* * *
Այգու նստարանին նստած աղջկա ձեռքում մի ծաղիկ է` կոտրված ցողունով:
Նյարդային շարժումներով խաղում է ծաղիկի հետ:
- Հանգի´ստ թող, ծաղիկը մեղք չունի:
- Բայց ինչո՞ւ, ի՞նչ կա դրա մեջ, արդեն մեկ տարի է, մամայիս խաբում եմ` այսօր, վաղը, մեկ շաբաթից: Մի´ նեղացիր, բայց վաղը մեզ սպասում են: Սա էլ իմ անձնականն է: Գիտեմ, որ մոտդ չկա:
Պայուսակից հանեց քսան հազարանոց թղթադրամն ու դրեց տղայի ծնկներին:
- Չեմ կարող, հասկանո՞ւմ ես, ես այնքան խնդիրներ ունեմ, որ այսպիսի տրամադրությամբ գալ Ձեր տուն առաջին անգամ….
- Ամեն ինչ լավ կլինի, - բռնեց տղայի դաստակը, սեղմվեց տղային:
- Ասում ես, էլի: 
Թղթադրամն անհետացավ տղայի գրպանում:
- Դա´վ, գիտե՞ս երեկ մամաս փորձեր էր անում իմանալու մենք իրար հետ…
Տղան հարցական նայեց աղջկան:
- Երբ իմացավ, որ ոչինչ չի եղել, ասաց` ուրեմն լավ տղա է երևում:
- Իսկ ի՞նչ առնեմ այս փողով, միայն ծաղիկնե՞ր:
- Ինչ ուզում ես: Բայց լավ կլինի մի հատ էլ ծխամորճ, պապաս հավաքածու ունի, սիրում է նման բաներ:
- Հո չե՞ս ասել, որ չեմ աշխատում: Դե գիտես, էլի, որ ժամանակավոր է:
- Չէ, ի՞նչ ես ասում: Համբուրի´ր ինձ: Այնքան լավ է քեզ հետ:

* * *
Մի դեղին <Մերսեդես> էր դանդաղ սահում փողոցով` աչքից բաց չթողնելով տղային:
Տղան կրպակի մոտ կանգնեց: Ինչ- որ բան ասաց վաճառողուհուն ու մի տուփ ծխախոտ վերցնելով` շարունակեց ճանապարհը:

Երեկո էր, երբ Դավիթը մոտեցավ խաղատան մուտքին:
<Այս անգամ հաստատ կշահեմ, թե չէ ինչպե՞ս եմ դուրս գալու այս վիճակից: Նույնիսկ մամայի համար չկարողացա դեղ գնել, գիշերը կտանեմ հաստատ: Բախտն իմ հետ է այսօր, քանի անգամ եմ փորձել Նելլիից խնդրել, բայց միշտ մի բան հետ է պահել: Այս անգամ ինքը տվեց>:
- Դավի´թ, տնօրենն ասել է էլ քեզ ներս չթողնենք, մինչև չփակես բոլոր պարտքերդ:
- Վաղն է վերջանում ժամկետը, համ էլ մոտս փող կա, վերջին անգամ, խնդրում եմ:
- Լավ, բայց վերջում կմոտենաս տնօրենին, քեզ էր հարցնում:
Երբ տղան անհայտացավ ավտոմատ բացվող դռների ետևում, դեղին մեքենայից իջավ մի մարդ ու մոտեցավ անվտանգության աշխատակցին, գրպանից ինչ- որ բան հանեց ու ցույց տվեց վերջինիս:
- Ինչպե՞ս բարձրանամ տնօրենի մոտ:
Աշխատակիցը ցույց տվեց աջ կողմի աստիճանները.
- Երկրորդ հարկ, աջից առաջին դուռը: 

* * *
Ամբողջ թղթադրամը վերածվեց ցանկալի ժետոնների:
<Առաջին քայլը 23-ի վրա եմ դնում, կարմիր գույնի, ես զգում եմ…>
Բախտի սև ձեռքերը պտտեցրին անիծյալ չարխն ու …
Մտքում Դավիթը հաշվում էր. < Մեկ, երկու, երեք,…քսաներկու…>
Գնդիկը կանգ առավ ու տարավ տրամադրության տասներկու հազարանոց երազանքը:
Հետո երկու անգամ էլ փորձ արեց` 18-ը սևի վրա, 9-ը` կարմիրի…
Հետո նորից պարտքով խաղաց: 
< Հիմա արդեն, որ բնակարանն էլ վաճառեմ, չի օգնի >:

… - Ե՞րբ ես փակվելու, արա´ : 
Խաղատան տնօրենի տղան էր` իրեն հասակակից:
Թիկնապահը հետևից ուսերից հրելով նստեցրեց աթոռին:
- Կտամ, դե, հիմա գիտես, չունեմ, մի ամսվա ընթացքում…
- Չէ, քեզ մնաց 20 ժամ, հետո չնեղանաս: Ամուսնացա՞ծ ես:
- Չէ, մամայիս հետ եմ ապրում:
- Բա էն օրվա աղջիկն ո՞վ էր, ջինսից յուբկով, երկար մազերով, որ կանգառում տեսա:
- Իրա հետ գործ չունես, նշանածս է, ես ասացի չէ՞, կտամ մեկ ամսվա…
- Վաղը չտվեցիր, չնեղանաս, ա´ռ, ստորագրի´ր, ընդհանուր պարտքդ է: Կամ էլ նշանածիդ կբերես: 
Դավիթը փորձեց հարվածել, բայց ինքն ընկավ հատակին:
Թիկնապահը, որի ներկայության մասին մոռացել էր` ծիծաղում էր արյունոտ բերանը մաքրող Դավիթի երեսին:

* * *
<Առավոտ, արև, լույս, ինչքա~ն եմ ձեզ սիրում, ի~նչ լավ օր է այսօր>: Այսպիսի մտքերով Նելլին վեր կացավ անկողնուց ու մոտեցավ հայելուն: Ժպտաց իր արտացոլանքին, պտտվեց հայելու առաջ` գրգռելով իրեն ունենալու հայելու ախորժակն ու հագավ Դավիթի սիրած ջինսե կարճ կիսաշրջազգեստը:
- Այսքան քնել կլինի՞, Նե´լլ, ահագին գործ կա:
- Մամ, բա որ պապային դուր չգա՞, երեկ ասացի սիրում եմ, բարկացավ ու առանց ձայն հանելու գնաց քնելու:
- Կգա, դուր կգա, բա ես ինչի՞ համար եմ: Հայրդ ոստիկան է նույնիսկ իր մտածելակերպով, մի նեղացիր: Կարևորը որ սիրում ես:
Նելլին գրկեց մոր պարանոցն ու համբուրեց:
- Չեմ խնայի նրա համար ոչինչ: 
- Լա´վ, լա´վ, շատ բան դու չես հասկանում: 
Հեռախոսի զանգը կարծես օգնության եկավ` երկար- բարակ չլսելու մոր հերթական խրատները:
- Ալլո, Դա´վ, դո՞ւ ես:
- Չէ, լսափողը չգցես, ուշադիր լսի´ր:
- Ո՞վ է, երևի սխալվել եք:
- Նելլի՞ն ես: Չեմ սխալվել, ուշադիր լսի´ր: Քո Դավը մեզ մոտ է, եթե երկու ժամից իր պարտքը չփակի, էլ ընդհանրապես չես տեսնի իրեն: Հասկացա՞ր: Ես կատակ չեմ անում:
- Ի՞նչ պարտք, ինչքա՞ն է, - Նելլին ձայնն իջեցրեց ու անցավ լողասենյակ…
… - Ուզո՞ւմ ես ամեն ինչ լավ լինի, երկու ժամից կգաս, հասցեն գրի …իր պարտքի թուղթն էլ կտամ նախապես:
Հակառակ դեպքում…ի´նքդ որոշիր:
Երբ լողասենյակից դուրս եկավ, չգիտեր ինչ աներ:
- Նե´լլ, ի՞նքն էր, գնում ես դիմավորե՞ս,- խոհանոցից լսվեց մոր ձայնը:
- Հա´, մա´մ, գնում եմ, - անհանգիստ ու անվստահ ձայնը մորը բերեց իր սենյակ:
- Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես գունատ:
- Դավիթի մայրը լավ չէ, մա´մ, շտապ պետք է գնամ: Դու գիտե՞ս որտեղ է Գլինկայի փողոցը:
- Ո´չ, սպասի´ր, հորդ զանգեմ` մեքենա ուղարկի:
- Ո´չ, - բղավեց Նելլին, ու դուռը շրխացնելով, վազեց դուրս:


* * *
Երբ գտավ փողոցն ու մոտեցավ շենքին, այնքան ցրված էր, որ չնկատեց դիմացի մայթին կանգնած դեղին <Մերսեդեսը>:
Բարձրացավ երրորդ հարկ, գտավ ութերորդ բնակարանը:
Սեղմեց զանգի կոճակը:
Երբ դուռը բացվեց, Նելլին չհասցրեց հասկանալ ինչ է կատարվում. հոր ապտակը տապալեց նրան հենց մուտքի մոտ:

* * *
Խաղատունն իր սովորական կյանքով շարունակում էր պտտեցնել ճակատագրերի անիվն ու ամեն անգամ մնում հաղթողի իր դիրքում:
Դավիթի երեսն ամբողջովին կորած էր արյան մեջ: Առջևի երկու ատամներն էլ` կոտրված:
- Ուրեմն լսի´ր, ա´յ ոջիլ, ա´ռ քո պարտքի թուղթը, մյուս անգամ քեզ իմ հոր խաղատանը չտեսնեմ:
Պայմանը սենց է, հիմա կզանգես քո այդ նշանածին ու կժամադրես էս հասցեում: Ինքդ էլ կգնաս ժամադրության, հասկացա՞ր: Ու փառք տուր Աստծուն որ…, - թուղթը հասցեով հրեց դեպի Դավիթը: 
Դավիթին ուրիշ անելիք չէր մնում:

* * *
Նելլին աչքերը բացեց այն ժամանակ երբ հայրը ջուր էր ցայում երեսին:
- Հիմա´ր աղջիկ, բա արժե՞ դրա նմանի համար խորտակել կյանքը:
- Պա´պ, ես…
- Ո´չ մի պապ, հասկանո՞ւմ ես, քեզ ծախեց քո այդ սիրած տղան, հասկանո՞ւմ ես:
- Ես սիրում եմ նրան, հիմա ի՞նչ անեմ: Բայց պետք է խոսեմ նրա հետ, ինչո՞ւ ինձ չէր ասել:
Նա ինձ հետ երբեք այդպես չի վարվի:
- Միամի´տ աղջիկ, հետո կհիշես խոսքերս, բայց արդեն առանց ինձ ոչ մի քայլ:
Նելլիի պայուսակից լսվեց հեռախոսի զանգի ձայնը:
- Մայրդ կլինի, ոչ մի բան չասե´ս, ասա´ հիմա գալիս ենք:
Դավիթն էր:
- Նե´լլ, ես եմ, կարո՞ղ ես մի կես ժամից լինել …….հասցեում, շատ է պետք, քեզ ասելու բան ունեմ:
Դավիթի նշած հասցեն հենց այն հասցեն էր, որտեղ որ Նելլին էր հոր հետ:
Նելլին կատաղած հեռախոսը հարվածեց պատին:
Հարվածի ձայնը համընկավ հոր հեռախոսի զանգին:
- Մայո´ր Մինասյան, լսում եմ: Հա´, մի մեքենա ուղարկիր իմ կոնսպիրտիվ բնակարան: Ո´չ, վարորդս աղջկաս է տուն տանելու:

* * *
Քայլում էր` չկարողանալով հիանալ աշնան գեղեցիկ գույներով, գունավոր տերևներով, հիշում, թե ինչպես մի ժամանակ ինքն էր պատմում Նելլիին տերևների գույների գաղտնիքները:
Ոտքերով հարվածելով տերևներին` հասավ այն նստարանին, որտեղ քանի~- քանի~ անգամ էր ճաշակել Նելլիի աղջկական շուրթերի համը:
Արդեն մեկ շաբաթ է` ամեն օր գալիս է, կանգնում նստարանի մոտ:
Ծնկում է, գլուխը դնում նստարանին:
Հետո ծոցագրպանից զգույշ հանում ու նստարանին է դնում կոտրված ցողունով մի կարմիր վարդ ու խոսում ինքն իրեն:
Թվում է, թե գլուխը դրել է Նելլիի ծնկներին ու խոսում է նրա հետ:
- Չե՞ս խոսում, ինչո՞ւ չես ցանկանում պատասխանել, չէ՞ որ ես մեղավոր չեմ եղել քո հարցում:
Ես հիվանդ էի այդ հիմար խաղերով, միթե՞ դրա համար այսպես պատժում են:
Ես սիրել ու սիրում եմ քեզ: Ես քեզ կսիրեմ, սիրելի´ս, ինչ էլ որ լինի:
Ինչո՞ւ այն օրը չեկար իմ ասած հասցեով:

Այս ութերորդ օրն էլ բացառություն չէր:
…. Չե՞ս խոսում, ինչո՞ւ չես ցանկանում պատասխանել:
Ու հանկարծ նստարանն այլևս չդիմացավ ու սկսեց խոսել:
- Քեզ անպայման խոսքե՞ր են պետք: Դե, ուրեմն, լսի´ր:
Դու այնքան հեռու ես գնացել իմ հոգու ճանապարհներով, որ էլ վերադարձի ճանապարհ չկա:
Դու այնպիսի կրակ ես վառել իմ հոգում, որ ես հիմա ինքս եմ վախենում դրա ջերմությունից ու լույսից:
Ես կորել եմ քո աչքերի մեջ, չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում: 
Գրկի´ր, համբուրի´ր: Ես դիմացա յոթ օր, էլ չեմ կարող, …. սիրում եմ քեզ այնպես, որ դեռ ոչ ոք չի սիրել: 
Էլ ուժ չի մնացել, հանձնվում եմ իմ ու քո ազնիվ սիրուն: Ինչ լինելու է, թո´ղ լինի:
Ամուր գրկի´ր, խնդրում եմ:
Տղան ամուր գրկեց նստարանը, դարձավ նրա հետ մի ամբողջություն ու լուծվեց անվերջանալի սիրո մեջ….

Անիծյալ չարխը դեռ պտտվում է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել