիենայի նկատառումներից ելնելով էր արվում դա։ Բանն այն է, որ պատերազմի տարիներին զուգագուլպաները խիստ հազվագյուտ ապրանք էին դարձել, քանի որ դրանց պատրաստման համար անհրաժեշտ նեյլոնը գրեթե ամոբղջությամբ կլանում էր ռազմական արդյունաբերությունը՝ օրինակ պարաշյուտների արտադրության համար, իսկ առանց զուգագուլպաների շրջազգեստ հագնելը համարվում էր ծայրաստիճան անբարո բան։

Սակայն կանայք, ինչպես միշտ, գտան լուծումը այս խնդրի։ Ոտքերի մաշկը մգեցնում էին՝ վաղօրոք ձերբազատվելով մազիկներից՝ ածելու օգնությամբ, իսկ հետո զուգագուլպաները պարզապես նկարում էին ոտքերի վրա։ Գեղեցկության շատ սրահներ առաջարկում էին համապատասխան ծառայություններ ու անգամ համապատասխան ապրանքներ սկսեցին արտադրել՝ տոնալ քսուկներ, մատիտներ ու անգամ հավասար գծեր գծելու հարմարանքներ, որոնք իմիտացնում էին զուգագուլպաների կարը։
Պատերազմն ավարտվեց, զուգագուլպաները վերադարձան խանութներ, բայց սափրած ոտքեր ունենալու սովորությունը հիմնովին հաստատվեց կանանց մոտ ու դարձավ կանացիության չափորոշիչներից մեկը։ Համաձայնվեք, քչերը գիտեին այս մասին։








