Civilnet.am-ը գրում է․
Հունվարի 8-ին, երբ Ֆրնսիայում հայտարարված է սգո օր` ի հիշատակ Charlie Hebdo երգիծական պարբերականի վրա իրականացված ահաբեկչության զոհերի, երկրի մի քանի քաղաքներում բռնության նոր ալիք է գրանցվել:
Վիլֆրանշ սյուր Սոն քաղաքում` Լիոնից ոչ հեռու, պայթյուն է տեղի ունեցել մզկիթի մերձակայքում, հաղորդում է AFP-ն:
Համաձայն գործակալության` պայթյունը տեղի է ունեցել խորտկարանում և կրել է քրեական բնույթ: Միջադեպի հետևանքով որևէ մարդ չի տուժել:
Բացի այդ` լույս հունվարի 8-ին անհայտ անձինք լուսաձայնային նռնակներ են նետել մզկիթի ուղղությամբ Լե Ման քաղաքում` Փարիզից արևմուտք:
Մի քանի կրակոց է արձակվել մուսուլմանական աղոթասրահի ուղղությամբ Պոր լա Նուվել քաղաքում` Ֆրանսիայի հարավում:
Հունվարի 8-ի առավոտյան էլ Փարիզի հարավում` Մոնրուժ թաղամասում, զինված տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակցուհու վրա, վերջինս ավելի ուշ մահացել է: Տղամարդը վիրավորում է հասցրել ևս մեկ մարդու և դիմել է փախուստի:
Առայժմ հայտնի չէ` կապված է այս միջադեպը Charlie Hebdo-ի ահաբեկչության հետ, թե ոչ:
Հունվարի 7-ին անհայտ անձինք ինքնաձիգով և նռնակով ներխուժել էին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել 12 մարդու։ Երբ չարագործները թաքնվելու նպատակով ավտոմեքենայով փորձել էին հեռանալ, վրաերթի էին ենթարկել անցորդների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ