- Ու ինչպե՞ս ես դա շուտ չէի հասկացել:

- Ի՞նչը:


- Այն, որ  ըկերներ չունեմ:


- Հը~մ: Ու ո՞րն է քո նման եզրահանգման պատճառը:


- Պատճառը ես եմ: Պատճառն իմ փոփոխականությունն ու պահանջկոտությունն է մարդկանց նկատմամբ: Պատճառն իմ`մարդկանց իդեալականացնելու ու իդեալներից մեկ ակնթարթում հիասթափվելու կարողությունն է: Պատճառն իր արմատներով ամբողջապես  իմ մեջ է. ինձ դժվար է անկեղծանալը, ուրախ ձևանալը / իսկ մարդիկ տխուրներին չեն սիրում, իրականում նրանց  Ի՞նչ է պատահել հարցի տակ թաքնված է հասարակ թքած ունեմ-ը /, ինձ դժվար է ներելը` սրտանց ներելը: Կողքիս կանգնած հարյուրավոր մարդուկներից և ոչ մեկը չի ընկալում ինձ, ինչպես և ես նրանց: Ու միակ ցավալին այն է, որ ծաղկուն տարիքում նման միայնությունը կարող է նույնիսկ գերել, իսկ հետո՞... էսպես քանի՞ տարի, մինչև ե՞րբ: 


  Պատճառն ի վերջո նրանք են. նրանց պարզունակ ուրախություններն ու պարզունակ տխրությունները, նրանց հատկությունը ձանձրացնելու, վիրավորելու, նրանց տաղանդը անմեղ ձևանալու: Պատճառը մենք ենք...Ասում են` մարդկանց միշտ պետք է տալ նրանց պահանջածը, բայց պահանջել պետք է միայն այն, ինչ համապատասխանում է նրանց ընդունակություններին: Ինչքա~ն քիչ բան ունեմ պահանջելու: Իմ հանդեպ միշտ սառում են, որովհետև ինձ հետ բարդ է, ու ես եմ սառում, որովհետև ինձ համար բարդ են հեշտն ու հեշտ հարաբերությունները: Ես ատում եմ, երբ չգիտեն, թե խոսելիս որ գրքերից եմ մեջբերումներ անում, ու նաև ատում եմ իմ` նրանց հումորը հասկանալու տհասությունը: Ես ատում եմ նրանց ` սրճարաններով երջանկանալու ունակությունն ու իմ` սրճարաններով երջանկանալու անկարողությունն եմ ատում: Ի վերջո պատճառը իմ նախանձն է նրանց  հեշտալի կյանքի հանդեպ ու իմ անկարողությունն է ինքս ինձ փոխելու: 

- Էդ դեպքում ի՞նչ ես ուզում էսքանից հետո:

- Էսքանից հետո՞: Էսքանից հետո ես դեռ շարունակում եմ ընկերներ ուզել, ընկերներ, որոնց չունեմ: Ուզում եմ, որ ասմունքածս բանաստեղծությունը շարունակող լինի, որ շրթներկիս գույնով տրամադրությունս կարդացող լինի, որ պարզապես մեկը լինի... ուզում եմ, որ չսառի, արդյունքում ինձ չձանձրացնի ու իմ տարօրինակությունից չձանձրանա: Ինձ ընկալող եմ ուզում, կլանող  ու կարոտող եմ ուզում, ուզում եմ... ընկեր եմ ուզում` ֆիլմից կամ գրքից կյանք ընկած ընկեր: Ինձ համար օրինակ ծառայող եմ ուզում , բարդությունից չվախեցող ու հեշտությունն ատող մեկին եմ ուզում: Վեճից չխուսափող ու վեճից չհիասթափվող մեկին եմ ուզում: 


- Հը~մ...անհնարին բան ես ուզում:


- Գիտեմ... մոնտաժված ֆիլմ եմ ուզում ընկերության մասին, որտեղ չստացված կադրերը շպրտված են: Ուտոպիա եմ ուզում...գիտեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել