Քաղաքացիական անհնազանդության առաջին ամոթխած դեպքերը սկսվել են։ Այսօր Մալաթիայում մի քանի տասնյակ երթուղային տաքսիների վարորդներ են գործադուլ սկսել, ու ինչն է գովելի ու պատկառելի այս հասարակ մարդկանց պարագայում՝ իրենց չեն պահանջում երթուղայինի գինը թանկացնել, իրենք պահանջում են գազալցակայաններում գազի գինն էժանացնել, առավել ևս, որ Երևանում այն մի գին է, իսկ մարզերում՝ միանգամայն այլ։
Համաձայնվեք, լրիվ արդարացի ու իրատեսական պահանջ է։ Ինչո՞ւ պետք է մարզերում 170 լինի գազը, իսկ Երևանում՝ 230։ Պատճառաբանում են դոլարի կուրսի թռիչքային աճով։ Էհ, էդ մարզերի գազալցակայաններում կարո՞ղ ա բնամթերքով են գազի համար վճարում, էդ ո՞նց եղավ, որ իրանց մոտ էդքան չթանկացավ, իսկ Երևանում թանկացավ։
Կա՞ մի ողջամիտ պատճառաբանություն. գազալցակայանների սեփականատերերը գնային սպեկուլյացիաներով են զբաղվում, ինչի համար մտրակելու են արժանի ու պետք է ավելի ահագնացնել բողոքի ալիքը, որ էս ժլատ ագահները խելքի գան։
Ասեմ ավելին, մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ զրկանքներ են կրում բոլորը։ Համարյա բոլորը։ Ու ժողովրդի մեծամասնությունը եթե ստիպված է զրկանքներ կրել, թող օլիգարխներն ու հարուստները ևս իրենց մի քիչ նեղություն տան ու փոխանակ մտածեն շահույթը ավելացնելու կամ էլ պահպանելու մասին, ոչինչ, թող կյանքներում մի անգամ մարդ լինեն ու մի քիչ էլ առանց եկամուտի աշխատեն, եթե պետք է, թեկուզ վնասով։ Բա էսքան տարի է՝ մեր հաշվին գրպաններն են լցնում, հետո էլ մեծ-մեծ սկսում են տրիբուններից փրթել, բա դե ձեզ տեսնեմ, հիմա էն պահն է եկել, որ դուք էլ ապացուցեք, որ էս ազգի ջանին կպած վնասակար մոլախոտ չեք։