10859721_10152915035089568_1181381911_n

Տարին գոնե երկու անգամ, ծննդյան օրը՝ հունիսի 14-ին և դեկտեմբերի 20-ին` մահվան օրը, իմ քույր Էմման մեզ՝ իր ընտանիքին, մեր ընտանիքներին ու էլի հարազատների, շարունակում է հավաքել ֆիզիկական միջավայրում, ու մենք, մեր երեխաները, թոռները, միասին ենք նորից… խնկարկում ենք: Էմմայի շիրմին խնկարկելուց հետո մենք Նազենի աստղ Հովհաննիսյանի բնակարանում, խելացի-խնամված հյուրընկալությամբ, մարդկային շփման վայելքի մեջ էինք: Նազենին շնորհքով է և խելացի խոհանոցում ևս. առանց ջանքի երկու աման հարիսա կերանք: Նազենին, տեսե´ք` ինչ տնտեսող է. նկարահանում ունի. Ես աշխատանքի եմ, Լիլիթն ու Շուշոն՝ ձայնագրման… 2-3 ժամը սեղանի շուրջ, լիարժեք բավարար էր հաղորդակցվելու, իրար ուժ տալու, Հովհաննիսյան-Բլեյան մեկ դառնալու… Քրոջս հավատարմությամբ ու երախտագիտությամբ հատուցելու… Նազենին լավ ընկեր է. Սոֆի Մխեյանը, Դավիթը` մեր տան անդամների նման հարազատ, կարևոր…

Այսպես իմ քույրը շարունակում է իր կյանքի գործը՝ հսկում-խնամում է մեզ, միավորում, նորոգում հարազատական կապերը, մարդկային ջերմություն փոխանցում: Իմ քույրը այսպես, իր լավագույն մարդկային որակներով փոխանցում է՝ Նազենի կրտսերին, Գոռին-Սերժին, Դավիթ Բլեյանին, ով Էմմա հորաքրոջ օրհնությունն ունի, ով կազդի «Էհե՜յ, Դավի՜թ, որտեղ ես դու…» կանչով, նեղության մեջ յուրաքանչյուրին հասնելու, ով ազդում է այսպիսի հավաքներին իր անխտիր մասնակցությամբ, իր աստղը զորավոր դարձնելով…

«Գնա մեռիր՝ արի սիրեմ»-ը, որ հայոց մեջ շատ է գործածվում, Էմմայի համար չէ, հաստատ. Իմ անուշիկ քույրիկը նշանակալից-գնահատված-պահանջված եղել է միշտ… Ափսոս, որ որպես ճամփորդ` իմ ու Էմմայի ընկերությունն ընդհատվեց… ու սկիզբ առան, կենդանի են մեր հուշերը… Որքա՜ն իմաստավոր կդառնար մեր` Արցախից հետո նախատեսած ճամփորդությունը դեպի հին Բայազետ ու Վան, մեր ապուպապերի երկիր…

Մարդը՝ իր բոլոր արժանիքներով, իր ողջ հասակով, իր իրավունքներով ներկայանում է մահից հետո… երբ կարող է մոռացվել, չազդել… չլինել… և կարող է լինել… Էմման, տեսե՛ք, երեք սերնդիս էլ ներկայանում է չմարող, բարձրացող իր լույսով… Իմ պայծառ, անուշիկ քույր Էմմա, միշտ շնորհակալ եմ, որ կաս իմ ու իմ երեխաների՝ իմ ընտանիքի կյանքում…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել