Cosmo.am-ը գրում է․
«Ես 23 տարեկան եմ: Առաջին անգամ գինեկոլոգին այցելելու անհրաժեշտություն ունեցա մոտ երեք ամիս առաջ: Ու երեք ամիս շարունակ ինքս ինձ համոզում էի հաղթահարել վախերս. թե՞ ամաչում էի... չգիտեմ: Վերջը գնացի: Բժշկին գտա իր սենյակում` մի քանի բժիշկ-ընկերուհիների ու բուժքույրերի հետ:
«Դե ասա, ինչ գանգատ ունես»,- անմիջապես սկսեց նա: Շփոթվեցի, կարմրեցի ու ասացի, որ առանձին եմ ուզում խոսել: Բժշկի «ընկերուհիներն» էլ անմիջապես սկսեցին հայացքներ փոխանակել: Նրանցից մեկը մեր կողքի շենքից է»:
Գրի առավ` Գայանե Գալստյանը
Աննան մեր այն հերոսուհին է, ով խիզախություն ունեցավ գինեկոլոգի մոտ այցելության առաջին փորձառությամբ կիսվել մեզ հետ: «Թվում է` փոքր բան է, այցելություն գինեկոլոգին, ի վերջո, նման այցերը պիտի պրոֆիլակտիկ նշանակություն ունենային և ոչ թե 23 տարվա մեջ մեկ անգամ միայն: Բայց արի ու տես...»,- կարմրում է Աննան:
Մարինեն` Աննայի ավագ քույրը, ով ընկերակցում էր նրան հարցազրույցի ժամանակ, ծիծաղելով ավելացնում է. «Մայրիկս պատմում է, որ իրենց սերունդը գինեկոլոգի մոտ աշխատում էր ուշ երեկոյան գնալ, որպեսզի հիվանդանոցներում ծանոթ մարդիկ չհանդիպեն, չկասկածեն, չբամբասեն` ասելով` բա իմացա՞ր, անցած շաբաթ գինեկոլոգի մոտ մեր հարևան Նարինեի աղջկան տեսա, տեսնես՝ ինչի էր եկել: Ու գնացին էպոսները...»:
Իր մագիստրոսական թեզի վրա աշխատող Մարինեին ամենից շատ զարմացնում է հատկապես այն, որ ժամանակների հետ բարձրանում է կանանց գրագիտության աստիճանը, և Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթություն ստացող մարդկանց կեսից ավելին հենց կանայք են, սակայն, այս նույն գրագետ կանայք 3 ամիս շարունակ դեռ վախեր պիտի հաղթահարեն գինեկոլոգին կարճ այցելության համար ու դրանով իսկ բարդացնեն իրենց առողջական վիճակը:
«Խնդիրը մեծամասամբ սոցիալ-մշակութային է,- պարզաբանում է հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը: -Մարդը, ապրելով տվյալ հասարակության մեջ, վերջինիս կրողն է դառնում ու զիջում իր դիրքերը դոմինանտ կարծրատիպային մտածողությանը, ինչն էլ առաջ է բերում նույն գինեկոլոգի մոտ գնալու վախը, տագնապն ու ամոթը»:
Ըստ հոգեբանի` այսօր հասարակությունում մի շարք արատավոր պատկերացումներ կան այն մասին, որ միայն ամուսնացած կինն է այցելում գինեկոլոգի, իսկ չամուսնացած կնոջ այցելությունները դիտվում են որպես կասկածելի, ընդհուպ մինչև հակաբարոյական քայլ, քանի որ նրա այցելություններն անմիջապես ասոցացվում են կուսությունից զրկված լինելու հետ: «Մինչդեռ, պարզվում է, մրսածության պատճառով այցելուն լուրջ կանացի խնդիրների առջև է կանգնած ու զոհաբերում է սեփական առողջությունը հասարակության կարծիքին»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը:
Գինեկոլոգ Նելլի Աբգարյանը խնդրին մեկ այլ բացատրություն է տալիս: «Հայաստանում պարզապես բացակայում է այն կարևոր ինստիտուտը, որ ցանկացած առողջական խնդիր ունենալու դեպքում պետք է դիմել բժշկի, և ոչ թե սպասել, մինչև դանակը հասնի ոսկորին: Մեզ մանկուց պետք է այնպես դաստիարակեն, որ գինեկոլոգի, ինչպես նաև մյուս բժիշկների մոտ գնալը ավելի քան նորմալ է, և առհասարակ առողջությանը հետևելը անհրաժեշտություն է»,- ասում է նա:
Ըստ գինեկոլոգի` հիվանդներն այսօր մեծամասամբ ուշադրություն չեն դարձնում մրսածության պատճառով կանացի օրգանների բորբոքումներին, դաշտանային խանգարումներին` մտածելով. «Դե ո՞վ ցավեր չունի»: «Իսկ նկատե՞լ եք, այսօր Հայաստանում ամեն երրորդ երիտասարդ կինը ծանր հղիություն է տանում ու բարդագույն խնդիրների առաջ կանգնում: Հասկանում եք, չէ՞, որտեղից է խնդիրը գալիս»,- ասում է Նելլի Աբգարյանը:
Հետաքրքիր է, որ ըստ գինեկոլոգի, այսօր Հայաստանում նույնիսկ ամուսնացած կանանց մոտ գինեկոլոգին այցելելու բարդույթ կա: «Հիվանդներս պատմում են, որ ամեն շենքի բակում ու ամեն պարապ-հետաքրքրասեր հարևանի մոտ անմիջապես ծագում է «երևի երեխա չի ունենում», «երևի հիվանդ է», «երևի ամուսինը «ձախ» է գնացել ու վարակել հիվանդություններով» առասպելը»,- ասում է նա: Նա նաև ավելացնում է, որ հաճախ իրեն խնդրում են բժշկական խորհրդատվություն իրականացնել ոչ հիվանդանոցի տարածքում:
Սեռական առողջության հարցում հաջորդ ցիկլը սեքսոլոգին այցելություններն են, ու սեքսոլոգ Աննա Սարգսյանը նշում է, որ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ քիչ է հանդիպել հիվանդների, ովքեր հեշտությամբ, առանց որևէ բարդույթների են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին: Սակայն նա համեմատաբար լավատես է:
«Խնդիրը դանդաղ, բայց աստիճանաբար սկսում է լուծվել, ինչը կրկին կապված է կրթական մակարդակի, սեռական դաստիարակության հետ: Մարդիկ սկսում են գիտակցել, որ անկողինը իրենց անհատական ու հասարակական երջանկության կարևոր մասն է կազմում, ու ծագած խնդիրների լուծումը ավելի քան կարևոր է»,- նշում է նա:
Մեր հերոսուհի Աննան գտել է հարցը լուծելու իր բանաձևը: «Մեդալը միշտ երկու կողմ ունի: Հաճախ կարող ես «հրաշալի» ընդունելության հանդիպել բժշկի սենյակում: Կամ հերթի մեջ կանգնած հիվանդներն ուղղակի կարող են շարվել բժշկի բաց դռան առաջ, իսկ դու պետք է այդ պահին հաղթահարես առանց այն էլ քեզ համար դժվար պահը ու համայն հայության առաջ խոսես խնդրիդ մասին... Սակայն պետք է հստակ գիտակցել, որ դա ընդամենը սովորական այցելություն է և հանգիստ խնդրել ձեզ մենակ թողնել՝ առանց նույնիսկ անհանգստանալու»:
Նա նաև ավելացնում է. «Ի վերջո, հո չի՞ կարելի առողջությունը կորցնել, ինչ է՝ հարևաններին թեմա չտանք: Եթե մեր վիճակը բարդանա, հո հարևանները մեզ շքանշան չե՞ն տա` որպես հասարարական անառողջ կարծիքի մեծն նահատակ: Նահատակվել պետք չէ, ապրել է պետք առողջ մարմնով` առողջ հասարակությունում»:
Հ.Գ. «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» հ/կ-ի իրավաբան Վիոլետա Զոփունյանի խոսքով՝ համաձայն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների» մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ բժշկական խորհրդատվություն և ծառայություններ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում, ինչպես նաև ինքնուրույն տնօրինել իր սեռական ու վերարտադրողական կյանքը, եթե դա չի վտանգում այլոց առողջությանը...
Իսկ իրավաբան Հովհաննես Հովհաննիսյանն ավելացնում է, որ խնդիրը կարգավորվում է նաև բուժաշխատողների էթիկայի կանոնագրքով, ներքին կարգապահական կանոնակարգերով, և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև ՀՀ Քրեական օրենսգրքով: