Բարձրահարկ շենքի տանիքը հարթ է:
Մաքուր ավլած:
Վերջին հարկում ապրող Տղան ամեն առավոտ բարձրանում է տանիք` օրվա իր առաջին սուրճը վայելելու:
Քանի անգամ է մայրը զգուշացրել, որ ուշադիր լինի:
Ամբողջ Երևանն իր առջև է լինում:
Հաճախակի աղավնիներ են թռչում-գալիս: Սպիտակ , գեղեցիկ, նազելի այդ թռչուններն ամեն առավոտ հույզ են առաջացնում:
Առավոտյան իր մենակությունը միշտ խախտում է փոքր քույրը, երբ բարձրանում է տանիք, նստում քիչ հեռու ու իր նման դիտում լուսաբացն արդեն դիմավորած, արթնացող Երևանը: 

- էլի՞ եկար, քանի անգամ եմ ասել:
- Քեզ խանգարո՞ւմ եմ, մի հարց ունեմ, կպատասխանե՞ս:
- Գնա´, դպրոցից կուշանաս:
- Դու Մարիին էլ չե՞ս սիրում: Արդեն քանի օր է, չեմ լսում, որ բարի լույս ասես նրան այստեղից:
- Դու հետևո՞ւմ ես ինձ: Կորի´ր աչքիցս:
Տղան փորձ արեց տեղից բարձրանալու, քույրը փախչեց:
Մի աղավնի նստեց քիչ հեռու: Մնացածից տարբերվում էր իր կապտագույնով ու կարմիր թևերով:
Երկա~ր նայեց աղավնուն: Ու աղավնին աչքին մեծացա~վ, մեծացա~վ, ընդունեց մարդկայինին մոտ կերպարանք:
- Նայո՞ւմ ես: Գեղեցի՞կ է:
- Այո, շատ: Իսկ Դու ո՞վ ես:
- Բոլորն ինձ կոչում են ԻՄ Սեր: Մի բան ասեմ քեզ, եթե կլսես: Պետք է ոչ միայն նայել, այլև տեսնել: Այդ ժամանակ միայն կզգաս, թե գեղեցիկն ինչ է:
- Տեսնում եմ, չէ՞, որ լույս է, մութ չէ, - Տղան ծիծաղեց:
- Տեսնո՞ւմ ես ,- մատով ցույց տվեց հեռո~ւ- հեռո~ւ, որտեղ միայն ամպերն էին,- այն շենքը, որի պատերն ապակուց են:
- Ո´չ, այնտեղ ոչինչ չկա, չեմ տեսնում:
- Իսկ ես տեսնում եմ: Նայիր, վեցերորդ հարկի պատուհանի գոգին մի ծաղկաման է` երկու ծաղիկներով, տեսա՞ր:
- Ո´չ, - Տղան տխրեց, որ չի տեսնում:
- Ծաղիկներից մեկի մի տերևը շոշափում է մյուս ծաղիկի ցողունը, մի՞թե չես տեսնում: Նա գրկել է մյուս ծաղիկին, դա Սերն է, որ շատ պարզ երևում է:
Ես տեսնում եմ նաև, որ քո մեջ էլ կա սեր, բայց ինչպես հարկն է արտահայտված չէ:
- Ինչպե՞ս, չէ՞ որ իրոք ես նրան սիրում եմ, ուղղակի մի քիչ վիճել ենք:
- Ո´չ, դա ուրիշ է: Նայի´ր, նայի´ր Ճարտարագիտական համալսարանի հինգերորդ մասնաշենքի ուղղությամբ, քիչ ձախ և երկու շենք այն կողմ: Տեսա՞ր պատուհանի մոտ կանգնած աղջկան, որի` հեռո~ւ –հեռո~ւն սևեռված աչքերը թաց են: Նա՞ է:
- Ո´չ, չեմ տեսնում: Դու իրակա´ն չես: Տանջում ես ինձ : Ու չեմ հասկանում ինչու:
- Լա´վ, մի բան գրիր թղթի վրա, ես կտանեմ նրան, բայց էլ ինձ չես տեսնի, եթե նա չպատասխանի:
Տղան արագ իջավ ու բերեց թղթի մի կտոր, որի վրա գրված էր. <Ի՞նչ ես անում>:
Կերպարանքը վերածվեց աղավնու, կտուցով բռնեց թուղթն ու թռավ:
Երկար սպասեց Տղան, բայց ոչինչ տեղի չունեցավ:
Երբ ցանկացավ վեր կենալ ու գնալ, տեսավ հեռվից դեպի իրեն թռչող կարմրաթև աղավնուն:
Ավետաբերը նստեց տանիքին, կտուցից բաց թողեց թուղթը:
<Սպասում եմ, որ զանգես, սիրում եմ>:
Տղան աչքերին չէր հավատում, Մարիի ձեռագիրն էր:

- Ուզո՞ւմ ես քեզ թևերիս Նրա մոտ տանեմ:
- Իսկ եթե ընկնե՞մ: Կընկնե՞մ:
- Դե, դեպքեր եղել են, բայց սիրո՞ւմ ես չէ:
- Սիրում եմ, բայց վախենում եմ:
- Դա վերջի՞ն խոսքդ է:
Տղան չպատասխանեց:
Աղավնին թռավ-գնաց:

* * *
Պատուհանի գոգին նստեց Կապույտ երազների գույնի, Սիրո կարմիր թևերով աղավնին:
Մարին ձեռքի ափում ցորենի հատիկներ պարզեց նրան:
- Չբերեցի՞ր Նրան, - Մարին տխրեց:
- Չէ´, չստացվեց:
- Ես էլ եմ ուզում քեզ պես ուժեղ լինել, թռչել, գնալ Նրա մոտ:
- Դու գիտե՞ս որն է իմ ուժեղ լինելու գաղտնիքը:
- Դու պետք ես մարդկությանը: Առանց Սիրո ի՞նչ Մարդկություն:
- Ո´չ, որովհետև ես կարող եմ Ներել:
- Ներե՞լ, նույնիսկ Դավաճանությո՞ւնը:
- Այո, որովհետև դավաճանությունը անիմացությունից է, ոչ թե չար մտքից:
- Կարո՞ղ ես ներել Սուտը:
- Դա ամենահեշտն է, որովհետև սուտն անելանելիությունից է , կամ առանց ցավ պատճառելու միտումի…
- Բայց կան սուտասան մարդիկ…
- Նրանք ինձ հետ կապ չունեն, այդպիսիք սիրել չգիտեն:
- Էլ ի՞նչ կարող ես Ներել:
- Կարող եմ ներել Չարիքը, քանի որ նրա կյանքը կարճ է: Կարող եմ ներել Վշտից առաջացած վիրավորանքը, քանի որ նա մաքրում է հոգին: Կարող եմ Ներել Հիասթափությունը, քանի որ նրան հետևում է Տառապանքը, որն ամոքում է բոլոր ցավերը:
- Այսինքն` ամեն ամեն ինչ, ես ճի՞շտ հասկացա քեզ: 
- Ո´չ, ո´չ ամեն ինչ: Կա մի բան, որի հասցրած ցավը ստիպում է դառնալ ինքնամփոփ ու մեկուսի, նույնիսկ հրաշքը չի կարող ապաքինել: Այն ուժեղ է Դավաճանությունից և բազմիցս հզոր` Ստից ու Վիրավորանքից:
Ա´յ, նրա առաջ ես անզոր եմ ու միշտ պարտվում եմ:
- Ի՞նչ է, կասես ինձ:
- Անտարբերությունն է, որի դեմ սպեղանի չկա:
Ուզո՞ւմ ես քեզ թևերիս Նրա մոտ տանեմ:
- Այո´, ուզում եմ:
- Դու չե՞ս վախենում ընկնելուց:
- Քո թևերին ես վախ չունեմ:
- Դա վերջի՞ն խոսքդ է:
- Այո,- ասաց Մարին ու բարձրացավ աղավնու թևերին:
Աղավնին թռավ ու տարավ:


* * *
Տանիքում մարդ չկար:
Երբ իջան, աղավնին ասաց.
- Ես քեզ չեմ կարող հետ տանել, շտապում եմ, ինձ դեռ շատ սպասողներ կան: Քեզ հաջողություն:
Մարին մի ապարդյուն փորձ արեց բացելու դեպի աստիճանավանդակ տանող տանիքի դուռը:
Նստեց հենց տանիքին`Տղայի տեղում:
Հավաքվեցին աղավնիներ տարբեր գույների`սպիտակ, գորշ շագանակագույն, սև….
Կարմրաթև, կապտավուն աղավնին չկար դրանց մեջ:
Աղավնիները սկսեցին կտցահարել ինչ-որ թղթի կտոր, որը ծանոթ թվաց Մարիին:
Քշեց աղավնիներին, բարձրացրեց բազմիցս կտցահարված իր փոքրիկ նամակը` բերված Սիրո թևերով:
Հազիվ կարողացավ կարդալ սեփական ձեռագրով գրված երկտողը, որի վրա երևում էին միայն < Սպասում ………… սիրում….. > բառերը:
Սկսեց լաց լինել:
<Մի՞թե չզգացիր, ես գալու էի, ես չեմ կարող լինել քեզ պես անտարբեր, ես անպայման կպահեմ ինձնից հեռանալու փորձ անող սերը, ես կշրջանցեմ ամեն խոչընդոտ իմ ճանապարհին, … ես իմ փխրուն ձեռքերով կփշրեմ ամեն արգելք…..>
Հետո վեր կացավ, ուղղեց մազերը, շրջազգեստը, մոտեցավ տանիքի ծայրին, գրպանից հանեց հեռախոսը: Զագեց, ու չսպասելով որ տղան խոսի, ասաց.
- Գալի~ս եմ:
Շպրտեց հեռախոսը մի կողմ:
Ձեռքերը պարզեց երկինք ու քայլեց տանիքից…

* * *
Հեռախոսի զանգն արթնացրեց:
Կիսափակ աչքերով Տղան վերցրեց հեռախոսը:
- Մարի՞, - չէր սպասում, որ առաջինը կզանգի:
- Քնա՞ծ ես, վաղուց լուսաբաց է, այսօր չե՞ս եղել տանիքում:
- Ո´չ, գիշերը ուշ եմ եկել, վթար կար աշխատանքի տեղում:
- Չգիտեմ, ինձ չի հետաքրքրում: Վեր կաց, գալիս եմ…..

* * *
Բարձրահարկ շենքի տանիքը հարթ է:
Մաքուր ավլած:
Երեկո է:
Տանիքին նստած են Տղան ու Մարին:
Մարին գրկել է Տղայի ուսը:
Տղայի քույրը սկուտեղի վրա (դանդաղ որ չթափվի) բերում է սուրճի երկու բաժակ:
- Մարի´, մի բան հարցնե՞մ, եղբայրս ինձ չի պատասխանում:
- Հարցրո´ւ, եթե կարողանամ….
- Ի՞նչ է Սերը:
- Քեզ դեռ շուտ է նման հարցեր տալը, սուրճը բերեցի´ր, գնա´:
Մարին նայեց աղջնակին:
- Սերը Ոչինչ է:
- Ինչպե՞ս, չէ՞ որ այդքան գրում են: Մեկ գրում են հավերժություն է, մեկ գրում են ակնթարթ է, գրում են, որ այրում է կրակի նման կամ սառեցնում ձյան պես: … Բարձրացնում է քեզ, իջեցնում…տանջում, ուրախացնում, թևեր է տալիս, կտրում թևերդ…
- Դա որ նկարագրում են, ամեն ինչն է, Մարդը:
- Այսինքն Սերն Ամեն ի՞նչն է:
- Այո´:
- Չհասկացա´: Մեկ ասում ես Ոչինչ է, մեկ ասում ես Ամեն ինչ է, ինձ ծաղրո՞ւմ ես:
Աղջնակը կախեց շրթունքը:
- Ո´չ, չեմ ծաղրում: Կամ Ամեն ինչ, կամ Ոչինչ, դա է Սերը:
- Նայի´ր, նայի´ր, ի~նչ գեղեցիկ աղավնի է,- աղջնակը ցույց տվեց դեպի վեր:

Գլխավերևում պտտվում էր մի կապտագույն աղավնի` կարմիր թևիկներով:
Մարին ու աղջնակը հիացմունքով նայում էին ճախրող աղավնուն ու ձեռքով էին անում:
Տղան գլուխը կախ նայում էր ոտքերի մոտ դրված սուրճի բաժակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել