Cosmo.am-ը գրում է․
Վերջերս Cosmo.am-ում հարցում անցկացրեցինք` պարզելու` ինչպիսի հաճոյախուսություններ են ստանում մեր ընթերցողները տղամարդկանցից, և հարցմանը մասնակցածների 40 տոկոսը ընդգծեց` «Շատ sexy ես» տարբերակը: Իհարկե, հաճոյախոսությունները միշտ էլ հաճելի են, ու sexy բառն էլ բնավ վատ չի, եթե միայն...
Ըստ Գայանե Ասրյանի
Այսօր ամենուր կինը «սեռականացվում» է, բացառապես սեքսուալության ընդգծումով: Քաղաքային գովազդային վահանակներին ցանկացած ապրանք ներկայացնում են կիսամերկ աղջիկները: Շուու բիզնեսի ու հեռուստատեսային ինդուստրիայում բացառապես, այսպես կոչված, սեքսուալ աստղերն են մերօրյա հերոսները: Բայց սա դեռ ամենը չէ:
«Սեռականացման» ինդուստրիան մտնում է հասարակական մտածողության մեջ, կանանց մտածողության մեջ, մասնավորապես, ինչը առավել վտանգավոր է... Ու ստացվում է այն, ինչ ստացվում է. «Կանացիության հիմնական չափանիշը սեքսուալությունն է»...
«Գեղեցիկի ընկալումը և դրա գնահատումը համարվում են մարդու հոգեկանի զարգացման ամենաբարձր մակարդակը, մինչդեռ սեռականության վրա շեշտը դնելը սահմանափակում է մարդու մյուս կարևոր ընդունակությունները. արդյունքում` մարդու մոտ զարգացման փոխարեն նկատվում է ռեգրես»,- ասում է հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը:
«Միայն աշխատանքային հայտարարություններին հետևելիս պարզ է դառնում, թե ինչպիսին է կնոջ հասարակական ընկալումը։ Առաջնային որակները երկար ոտքերն են, բարետեսությունը, գեղեցիկ շփվելու ունակությունը։ Գործատուին այս դեպքում պետք է սեքսուալություն, ոչ թե գործնական հմտություն...»
Սերգեյ, 28 տարեկան
Ըստ հոգեբանի` այս կարծրատիպերի արագ տարածմանը նպաստում է մարդու` հասարարական էակ լինելու հանգամանքը: Չէ՞, որ նրա կայացումն ու զարգացումը տեղի են ունենում հասարակության մեջ, որտեղ աշխատում է սոցիալական ընդօրինակման գործոնը: Հետևաբար, երիտասարդ աղջնակը, տեսնելով իր սիրած երգչուհու որոշակի, հիմնականում բեմական սեքսուալ կերպարը, իրականցում է այն առօրյայում:
Ինչո՞ւ են մերկ կանայք ու սեքսուալությունը այդքան շահարկվում:
Գովազդային մասնագետ Արտակ Հարությունյանը նշում է, որ գովազդը մանիպուլյացիոն գործիք է, այն ենթագիտակցորեն ազդում է մարդու հոգեբանության վրա, և գովազդ դիտողն իրեն տեսնում է գովազդում ներկայացվող կերպարի մեջ:
Օրինակ` ըստ Հարությունյանի` արագ սննդի գովազդում երբեք հանդես չի գա գեր, անխնամ ու միշտ շտապող տղամարդ կամ կին: Ad-testing-ը ցույց է տվել (սրանք հատուկ մասնագիտական վերլուծություններ են տարբեր ֆոկուս խմբերի հետ), որ կիսամերկ սեքսուալ կնոջ կերպարի օգտագործման ժամանակ ամենամեծ արդյունքն է ստացվում, քանի որ նույն fast food-ի դեպքում, տղամարդիկ գնելով այդ ուտելիքը, ենթագիտակցորեն ստանում են այնպիսի ազդակներ, ինչպիսին կլիներ, եթե այդ գայթակղիչ գեղեցկուհին լիներ իրենցը (բուն և անուղղակի իմաստներով): Կանանց մոտ տվյալ սեքսուալ կնոջ կերպարով fast food-ի գովազդն առաջացնում է այլ էմոցիա. կանայք իրենց պատկերացնում են տվյալ կերպարի փոխարեն՝ ցանկալի և սեքսուալ:
«Զգացողությունների ու թիրախային լսարանի նույնականացման տեսանկյունից կրկին հետաքրքրի են ավտո-մոտո ինդուստրիայի գովազդային լուծումները, մասնավորապես, ավտո-մոտոն համարվում են «լավ սեքսի նման», և, տղամարդը ունենալով տվյալ մոդելը, լինում է «սուպերմեն», իսկ կինը`«ցանկալի», -ավելացնում է գովազդի մասնագետը:
«Կոնյակի գովազդում կինը որպես կանոն պետք է լինի դասական և էլիտար, սակայն վերջերս հանդիպեցի հակառակին։ Եթե մինչև այդ կոնյակ խմելիս իմ մտապատկերում զուսպ և նրբագեղ կնոջ կերպար էր, ապա այս գովազդից հետո նոր և գռեհկացված կնոջ մտապատկերներ են հայտնվում աչքիս առաջ։ Կարծում եմ՝ հատկապես նման գովազդների դեպքում ցանկացած դետալ պետք է հաշվարկված լինի, չէ որ հնարավոր է բազմաթիվ սպառողներ հրաժարվեն այս ապրանքից»։
Վահրամ, 31 տարեկան
Մարկետոլոգ Լուսինե Նալբանդյանը խնդիրը բացատրում է շուկայագիտության տեսանկյունից: «Երբ ծառայության կամ ապրանքի սպառողը հայտնվում է որակային իմաստով հավասար պայմանների ընտրության առջև, սկսում է ենթագիտակցորեն առաջնորդվել գովազդով: Եվ այդ սեքսուալ կնոջ կերպարը դառնում է ձգող և ուշադրություն հրավիրող»:
Անդրադառնալով այս իմաստով միջազգային շուկային՝ Լուսինե Նալբանդյանը նշեց, որ այնտեղ արդեն միտում կա սեքսուալ և գայթակղիչ կնոջ կերպարի հետ համակցել կանացի այլ արժանիքներ, ինչպիսիք են` նպատակասլացությունը, խելացիությունը:
Կնոջ կարծրատիպային կերպարը
Մեզ հետ զրույցում բավականին աղջիկներ ու տղաներ հաստատեցին հետևյալ կարծրատիպը, «եթե կինը հաջողության է հասնում կարիերայում, ուրեմն նա ունի երկար ոտքեր, բաց դեկոլտե և հարուստ սիրեկան»: Եթե անգամ 10 կնոջից մեկը հաջողության է հասնում հենց այս արժանիքների համար, մյուս 9-ը՝ իրենց մասնագիտական կարողությունների և աշխատասիրության հաշվին, միևնույնն է` հասարակությունը թերահավատորեն է նայում նրանց ձեռքբերումներին:
«Ընկերոջս հետ հաճախ ենք տարաձայնություններ ունենում հագուստի և դիմահարդարման հարցերում։ Հատկապես խնջույքների ժամանակ նա նեղանում է ինձանից, որ ես գրավիչ տեսք չեմ ունենում։ Նրա պատկերացմամբ «sexy աղջիկը» պետք է վառ դիմահարդարում ունենա և անպայման դելոկտե բացվածք, մինչդեռ իմ համար ավելի ընդունելի է «կանացիություն» կոչվածը, որը ենթադրում է թեթև դիմահարդարում և համեստ, ճիշտ համադրված հագուստ։ Ես չեմ կարողանում նրան բացատրել, որ սեքսուալությունը կանացիության միայն մեկ հատկանիշն է։ Կնոջ ընկալման նրա կարծրատիպերը ձևավորվել են ընկերների և եթերի ազդեցության տակ»։
Զառա, 23 տարեկան
«Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Մարո Մաթոսյանի կարծիքով նշված կարծրատիպերի պատճառը մեծ մասամբ ԶԼՄ-ներն են:
«Երբևէ ականատես եղե՞լ եք, երբ ԶԼՄ-ներում որևէ կնոջ գովասանքի են արժանացրել նրա խելքի, կրթության կամ էլ նրա ձեռքբերումների համար: Երբ այս ամենը չի արժևորվում, դրա փոխարեն մենք պատվաբեր ենք համարում միայն գեղեցկությունը և սեքսուալ լինելը: Ահա այստեղից էլ սկսվում են ձևավորվել կարծրատիպերը»,- ասում է նա:
«Կինը և քաղաքականությունը» թերթի և womennet.am կայքի գլխավոր Թամարա Հովնաթանյանը այս կարծատիպերը զուգադրում է նաև դաստիարակության հետ: Նա կարծում է, որ մայրերը շատ հաճախ ավելի կարծրատիպային մոտեցումներով են իրենց աղջիկներին դաստիարակում, քան` հայրերը: «Հայրերն իրենց աղջիկների համար լավ կարերիա են տեսնում, իսկ մայրերը կյանքի հաջողությունները կապում են միայն հաջող ամուսնության հետ»,- նշում է նա:
«Որոշ ամսագրեր արժևորում են միայն գեղեցկությունն ու սեքսը, հետևաբար, երիտասարդ կանայք կենտրոնանում են միայն այս գործոնների վրա` տղամարդկանց գրավելու համար: Այստեղ էլ հենց կանայք դառնում են սեքսուալ օբյեկտներ»,- ասում է Մարո Մաթոսյանը
Ինչպե՞ս կոտրել կարծրատիպերը:
Հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը կարծում է, որ պետք է ստեղծել կարծրատիպին հակառակ կնոջ կերպար, որը իրենից միայն սեռականության օբյեկտ չի ներկայացնի:
«Մեզ պետք է ստեղծենք ազատ, ինքնուրույն, խելացի, սակայն միևնույն ժամանակ կանացի կնոջ կերպար, որը կերպարի իր ամբողջականությամբ չի զիջի սեքսուալ և ցանկահարույց կնոջ կերպարին»,- նշում է նա:
ԶԼՄ-ներն, ըստ Թամարա Հովնաթանյանի, պետք է կնոջ նոր կերպարի վրա աշխատեն, այն կերպարի, որը խելացի է, կանացի, ունի լավ դաստիարակություն և սկզբունքներ:
«Մենք պետք է փոխենք կանանց վիրավորական և նվաստացած ձևով ներկայացումը գովազդային հոլովակներում և այլուր: Կառավարությունը պետք է թույլ տա ակտիվ և խելացի կանանց զբաղեցնել կառավարական պաշտոններ, հետևաբար նրանք կդառնան օրինակելի կերպարներ երիտասարդ կանանց համար»,- ընդգծում է Մաթոսյանը:
Ի դեպ, մեզ հետ զրույցում երիտասարդ իրավաբան Կարեն Գևորգյանը նշեց, որ կարծում է` կնոջ արտաքին տեսքը հայ տղամարդկանց զգալի մասի համար որոշիչ է. «Անձամբ ինձ համար կարևորը կնոջ ինտելեկտն է: Եթե նա խելացի է, ազնիվ, նպատակասլաց և կենսուրախ, ինձ համար կարևոր չէ ո՛չ հասակը, ո՛չ աչքերի գույնը, ո՛չ էլ առավել սև կրծքի չափը (ծիծաղում է): Կարող է նաև խնամված լինել, վատ չի լինի»,- ասում է նա: