Cosmo.am-ը գրում է․
Քրեական փորձագետները փաստում են` հարաբերությունների ամենավտանգավոր շրջանը բաժանումից հետո է վրա հասնում. մերժված լինելու գիտակցությունն ու զայրույթը միախառնվում են և հավասարակշռությունից հանում որոշ տղամարդկանց: Մեր իրական պատմությունն այս անգամ այն մասին է, թե ինչ է պատահել երիտասարդ մի աղջկա, երբ վերջինս հայտնել է ընկերոջը, որ ամեն ինչ վերջացած է:
2010 թվականի նոյեմբերի 19-ն էր, պայծառ հինգշաբթի: 17-ամյա Լորեն Ուաթսոնը ավագ դպրոցից վերադարձավ տուն` հույս ունենալով մեծ քրոջ` Ջեյնի-Լայնի հետ որևէ տեղ գնալ: 20-ամյա Ջեյնի-Լայնը պարուհի էր և պատրաստվում էր պարուսույց դառնալ: Սակայն երբ Լորենը հասավ Նյու Յորքի Սիրակրուզ արվարձանի Լիվերպուլյան իրենց խաղաղ փողոցը, նա նկատեց, որ տունը դատարկ է, իսկ Ջեյնի-Լայնի բանալիները, պայուսակն ու դրամապանակը մի կողմ են գցված:
Առավել տարօրինակ էր, երբ Լորենը հյուրասենյակում բջջային հեռախոս նկատեց: Նա ճանաչեց. Սթիվեն Պիպերի` քրոջ նախկին ընկերոջ հեռախոսն էր (շուրջ երկու տարի Սթիվենի հետ հանդիպելուց հետո մեկ ամիս առաջ Ջեյնին խզել էր հարաբերությունները): Անհանգստացած` Լորենը զանգահարեց քրոջը, սակայն ոչ ոք չպատասխանեց: Ծնողներին` Դեյվիդ և Ջեյքի Ուաթսոններին նույնպես չհաջողվեց կապ հաստատել աղջկա հետ: «Սա Ջեյնի-Լայնին հատուկ վարքագիծ չէր,- ABC News-ին այդ շաբաթ տված հարցազրույցում պարզաբանում էր ընտանիքի ընկեր Քելի Քինահանը: - Նա միշտ կապի մեջ էր իր ընտանիքի անդամների և ընկերների հետ, և հեռախոսազանգերին չպատասխանելու սովորություն չուներ»:
Խուճապահար Ուաթսոնները երեկոյան զանգահարեցին ոստիկանություն: Ոստիկանները զննեցին տարածքը վարժեցրած շների օգնությամբ: Ընկերները Facebook-ում խումբ ստեղծեցին`ահազանգելով Ջեյնի-Լայնի անհետացման մասին: Տեղական և ազգային հեռուստաընկերությունների էկրաններին հայտնվեցին անհետացած Ջեյնի-Լայնի` քոլեջի փոքրիկ, գեղեցիկ ուսանողուհու լուսանկարները: Անհետացումից 8 օր անց ոստիկաններից մեկը տարածքի այգին զննելիս հայտնաբերեց աղջկա մերկ մարմինը` թփերի մեջ թաղված: Նրան խեղդամահ էին արել...
Հալածողից մինչև տառապյալ
Ոստիկանության` գործին ներգրավվելուց անմիջապես հետո Սթիվենը հարցաքննության ենթարկվեց: Փոքրիկ, ջլուտ տղա էր, 2008 թվականին ավարտել էր Լիվերպուլի ավագ դպրոցը ` Ջեյնի-Լայնի հետ միասին: Նա դեռ բնակվում էր նույն տարածքում, աշխատում էր ավտոմասերի խանութ-սրահում` որպես հսկիչ:
Սթիվենը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու ոստիկանների հետ` հաստատելով, որ եղել է Ուաթսոնների տանն այդ առավոտ` տեսնելու նախկին ընկերուհուն: Նա հայտնեց ոստիկանությանը, որ իրենք պարզապես հանգիստ զրուցել են, և որ ինքն անփութորեն մոռացել է հեռախոսը նրա տանը: Սթիվենի հավաստմամբ՝ Ջեյնի-Լայնը մտադրություն ուներ մի քանի օրով բացակայել քաղաքից: Նա նաև հավելեց, թե տեսել է Ջեյնի-Լայնին սպիտակամորթ տղամարդու հետ` փոքրիկ բեռնատարի դիմացի խցիկում:
Ոստիկանները Սթիվենի պատմության իսկությունը ճշտելուն զուգահեռ, զրուցեցին Ջեյնի-Լայնի մի քանի ընկերների հետ` փորձելով պարզել նրանց երկուսի հարաբերությունների մանրամասները: Պարզվեց, որ զույգն արագ միացել և արագ բաժանվել է: Երբ Ջեյնի-Լայնն ու Սթիվենը սկսել են հանդիպել 2009-ի ամռանը, տղան կուրորեն սիրահարված է եղել, անդադար խոսել է Ջեյնի-Լայնի գեղեցկության մասին: Ջեյնի-Լայնը նույնպես կարծես սիրահարված է եղել: Ընկերները հիշում էին, որ աղջիկը երջանիկ էր Սթիվենի հետ, իսկ մի քանի ամիս անց Սթիվենը նշանադրության մատանի էր նվիրել նրան:
«Facebook-ում միշտ ստատուսներ էր գրում` նրա անվան սկզբնատառերով և կողքին սրտիկ,- պատմում էր Ջեյնի-Լայնի մանկության ընկերուհին` 21-ամյա Նինա Մերուլան: - Երևում էր, որ շատ է սիրահարված նրան»: Ըստ ընկերների` լավ էին հասկանում միմյանց, երբ միասին էին, իսկ երբ հեռու էին, վիճում էին հեռախոսով. Սթիվենն ագրեսիվ էր դառնում, քանի որ վախենում էր, որ Ջեյնի-Լայնը կարող է իրեն քոլեջի տղաներից մեկի հետ փոխել:
«Այդ հարաբերությունները հոգեբանորեն ճնշող էին: Երբ սկսեցին հանդիպել, նա «քամում» էր աղջկան: Նրան այնքան էլ դուր չէր գալիս, երբ Ջեյնի-Լայնն ընկերների հետ էր շփվում: Նա ղեկավարում էր աղջկան` ձգտելով, որ նա կատարելապես իրենը լինի»: 1,5 տարի տանելով Սթիվենի շնչահեղձ անող խանդը՝ Ջեյնի-Լայնը 2010-ի հոկտեմբերին վերջ էր դրել այդ ամենին: Ընկերները պատմում էին, որ այլևս չէր կրում նշանադրության մատանին: Մինչդեռ Սթիվենը չէր պատրաստվում հանգիստ թողնել նրան: Նա ստեղծել էր Facebook-յան մի քանի կեղծ պրոֆայլներ և օգտագործում էր դրանք Ջեյնի-Լայնի քոլեջի ընկերների հետ շփվելու և նրա մասին տեղեկություններ հավաքելու համար, իսկ իր ստատուսներում շարունակում էր գրել, որ Ջեյնին իր կյանքում պատահած լավագույն հրաշքն էր:
Ջեյնի-Լայնի անհետանալուց երկու շաբաթ առաջ Սթիվենը, հուսահատ, գնացել էր աղջկա ծնողների մոտ` նրան վերադարձնելու ակնկալիքով: Դեյվիդ Ուաթսոնը խորհուրդ էր տվել աղջկան մի քիչ ժամանակ տալ: Դա վերջին անգամ էր, որ ընտանիքը տեսել էր Սթիվենին:
Բջջայինի հետքերով
Սթիվենը, բնականաբար, թիվ 1 կասկածյալն էր: Ոստիկանությունը հարցաքննեց նրան երկրորդ անգամ` ուշադրություն դարձնելով Ջեյնի-Լայնի մասին խոսելիս նրա արած ժեստերին: Արդյունքում՝ փորձագետները եզրակացրեցին` նա խոսում է առանց էմոցիաների և հուզմունքի:
Օրինապահ մարմինները սկսեցին գնալ Ջեյնի-Լայնի կորած հեռախոսի հետքերով: Պարզվեց, որ իր անհետացման օրը` նոյեմբերի 19-ի առավոտյան ժամը 11:00-ին, նա հաղորդագրություն էր ուղարկել ընկերուհիներից մեկին: Հաղորդագրությունում ասվում էր, որ Սթիվենը տանն է և չի պատրաստվում հեռանալ: Ընկերուհին պատասխանել էր հաղորդագրությանը, սակայն Ջեյնի-Լայնը մոտ 1 ժամ չէր արձագանքել: Հետո ընկերուհին վերջապես պատասխան էր ստացել. «Ամեն ինչ կարգին է. մենք խոսեցինք, և նա հասկացավ»:
Ոստիկանությունում ենթադրում էին, որ հաղորդագրությունն ուղարկել էր Սթիվենը` Ջեյնի-Լայնին սպանելուց հետո` որպես ալիբի:
Ժամը 01:00-ի սահմաններում հեռախոսն անջատվել էր: Երկու օր անց այն ակտիվացել էր: Ըստ ոստիկանության վարկածի` նոյեմբերի 19-ին՝ ուրբաթ օրը, այն նետել էին աղբը, իսկ միացել էր այն հավանաբար հարվածի հետևանքով:
Հետաքննության արդյունքում նաև հաջողվեց պարզել, որ նոյեմբերի 19-ի առավոտյան՝ Ուաթսոնների տնից վերադառնալիս, ոստիկանները կանգնեցրել էին Սթիվենին, քանի որ նրա մեքենան առանց համարանիշի էր եղել: Իսկ ավտոճանապարհային երթևեկությունն արձանագրող տեսախցիկների ձայնագրության մանրամասն ուսումնասիրությունից հետո հայտնի դարձավ, որ ոստիկանը նախազգուշացում տալուց հետո թույլատրել էր նրան գնալ, ինչից հետո
Սթիվենը կտրուկ շրջել էր մեքենայի ուղղությունը և ընթացել դեպի Քլեյ կենտրոնական այգի: Դա համայնքային այգի է` խիտ ծառերով: Սա առիթ տվեց գործը հետաքննողներին ենթադրելու, որ Սթիվենը Ջեյնի-Լայնի մարմինը կարող էր թաքցրած լինել հենց այնտեղ: Որոնողներն անմիջապես շրջափակեցին այգին: Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ին, Ջեյնի-Լայնի մարմինը գտնվեց...
Ժամեր անց Սթիվենը ձերբակալվեց` սպանության մեղադրանքով:
Երբ բաժանումը բռնության է հանգեցնում
2011 թվականի փետրվարի 15-ին՝ ձերբակալությունից մոտ երեք ամիս անց, Սթիվենը կանգնեց դատարանի առաջ` ձեռնաշղթաներով ու բանտային հագուստով: Նա խոնարհեց գլուխը, երբ հայտարարվեց դատավճիռը: Թույլ ձայնով նա հաստատեց, որ վիրավորել էր աղջկան, բայց երբ Ջեյնի-Լայնն ասել էր, որ իրենց մեջ ամեն ինչ վերջացած է, կատաղությունից խեղդել էր նրան: Հետո մարմինը թաքցրել էր իր մեքենայի մեջ: Իսկ հետո ամեն ինչ ընթացել էր վերը նշված սցենարով:
Սթիվենը դատապարտվեց 23 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Սա, իհարկե, մխիթարանք չէ Ջեյնի-Լայնի հարազատների համար: Նրանց դեռ տանջում է այն միտքը, թե որքան կույր են եղել իրենք, որ չեն նկատել` ինչ է կատարվում իրենց աղջկա շուրջը: Սակայն ինչպե՞ս կարող էին կանխագուշակել Սթիվենի վտանգավոր պահվածքը: Մինչև նոյեմբերի 19-ը Սթիվենն անվնաս մարդ էր... գոնե իրենց պատկերացմամբ: Չնայած կատարած հանցանքի ստորության աստիճանին՝ Սթիվենը քրեական անցյալ չուներ: Ու թեև դասընկերները լրագրողների հետ զրույցներում այնքան էլ լավ չէին արտահայտվել նրա հասցեին, որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Ջեյնի-Լայնի նկատմամբ նրա անսահման սերը կարող էր մարդասպանության հասցնել:
Մինչդեռ բաժանումից հետո վրա հասնող հուսահատ կատաղությունը բացառիկ երևույթ չէ: «Հարաբերությունների ավարտից հետո որոշակի ժամանակ է անցնում, ինչից հետո բացարձակապես անվնաս թվացող մարդը կարող է պայթել»,- Cosmo-ին տված հարցազրույցում նշում է Հանցագործության զոհերի ազգային կենտրոնի ծրագրի անդամ Ջեսամին Թրեյսին:
Այսպիսի տղամարդիկ անվտանգ չեն, և նրանց լքելը կարող է խնդիրների հանգեցնել, հանգամանք, որը Սթիվենն, այնուամենայնիվ, կարողացել էր քողարկել: Չնայած հանկարծակի բռնությունը դժվար է կանխատեսել, նա ցույց էր տվել նշաններ, որ ընդունակ է նման բանի: Դեռ ամենասկզբից նա հարաբերությունները զարգացման արագ ընթացքով էր ուղղորդել` գնելով աղջկան նշանադրության մատանի իրենց հանդիպելուց ընդամենը մի քանի ամիս անց, ինչը կարող էր սեփականատիրության մասին հուշել: Երբ Ջեյնի-Լայնը դպրոցում նրա կողքին չէր, սեփականատիրոջ այդ զգացումն ավելի էր սրվում, քանի որ սարսափում էր այն մտքից, որ աղջիկը կարող է այլ տղաների հետ շփվել:
Փորձագետներն այլ նշաններ էլ են մատնանշում. աղջկան մեղադրելը կամ ինքնասպան լինելու սպառնալիքը: Սրանք այն «լծակներն» են, որ տղամարդիկ օգտագործում են աղջկան մշտապես մեղավորի կարգավիճակում պահելու համար: Սրանք այն կարմիր դրոշակներն են, որոնք կարող են քեզ հուշել, որ տղամարդը որոշել է` եթե իրենը չես, ուրեմն մյուսներինն էլ չես:
Խզիր հարաբերություններդ անվտանգ
Եթե նույնիսկ չնչին նշաններ ես նկատում, որ ընկերդ կարող է վտանգ ներկայացնել, հետևիր այս քայլերին
Ընտրիր անվտանգ վայր:
Կարող ես որոշմանդ մասին նրան հայտնել հեռախոսով, իսկ եթե որոշել ես ամեն դեպքում տեսնվել, հանդիպիր մարդաշատ վայրում կամ խնդրիր ընկերներիցդ որևէ մեկին, որ ուղեկցի քեզ:
Պատճառը քեզ վերագրիր:
Նրան մեղադրելու փոխարեն ասա. «Ինձ մոտ չի ստացվում»: Կարճ կապիր. բացատրություններ տալու կարիք չկա:
Պաշտպանիր քեզ online:
Փոխիր գաղտնաբառդ, էջիդ կարգավորումները թարմացրու, վերանայիր ստատուսդ և հեռացրու նրան ընկերներիդ ցանկից որքան հնարավոր է շուտ:
Տեղեկացրու նրա մասին ընկերներիդ ու հարազատներիդ:
Վերջիններս հեռու կպահեն նրան, երբ փորձի գտնել քեզ: