Այսօր հայ նշանավոր բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հիշատակի օրն է:
Ծնվել է 1864թ.-ի ապրիլ 14-ին Վաղարշապատում (Էջմիածին): Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888-ին։ 1889-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ. Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։
1912-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918) եղել է նրա լուսբաժնի վարիչը։ Ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, նվիրվել երկրի վերաշինության ու լուսավորության գործին։ Եղել է Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչ։ 1922-ին աշխատել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում։
1883-ին «Աղբյուր»–ում լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887-ին հրատարակվեց «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում բերեց հեղինակին։ 1908 և 1912-ին լույս տեսած ժողովածուներն ամրապնդեցին նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։ Հովհաննիսյանը ստեղծեց արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ։ Հովհաննիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ («Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», 1884)։ Սիրային բանաստեղծությունները («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», 1885, «Կուզեի լինել կարկաչուն վտակ», 1888) աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Նրա պոեզիան դեմոկրատական է, ժողովրդային։ Հովհաննիսյանը ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները («Երկու ճանապարհ», 1883, «Մնաք բարով, արև, գարուն», 1887, «Աշուղ», 1887)։ Հայ պոեզիայում Հովհաննիսյանը առաջինն է, որ ռեալիստական ճշմարտացիությամբ ներկայացրել է գյուղական կյանքի ներքին հակասությունները («Գյուղի ժամը», 1886, «Հատիկ», 1886)։ Նրա քնարերգության որոշ նմուշներ ձևով ու բովանդակությամբ առնչվում են ժողովրդական պոեզիայի հետ («Արազն եկավ լափին տալով», 1887, «Ալագյազ բարձր սարին», 1901)։ Դրանց մեջ արտահայտված են ժողովրդի պանդուխտ զավակների ապրումները, պատկերված է հայկական բնաշխարհը։ Հովհաննիսյանը մեծ հայրենասեր է։ Այդ սերը սկզբում ռոմանտիկական էր («Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները», 1880)։ Հետագայում նա գրեց «Մայրս» (1896), «Տղմուտ» (1887), «Նոր զարուն» (1897) ռեալիստական գործերը, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի կրած տառապանքները։ Հովհաննիսյանի հայրենասիրական ստեղծագործությանը հատուկ են քաղաքացիականությունը, հերոսականությունն ու լավատեսությունը։ Հայրենիքի անձնվեր զինվորը («Սարն ի վեր», 1896), բանաստեղծի համոզմամբ, չպետք է հանձնվի հուսահատության ու լքման տրամադրություններին։ Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակակիցներին։ «Սյունյաց իշխանը» (1887) պատմահոգեբանական պոեմում Հովհաննիսյանը նորովի է մոտեցել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը։ Նա անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Սրտավազդ», 1887, «Վահագնի ծնունդը», 1904, «Լուսավորչի կանթեղը», 1904)։ Բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների՝ Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Հայնեի, Պետեֆիի, Ուլանդի և այլոց երկերը։ Դրանցից մի քանիսը (Վ. Միրակոմլյա, «Անգրագետ», 1886, Ուլանդ, «Երգչի անեծքը», 1888 և այլն) ինքնուրույնի արժեք ունեն։ Հովհաննիսյանը բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն։ 1913-ին նշվեց բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակը, իսկ 1965-ին պետականորեն տոնվեց Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակր։Մահացել է 1929թ.ի սեպտեմբեր 29-ին Երևանում:
1948-ից ծննդավայրում գործում է Հովհաննիսյանի տուն-թանգարանը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=285597511542103&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել