Տուրիզմն այն ոլորտներից է, որին շատ քիչ եմ անդրադարձել, ուստի այս թեման նվիրվում է տուրիզմին: Այսօր մեր շուրջն ամենուր գովազդ է, և նրանից հնարավոր չէ փախչել: Իսկ ինչպե՞ս կազմակերպել, որ գովազդը շատ ծախսատար չլինի, բայց ունենա բարձր արդյունավետություն: Տուրիզմում կամ ընդհանրապես բիզնեսում ամենակարևոր գովազդային կրիչներից մեկն այցեքարտն է: Դե եթե անկեղծ լինեմ, տուրիզմի ոլորտում դեռ տպավորիչ այցեքարտ ինքս չեմ տեսել, բոլորը ստանդարտ են, իսկ բիզնեսում ամենակարևորը տարբերվելն է, եթե տարբերվում եք, ապա Ձեզ հիշում են: Ստանդարտ այցեքարտում լինում է անուն, ազգանուն, պաշտոն, ընկերության լոգոն և անվանումը, կոնտակտային տվյալները: Եթե Ձերն էլ է այսպիսին, ապա մտածեք փոփոխության մասին: Ինչու՞:
Որովհետև Ձեր այցեքարտը գովազդային կրիչ չէ, իսկ այն իրականում պետք է կրիչ լինի: Դուք տուրիզմի ոլորտում եք, և մարդկանց այդքան էլ չի հետաքրքրում, թե Ձեր անունն ինչ է, ուստի մտածեք, թե ինչ հաճելի էմոցիա կարող եք նրանց փոխանցել այցեքարտով: Ցանկալի է օգտագործել այցեքարտի երկու կողմն էլ, որոնցից մեկում էլ կարելի է ներկայացնել այն առավելությունները, որոնք Դուք տալիս եք: Օրինակ՝ այցեքարտի հակառակ կողմում կարող եք նշել, որ եթե նրանք այցելեն Ձեր գրասենյակ, ապա ինչ-որ նվեր, անակնկալ, կամ բոնուս քարտի հնարավորություն կտրվի: Պատճառն այն է, որ դեմ դիմաց հայտնվելով՝ Դուք Ձեր մասին կարող եք հիանալի տպավորություն թողնել և վաճառել այն, ինչն անհրաժեշտ է մարդկանց:
Կամ կարող եք ստանդարտ այցեքարտի ետևում գրել «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ սուրճ ըմպել և տրամադրել հետաքրքիր տեղեկություններ հետևյալ հասցեում ու ներկայացնում եք Ձեր հասցեն»: Այն իրականում տարբերվում է բոլոր ստանդարտ այցեքարտերից և ինչ-որ հետաքրքրություն է առաջացնում կարդացողի մոտ, քանի որ ոչ մի տեղ նման կերպ չէր տեսել հասցեի վերնագիր: Այցեքարտն ուժեղ գովազդային կրիչ է, պետք է այն որքան հնարավոր է արդյունավետ օգտագործել: Որքան շատ հաճախ հանդիպեք, այնքան ավելի հեշտ կկարողանաք վաճառել Ձեր ծառայությունները:
Հաջորդ քայլը, որ կարելի է առանց որևէ մեծ գումարների կատարել, Ձեր գովազդային հարթակը մյուսներին տրամադրելն է: Հիմա կասեմ, թե ինչպես: Ենթադրենք Ձեզ հարկավոր է հաշվապահական ծառայություն, կամ էլ ասենք կահույք: Դուք կարող եք այդ ընկերություններին հայտ ուղարկել, որ հետաքրքրված եք իրենց ապրանքներով, կամ ծառայություններով և նրանք նամակով Ձեզ ուղարկեն առաջարկները ճի՞շտ է: Այդ բոլոր նամակներին պատասխանելիս, Դուք կարող եք գրել, որ իրենց համար ունեք հատուկ առաջարկ և արդեն անսպասելի ծանոթացնեք Ձեր փաթեթներին: Այն անվճար է և ուղղակի ուղարկվում է գումար ունեցող մարդկանց: Միևնույն ժամանակ չմոռանաք տեղադրել նաև Ձեր կայքի հղումն ու սոց. ցանցերում Ձեր էջերը: Ընդամենը մի թեթև հնարքով բազմաթիվ մարդկանց տեղեկացնում եք Ձեր ծառայության մասին: Գումար ծախսեցի՞ք, իհարկե ոչ:
Օրինակ՝ Վլադիվաստոկում գտնվող տուրիստական ընկերություններից մեկն իր ռազմավարության մեջ այսպիսի մի նախագիծ ուներ, որը զգալիորեն ավելացրել էր վաճառքները: Նրա բոլոր աշխատակիցները հավաքում էին մեծ ընկերությունների հիմնադրման տարեթվերն ու օրերը և յուրահատուկ կերպով վերաբերմունք էին ցույց տալիս այդ օրերին: Մինչ ընկերության հոբելյանական օրը, դրանից մոտ 2 ամիս առաջ տուրիստական ընկերությունը շատ գեղեցիկ նամակով շնորհավորում էր և առաջարկում, որ կարող են իրենց կորպորատիվ երեկոն անց կացնել ինչ-որ հանգստյան տանը, կամ էլ արտասահմանում: Ինչու՞ 2 ամիս առաջ, որովհետև մեծ ընկերություններում մինչև տեղեկատվությունը հասնում է վեր, որոշում է կայացվում և այն, ապա շատ ժամանակ է անցնում: Եվ արդյունքում տուրիստական ընկերությունը միշտ շահում էր և ձեռք էր բերում ոչ միայն նոր, այլ նաև հավատարիմ հաճախորդներ:
Տուրիստական գործակալություններից մեկն էլ համագործակցում է մի ընկերության հետ, որը թատրոնի տոմսեր է առաքում տներ: Առաքիչը պատվիրված տոմսի հետ տանում է նաև գործակալության բուկլետները: Կարծում եմ այդքան էլ մեծ ծախս չէ, սակայն եթե նրանք արդեն երկար տարիներ համագործակցում են, ուրեմն արդյունքն ակնհայտ է: Կրկին խոսքը ոչ մեծ բյուջեի մասին է: Իսկ տուրիստական գործակալությունն էլ իր հերթին իր հաճախորդներին տալիս էր թատրոնի տոմսեր, որոնք նախապես իրեն էր ներկայացրել թատրոնի տոմսեր վաճառող ընկերությունը:
Հաջորդ գովազդային հարթակն արտաքին տեսքն է: Գրեթե բոլոր տուրիստական գրասենյակների դիմաց փակցված է նույն տեղեկատվությունը, ոչ ոք չի մտածում ինչ-որ արտառոց կերպով տարբերվելու մասին: Սակայն կարելի է ընդամենը մի փոքրիկ օդապարիկ կախել, իսկ օդապարիկի տակ ներկայացնել իրենց փաթեթները: Ի՞նչ եք կարծում ուշադրություն չի՞ գրավի: Այն էլ ինչպես, եթե նայենք Մաշտոցի պողոտայում գտնվող խանութներից մեկին, ուղղակի գովազդից խուսափելով անուն չեմ գրում, ապա նա միայն իր յուրահատուկ, կանչող արտաքին գովազդներով ներս է հրավիրում մարդկանց: Ինքս, լինելով մարքեթինգի մասնագետ ու իմանալով, որ թակարդ է, միևնույնն է երբեմն մտնում եմ:
Մյուս պարագայում եթե հաճախորդը Ձեր ծառայությունից օգտվել է դեկտեմբերին, ապա նրան քարտ տվեք, որը մյուս տարվա օգոստոս ամսվա համար լինի, այսինքն միայն օգոստոսին քարտը ներկայացնելով՝ նա կարող է ենթադրենք պատվիրել ինչ-որ տուր, իսկ սնունդն անվճար է լինելու, կամ ինչ-որ լրացուցիչ ծառայություն անվճար է լինելու: Մի թողեք, որ հաճախորդները Ձեզնից հեռանան, լրացուցիչ իմպուլս տվեք, որ հաջորդ տարի նույնպես դիմեն Ձեզ:
Շարունակելի…