Ազգային Ժողովի որոշ ոչ իշխանական խմբակցություններ, պահանջելով արտահերթ կարգով քննարկել ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպը, բոյկոտեցին նիստը և դուրս եկան նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ ԱԺ խմբակցությունների պահանջից հետո Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ոչ իշխանական ներկայացուցիչների հետ խորհրդակցել են և պատրաստակամություն էր հայտնել դատապարտող տեքստ հրապարակել. «Մենք բոլորս էլ համամիտ կլինենք, որ հայտարարության տեքստով, կամ քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրությամբ որևէ դատապարտող տեքստ կհրապարակվի»: Սակայն վերջինս հավելեց, որ արտահերթ կարող է հրավիրվել միայն ժամը 18.30-ից հետո: Այստեղ նկատենք, որ ԱԺ նախագահը չէր կարող ընդհատել նիստը, քանի որ դա հակասահմանադրական է:

Նման պահանջը, գլոբալ առումով, ողջունելի է, սակայն մի՞թե նիստերի դահլիճը լքելը հարցին վերջնականապես լուծում տվեց:

Մի կողմից այս վարքագծով ոչ իշխանականները ֆոն են ստեղծում, թե մտահոգ են վերջին օրերի ցավալի դեպքերով և դատապարտում են մեղավորներին, իսկ մյուս կողմից էլ փորձում են անտեղի ինտրիգներ հրահրել:

Եթե նրանք իրոք նպատակ ունեին քննարկել այս հարցը, պետք է չհեռանային դահլիճից: Քանի որ խմբակցությունների ներկայացուցիչները գիտեին, որ Գալուստ Սահակյանը չէր կարող ընդհատել նիստը, որովհետև դա հակասահմանադրական է, հարց է առաջանում, թե ինչու՞ չմնացին մինչև վերջ և չքննարկեցին հարցը, և արդյո՞ք ոչ իշխանականներն ի սկզբանե նպատակ ունեին քննարկել այն:

Լքելով նիստը՝ ոչ իշխանականները ոչ միայն չհասան հարցի արտահերթ կարգով քննարկմանը, այլ նաև աջակիցը եղան իշխանական խմբակցության խորհրդարանական գործունեությանը: Հաշվի առնելով այն փաստը, որ հանրապետական բիզնեսմեն-պատգամավավորների մեծ մասը, նամանավանդ արտահերթ նստաշրջաններին, դժվարությամբ են մասնակցում օրինագծերի քննարկումներին, այս քայլով հիանալի հնարավորություն ստեղծվեց վերջիններիս համար` արագ-արագ քվեարկել և անցնել իրենց բիզնեսներին:

Կարծում եմ, որ մի քանի ժամվա համար չարժեր անուշադրության մատնել այսօրվա նիստում քննարկվելիք մի քանի կարևոր օրինագծերի ճակատագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել