Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե ինչ է հարկավոր սպառողի իրավունքի և շահի պաշտպանության համար: Քանի որ հեծանիվը ես չեմ հայտնագործել, ևս մեկ անգամ ստիպված եմ փաստել, սպառողը կարող է լինել պաշտպանված, եթե միաժամանակ առկա են ինչպես պետական և հասարակական վերահսկողությունը, այնպես էլ աջակցությունը: Եվս մեկ անգամ ստիպված եմ անդրադառնալ պետական վերահսկողությանն ու աջակցությանը:
Իրականում պետական վերահսկողությունը և պետական աջակցությունը տարբեր գործընթացներ են:
Պետական աջակցություն է՝ բիզնես-միջավայրին հարմարեցված օրենսդրությունը, սուբսիդիաները, դոտացիաները, այլ շուկաներ ստեղծելու, սպառման ծավալները մեծացնելու հնարավորությունները և այլն: 
Պետական աջակցություն չէ այն, որ հնարավորություն է տրվում շրջանցելու օրենքը կամ հնարավորինս խաբել սպառողին ու մնալ անպատիժ կամ ուղղակի նախատեսվածից քիչ վճարել հարկերը: Բազմիցս նշել եմ նաև, որ մեր երկրում պետական աջակցություն և վերահսկողություն մոդելը գործում է հետևյալ փիլիսոփայությամբ՝ Ձեզ աջակցում ենք չվերահսկելով: 
Արդյունքում ստացվում է, որ պաշտպանված սպառող ունենալու համար անհրաժեշտ երկու կարևորագույն կոմպոնենտները բացակայում են:
Իսկ հիմա ամենացավալին. անվերահսկելությունը հանգեցրեց նրան, որ այժմ տուժում է նաև բիզնեսը: Բիզնեսն ինքնուրույն է կարգավորում դաշտը, խոշորներն իրենք են թելադրող, և այժմ արդեն մեր լի ու բոլ Հայաստանում կա նաև պարենային ապահովության հարց. խանութները կամ փակվում են, կամ ուղղակի ապրանքների մի ստվար զանգված վաճառքի ենթակա չէ, այլ պարզապես ցուցադրված:
Ահա և «աջակցել` չվերահսկելով» գաղափարախոսության հետևանքը:

Հ.Գ.
ԿԲ-ին այսօր ասուլիսի ժամանակ արդեն անդրադարձել էի, այդ իսկ պատճառով չանդրադարձա: Այն, որ ԿԲ-ն կամ արձակուրդում է, կամ էլ այնպես է գործում, որ ավելի լավ էր արձակուրդում լիներ, ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել