A1plus.am-ը գրում է․
2013-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը եւ միանալու է ԵՏՄ-ին։ Հենց դա էլ կանխորոշեց Հայաստանի դիվանագիտական 2014-ը։ Ռուսաստանն սկսում է խստացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքը իր երկիր, դա վերաբերում էր նաեւ հայաստանցիներին։ Չնայած դրան, Հայաստանը հրապարակում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը եւ դա զարմացնում է նույնիսկ ռուսներին։ «Շատ արագ եք մտնում»,-հունվարի 27-ին հիացած ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։ Հունվարի վերջին հայտնի է դառնում, որ Եվրամիության հետ առեւտրային բանակցությունները Հայաստանի փոխարեն այսուհետ կվարի Մաքսային միությունը, այսինքն, Մոսկվան։ Չեխիա մեկնած Սերժ Սարգսյանը Եվրոպային Հայաստանում ներդրումներ անելու կոչ է անում։ Հետագայում հայտնի է դառնում, որ նա Չեխիայում ապրող հայերին ասել էր, որ չի պատրաստվում պայքարել Հայաստանը քայքայած տնտեսական մենաշնորհների դեմ։ Հայաստանում սկսում է գործել ռուս-հայկական խորհրդարանական բարեկամության խումբը։ Կառավարությունը խոստովանում է, որ Մաքսային միության անդամակցումը կբերի ապրանքների գնի աճին։ (10.02.2014) Եվրոխորհրդարանը կոշտացնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Հայաստանին վերաբերող իր դիրքորոշումը, առաջին անգամ ասվում է, որ Հայաստանը ձախողում է բանակցությունները։ Մարտի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանը տոտալիտար մի շարք երկրների հետ միասին ամբողջությամբ պաշտպանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բոլոր գործողությունները։ Ամերիկան հիասթափված է։ Ապրիլի 1-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է Մաքսային միության անդամակցելու մեր ցանկության առաջին արդյունքները՝ Հայաստանում մոտ 35 տոկոսով կրճատվել են օտարերկրյա ներդրումները։ Արդեն ապրիլին Մոսկվան խորացնում է Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ