Մեր լրատվամիջոցների մոտ սոցիալական պատասխանատվության աստիճանի ընկալման հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնք առանձնակի արտահայտիչ են դառնում սահմանին տիրող ու սոցիալական լարվածության պարագայում: Մինչդեռ, նշված երկու դեպքն էլ մաքսիմալ լրջություն, զգոնություն ու սառնասրտություն են պահանջում: Երեկ հասարակության մոտ խուճապ էր՝ բառի բուն իմաստով, որի վկայությունն են փոխանակման կետերի ու խանութների դիմաց գոյացած հերթերը: Բնական է, մարդիկ անհանգստանում են, ոմանք՝ գնաճի, ոմանք սեփական խնայողության ճակատագրով, որոշ մասն էլ բանկերին արտարժույթով պարտավորություններ ունենալու հետևանքով: Էդ իրավիճակում մարդկանց միակ հույսը «լրատվամիջոցներն էին»՝ տպագիր ու առցանց: Ու էդ լրատվամիջոցներն էլի օբյեկտիվ լուսաբանումը շփոթեցին «բառդակի» հետ, առաջնորդվելով՝ կա ինֆորմացիայի սպառող, պետք է ստեղծել ինֆորմացիա՝ անկախ նրանից ինչքանով է հավաստի, ինչքանով ոչ:
Չեմ պատրաստվում անուններ տալ, բայց երեկվա լրահոսն անտանելի քաոտիկ էր.
Ահազանգ. Վանաձորում հացը 300 դրամով է վաճառվում։
Խուճապ. Էջմիածնում խանութներ են փակվում։
Շտապ. Երևանում հացի փռերը չեն գործում, վաղը խանութներում հաց չի լինի։
Թերթերից մեկն էլ, զոռ տալով երևակայությանը գրել էր, թե բանկերից մեկն աշխատողների քարտային հաշիվներն է սառեցնում, մյուսը, թե դոլարով են առևտուր անում խանութներում: Իրավիճակն իրոք ծայրահեղ լարված էր, այն աստիճան, որ մարդիկ պարկերով ուտելիք էին գնում՝ վախենալով վաղվա թանկացնումներից: Էդ մարդիկ կարդացել էին հիշատակված լրահոսն, ու ներքին անհանգստությունը խուճապ էր դարձել:
Ես կարծում եմ, որ մեդիան, լինելով չորորրդ իշխանություն, արտակարգ իրավիճակներում պետք է բացի խնդիրներ վեր հանող գործառույթից, իրավիճակ կառավարող գործառույթ էլ ստանձնի: Քանի որ ինչքան էլ Կենտրոնական բանկն ու կառավարությունը, ՊՆ-ն ու ԱԳՆ-ն հաղորդագրություններ տարածեն՝ վստահեցնելով, որ իրավիճակը վերահսկվում է և այլն, միևնույնն է, «մեր աղբյուրներն» ու «մեր տեղեկություններն» ավելի ընկալելի են ժողովրդի ականջին, քան էկրանի այն կողմից «լավ հագնված ձյաձյայի» կողմից արվող դատողություններն ու հավաստիացումները: Կան իրավիճակներ, երբ իրականությունը փոքր-ինչ մեղմ ներկայացնելը կարող է մարդկանց նյարդերը խնայել, իսկ որոշում ընդունողներին խնդրի վրա կենտրոնանալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/583910331741749?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել