Cosmo.am-ը գրում է․
Ես սիրում եմ իմ ընկերոջը: Արդեն 2 տարի կլիներ, ինչ մենք հանդիպում էինք: Նա շատ բարի, ուշադիր, հմայիչ անձնավորություն է և իմ պաշտպանն է: Նա ցանկանում է, որ մենք ամուսնանանք, բայց ես վստահ չեմ: Ընկերուհիներս ինձ երբեմն չեն հասկանում, և դրա համար ես ինձ մենակ եմ զգում: Ընկերս ունի շատ լավ հատկանիշներ, բայց դրանից բացի կան նաև այնպիսինները, որոնք խանգարում են մեզ լիարժեք զույգ լինելու համար:
Ու երբեմն ես նրա հետ ինձ լավ չեմ զգում: Երբ մենք սկսեցինք խոսել մեր ապագայի պլանների մասին, ինձ դուր չեկավ նրա պնդումը, թե ամուսնությունից հետո ինձ պետք չէ աշխատել, որ ես կմնամ տանը և մեր փոքրիկներին կխնամեմ: Ես համաձայն էի, իհարկե, որ երեխաներին պարտավոր է խնամի մայրը, բայց ոչ միայն մայրը, հայրը նույնպես պետք է մասնակցի երեխաների խնամքի ու դաստիարակման գործում: Եվ բացի դա, ես գտնում էի, որ ապրել միայն տան հոգսերով ամբողջ կյանքս ծառայի նման, պարզապես չէի ցանկանա: Փորձեցի պատկերացնել մեր ամուսնական կյանքը և հիասթափություն ապրեցի:
Չնայած այս ամենին, վստահ եմ, որ նա ինձ չի նեղացնի: Սակայն այն փաստը, որ նա չէր ցանկանում ինձ հետ ճանապարհորդել, չէր ցանկանում, որ ես աշխատեմ, իմ ընկերներն ունենամ և շփվեմ նրանց հետ կամ իմ ազատ ժամանակը տնօրինեմ ինչպես ինձ է դուր գալիս, ինձ <<խրթնեցնում>> էր: Ես նրան հայտնեցի նաև, որ կցանկանամ ուսումս շարունակել մագիստրատուրայում, բայց նա այնպես վրդովվեց, որ նույնիսկ գոռաց ինձ վրա, ասելով, որ ես սովորելու մասին նույնիսկ չմտածեմ:
Ինձ ավելի շատ զարմացնում էր այն փաստը, որ նա էր թելադրում ինչ անեմ, ինչպիսին լինեմ իրեն դուր գալու և գոհացնելու համար: Սակայն նա ինձ երբեք չէր հարցնում, թե ինչն է ինձ դուր գալիս, կամ ինչպիսին կուզենամ նրան տեսնել: Այնպիսի տպավորություն էր, որ ես իրենն եմ լինելու ամուսնությունից հետո և նա ինչպես կուզի ինձ հետ կվարվի առանց ինձ հարցնելու: Ես չգիտեի ինչ անել: Ես նրան սիրում էի, բայց նաև չէի ուզում, որ նման անվստահ հարաբերություններ ունենանք: Ուզում էի լինենք հավասար, ուզում էի զգալ նրա հարգանքն իմ և ընտանիքս հանդեպ, ուզում էի, որ նա վստահի ինձ, չարգելի շփվել ընկերներիս կամ ընտանիքիս հետ, արժևորի իմ կարծիքը, լինի անկեղծ ինձ հետ, փորձի հասկանալ, թե ինչ եմ ես զգում, երբեմն էլ հասկանա, որ ցանկություն ունեմ ինքս իմ մտքերի հետ մենակ մնալու: Լավ կլիներ, որ նա լիներ հենց այդպիսին : Ցավալին այն է, որ նա կարող էր այդպիսինը լինել, ուղղակի նա ընտրում էր լինել այնպիսին, ինչպիսին իր ընկերներն են կամ ինչպիսին շրջապատն է իրեն թելադրում:
Մի անգամ, երբ խոսում էինք երեխաների մասին, նա ասաց, որ իսկական տղամարդը իր երեխային գրկած ման չի գա, նույնիսկ, եթե կինն այդ պահին չի կարող գրկել երեխային: Ես զարմացած էի, նրանից, որ սեփական երեխայի նկատմամբ իր շփումը պատրաստ է արհեստականորեն սահմաանափակելու հանուն "իսկական տղամարդու" անվանն արժանանալու: Միթե հայրը չպետք է լինի ամենահոգատարն ու քնքուշը իր երեխայի նկատմամբ, իր արյան և իր գեների կրողի նկատմամբ:
Ես հիշում եմ իմ հորը, որն անչափ հոգատար էր իմ նկատմամբ, նա իսկական տղամարդ էր` հարգում էր ինձ և մորս, նույնիսկ մեծարում էր մորս: Նա երբեք չի խփել ինձ կամ մորս ու երբեք չի սահմանափակել ոչ մի բանում: Իսկ հիմա, միթե ես վատն եմ, միթե գերբնական բան էի պահանջում ընկերոջիցս: Ես որոշեցի պարզել իմ հարցերի պատասխաններն երբ գովազդային հոլովակից իմացա Կանանց Աջակման Կենտրոն կազմակերպության մասին, որը զբաղվում է կանանց խնդիրներին աջակցելու հարցերով: Ես գնացի այդ կենտրոն ու ինձ այնտեղ շատ դուր եկավ, քանի որ հավաքվել էին բռնության ենթարկված կանայք և խմբակային զրույց էին վարում, պատմելով իրենց պատմությունները: Ես որոշեցի մասնակցել: Լսեցի շատ պատմություններ, որոնք նման էին իմ պատմությանը, և որոնց զարգացումները ամուսնությունից հետո հանգեցրել էին բռնության:
Մի կին պատմեց իմ ընկերոջը նման մի տղամարդու մասին, որը նրա ամուսինն էր դարձել և մի քանի ամիս հետո սկսել էր նրան ծեծել և արգելել էր ընդհանրապես շփվելու որևէ մեկի հետ: Հավատս չէր գալիս, որ նման բան կարող է իրեն թույլ տալ իմ ընկերը: Ես վրդովված հարցրեցի այդ կնոջը, թե ինչ էր նա արել, որ իր ամուսինը սկսել էր ծեծել: Նա շատ խելացի պատասխան տվեց, որն էլ ինձ ստիպեց մտածել և վերլուծել:
Նա ասաց.
- Միթե ինչ որ բան կարող է արդարացնել ծեծը: Ես ինչ էլ անեի նա միևնույնն է պատճառ կգտներ ինձ ծեծելու համար: Ես ընդամենը նրան ասել էի, որ գնում եմ խանութ 10 րոպեով և վերադարձել էի 15 րոպեից: Սա առաջին անգամն էր, դրանից հետո նա ասաց, որ չէր ուզում ինձ ծեծել, ներողություն խնդրեց, բայց մի քանի օր հետո կրկին ինձ ծեծեց, այս անգամ ավելի դաժան: Ես դիմանում էի, որովհետև հղի էի իմ առաջնեկով: Եթե նա կարող էր ընտրել ինձ չծեծել, ինչու էր նա ընտրել մյուսը, որովհետև նա զգում էր, որ ես իրեն չեմ ենթարկվում: Նա ասում էր, որ ես պետք է իրեն ամեն ինչում լսեմ և ձայնս կտրած պահեմ: Նա ինձ մի քանի անգամ բռնաբարել էր: Ես որոշեցի դուրս գալ այդ դժոխքից միայն այն դեպքում, երբ կորցրեցի երեխայիս: Հիմա աղաչում եմ քեզ հազար անգամ մտածել, նոր ամուսնանալ նրա հետ:
Դրանից հետո խելամիտ գտա զրուցել ընկերոջս հետ ու այնուհետ կայացնել ամուսնության որոշումը: Ես նրան հրավիրեցի մեր տուն ու պատրաստեցի նրա սիրած կերակուրները: Հետո մենք ընթրեցինք և վերջապես ես սկսեցի նրան պատմել ամեն ինչ, ինչ որ զգում էի:
Նա զարմացած ինձ վրա էր նայում ու չէր պատկերացնում, որ ես այդքան նրբանկատ կարող եմ լինել, որ կարող եմ տեսնել, վերլուծել ու հասկանալ ամեն ինչ: Ես նրան բացատրում էի, որ այն ինչ ինձնից նա ակնկալում է, դա այն չէ ինչ ես ուզում եմ: Ես նրան պատմում էի իմ զգացումների մասին, այն մասին, թե ինչպիսի տղամարդ կուզենամ տեսնել իմ կողքին` որ նա չխանդի ինձ, չփորձի իշխել, կառավարել, չվերահսկի իմ ամեն քայլը, չկորցնի իրեն ու չդառնա բռնի, չմեղադրի ինձ ինչ որ բաներում, սեռական պահանջներ չներկայացնի իմ կամքին հակառակ, կամ ստուգի իմ հեռախոսազանգերը, չարգելի տնից դուրս գալ: Ես զարմացա ու երբեք չէի պատկերացնի, որ նա կարող էր այդքան զգայուն լինել: Նա մոտեցավ ինձ և գրկեց այն ժամանակ, երբ ես վրդովված ու հուզված նրան պատմում էի այս ամենի մասին, ուզում էի, որ նա հասկանա, որ սիրում եմ իրեն, ուղղակի չեմ ուզում այսպես շարունակվի, ուզում եմ նա այլևս այդպիսին չլինի : Նա գրկել էր ինձ և ձայն չէր հանում: Ես սկզբից մտածեցի, թե պարզապես ուզում է ինձ հանգստացնել, բայց հետո նա շշնջաց.
- Ան, ես քեզ սիրում եմ, դու չես կարող պատկերացնել, թե ինչքան շատ եմ սիրում: Ուղղակի ես ինձ պետք է այդպես պահեմ, որ ընկերներս ինձ չծաղրեն, կամ հեղինակությունս չկորցնեմ և աշխատավայրում չասեն ընկերուհու կրունկի տակ է, նաև գիտեմ, որ մեկ- մեկ չափն անցնում եմ: Ես կփոխվեմ, խոստանում եմ: Միայն թե չասես, որ ուզում ես լքել ինձ: Ես չեմ ուզում մենք բաժանվենք և դժբախտ լինենք:
Ես տեսնում էի այն տղամարդուն ում նա բանտարկել էր իր մեջ, երկար ժամանակ: Նա նույնպես պայքարում և տանջվում էր, որ ինձ ցավ էր պատճառում: Հիմա ես հասկացա, որ խոսելը և քննարկելը զույգերի մեջ շատ կարևոր է:
Մենք հիմա արդեն ամուսնացած ենք: Ունենք երկու հրաշք աղջիկներ: Նա իրենց տանում է դպրոց, հետո ետ բերում, օգնում է տնային գործերում, ինձ սիրում է ու հարգում: Ես ունեմ մեքենա, որը գնել եմ իմ աշխատավարձով: Նա երբեք ինձ ոչինչ չի արգելում: Մենք միշտ քննարկում ենք ինչ անենք, ուր գնանք, ինչպես անցկացնենք ամառը, ինչպես տնօրինենք մեր բյուջեն:
Ես երբեք այսքան երջանիկ չէի լինի, եթե Կանանց Աջակցման Կենտրոնի կանայք ինձ խորհուրդ չտային հետևողական լինել և չհաշտվել, պայքարել հասարակական կարծիքին կուլ գնացած իմ ընկերոջ համար և երջանիկ լինելու իմ իրավունքի համար: Հնարավոր է նաև ամեն ինչ այդպես լավ չավարտվեր, բայց բարեբախտաբար, ես հանդիպել եմ ինձ հասկացող մեկին: Ու այժմ ներկայացնում եմ ձեզ իմ պատմությունը նրա համար, որ դուք էլ խոսեք, զրուցեք, քննարկեք բոլոր հուզող, կարևոր հարցերի մասին ձեր ընկերների հետ, լսեք նրանց, նրանք էլ են հուզական, նրանք էլ են զգում, ապրումներ ունենում, պարզապես նրանք դա թաքցնում են, տարբեր- տարբեր պատճառներով, հիմնականում մտավախություն ունենալով, որ կկորցնեն իրենց հեղինակությունն ու հարգանքը շրջապատում: Երանի մարդիկ ավելի շատ ապրեին իրենց համար, քան` ուրիշների կարծիքի: