Մեկ տարի էլ անցավ մեր կյանքից: Պատմության գիրկն է անցնում 2014 թ.` մեր մտահոգություններով ու տագնապներով, ուրախություններով ու տրտունջներով, սպասումներով ու հիասթափություններով, ցավոք նաև մարդկային կորուստներով, և ոչ նշանակալից նվաճումներով:
Ինքնաբերաբար ընդունված կարգ է, վերհիշել ինչ նվաճումներ կամ կորուստներ են եղել անցած տարում և ինչ սպասումներ կարող են լինել նոր տարում: 2014 թ. նվաճումը պետք է համարել ԵԱՄ Հայաստանի լիիրավ անդամակցությունը, թեև կան մարդիկ, որոնք համաձայն չեն լինի ինձ հետ:
Ցավով պիտի նշեմ, որ անցնող տարում մեր ժողովուրդը ոչ միայն ձեռքբերումներ չունեցավ, հատկապես սոցիալական ոլորտում, այլ ընդհակառակը` բարձրացան գազի և էլեկտրաէներրգիայի սակագները, բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների գները, սահմանվեցին ժողովրդին կողոպտելու ժամանակակից միջոցներ` ճանապարհային նկարահանումների, փողոցները կարմիր գծերով սեփականացնելու, ավտոմերքենաների ապահովագրության բարձր վճարումների ձևով: Շարունակվեց արտագաղթը:
Բայց ժողովուրդը հաշտվում է այդ ամենի հետ, հաշվի առնելով միջազգային խճճված վտանգավոր վիճակը, արցախյան պրկված լարվածությունը, ադրբեջանական դավերը սահմանի վրա, քաղաքական ցնցումները մեր տարածաշրջանում, Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված խնդիրները:
Ինչևէ, 2014թ. կմնա մեր հիշողության մեջ, իսկ հիշողությունը մեր պատմությունն է, իսկ պատմությունն էլ կանգառ չունի, շարունակում է իր վերընթացը: Առանց հիշողության մարդը չի կարող ապրել: Մոռանալով անցյալը նա կույր է դառնում ապագայի նկատմամբ: Երբ մարդու մեջ անհետանում է հիշողությունը, նա կտրվում է իր արմատներից ու իր պատմությունից և կործանվում է որպես անձնավորություն: Կա մի տարօրինակ հիվանդություն, որը կոչվում է ռետրոգրադային ամնեզիա, երբ մարդը ոչ անցյալն է հիշում, ոչ էլ ապագան պատկերացնում, ապրում է միայն այս րոպեով և նրա կյանքն ընդհանրապես կորցնում է իր իմաստը: Ցավոք, քիչ չեն այդ հիվանդությամբ տառապողները, որոնք քաղաքական ոլորտում նաև նիհիլիստներ են կոչվում: Մեր հասարակության հիմնական խնդիրը եղել է ու միշտ կմնա մարդկանց, մասնավորապես երիտասարդության, կրթական մակարդակի և մտավոր կարողությունների զարգացումը, պայքարը տգիտության ու սնապարծության դեմ, չմոռանալով, որ տգիտությունն է բոլոր չարիքների նախապայմանը:
Ոuրեմն եկեք հիշենք, այն ինչն օգտակար է և դրվատելի:
Սակայն մարդկային միտքը հնամենի իրերի պահարան չէ: Իզուր չէ, որ բնությունը մարդուն օժտելով այնպիսի մի հրաշալի հատկությամբ, ինչպիսին հիշողությունն է, օժտել է նաև մոռանալու կարողությամբ: Ակամայից հիշում ես ֆրանսիացի գիտնական Էդվարդ Էրրիրոյի խոսքերը. «Մենք շնորհակալ ենք հիշողությանը, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու: Սակայն պետք է երախտապարտ լինենք նրան նաև նրա համար, որ թույլ է տալիս մոռանալու»:
Ուրեմն եկեք մոռանանք այն, ինչ որ վնասակար է ու պախարակելի:
Գրեթե 2000 տարի առաջ հին Հռոմի պատմագետ Տիտ Լիվին լավ է ասել` «Անցյալը հեշտ է պախարակել, դժվար է ուղղել»: Ոմանք պարզապես չեն հասկանում կամ մոռանում են, որ մարդկությունը զարգանում է ժառանգականության հիմունքներով, որ առանց անցյալի չի լինում նաև ապագան: Ինչպիսին էլ լինի անցյալը`լավ, թե վատ, դա մեր պատմությունն է, մեր կենսագրության անբաժանելի բաղկացուցիչներից մեկը, որը միշտ ուղեկցելու է մեր հետագա ընթացքին: Կանցնեն տարիներ, ամենազոր ժամանակը ցույց կտա, ո՞րն էր ավելի լավ, ի՞նչ ճանապարհով կընթանան մեր ապագա սերունդները…
Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի…
Իմ սիրելի հայ ժողովուրդ, իմ սիրելի ընկերներ, բարեկամներ ու գրչակիցներ, ամբողջ հոգով շնորհավորում եմ ձեր Ամանորը՝ մաղթելով ձեզ այնպիսի պինդ առողջություն, որ դիմանա մեր դաժան կյանքի խոտորումներին, իսկական երջանկություն, որ անսասան մնա օտարոտի անբարո ազդեցություններից, իմաստություն և հաջողությունների կամք որ հազթահարի մեր իրականության բազում խոչնդոտները, մի խոսքով ամեն բարիք ձեզ:
ԲԱՐԻ ԵՐԹ ԲՈԼՈՐԻԴ՝ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ, ՈՐԻ ՄԱՍԻՆ, ՑԱՎՈՔ, ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՄՇՈՒՇՊԱՏ ԵՆ: ԲԱՅՑ ՀՈՒՅՍԸ ԹՈՂ ԶՈՐԱՎՈՐ ԼԻՆԻ: