Հայկական տարազով ընտանեկան լուսանկարների տարածումը համացանցում նոր թափ է ստանում: Չգիտեմ, լրագրողներն ու էլ.կայքերն են մեղավոր, թե նրանք, ովքեր ուրախությամբ հանրայնացնում են իրենց ընտանեկան գեղեցիկ լուսանկարները, բայց որ հաճախ այդ լուսանկարները ոմանց կողմից շահարկվում, դա փաստ է: 
«Հայտնիների» տարազով ընտանեկան լուսանկարները հայտնվում են համացանցում, չեմ կարծում, թե դա իրենց ավելի «հայտնի» կամ ավելի հայ է դարձնում: Երևի մեր ժողովրդի մոտ հայ լինելու թերարժեքության խնդիր կա, մարդիկ փորձում են որևէ կերպ կոմպենսացնել այդ զգացողությունը: Ի դեպ, սովետական մտածելակերպում երկու բառեր կային, որով անբարոյականներին էին մատնանշում, մեկը «հայտնի» բառն էր, իսկ մյուսը «լավիկ»-ը, էսօր շատերն են ընկերական նկարներ տեղադրում ու վերնագրում «Լավերով»: Խնդրում եմ չնեղանալ, որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ: Փոխվում են ժամանակները, բառերը կորցնում են իրեն արժեքը, իսկ իմաստը չգիտես ինչու մնում է նույնը, ուստի կխնդրեի լրագրողներին, որ իրենց հոդվածներին ու նյութերին նման վերնագիր չդնեն: Փոքր ինչ շեղվեցի թեմայից, ինչ որ է:
Ոչ ու բարով մի երիտասարդի էի ճանաչում, հայրն ու մայրը Բաքվի ջարդերից փախած հայեր էին ու որպեսզի ճշմարտության դեմ չմեղանչեմ, ասեմ, որ հոր մասին չեմ հիշում, թեև ինքը պատմում էր, որ հերը ղարաբաղցի է եղել ծնունդով, բայց ապրել է Բաքվում ու մահացել էր Լենինականում բնակություն հաստատելուց որոշ ժամանակ անց: Փոքրուց էի ճանաչում սրան, այսպես ասած աչքիս առջև էր մեծացել, մոր և հերացուի հետ մտերիմներ էինք, բայց այ ինքն իրեն չեր ճանաչում, մինչև որ «ինքնաճանաչման»և «ինքնագիտակցության» եկավ մի օր: Դառավ ազգասեր՝ խփնված ազգասեր, դառավ դաշնակ (դաշնակների դեմ որևէ բան չունեմ), մի երկու անգամ եռագույնի տակ նկարվեց, մի երկու անգամ Ղարաբաղ՝ պապենց տուն գնաց եկավ ու մի օր էլ ինձ ու կնոջս, թե դուք ինչ հայ, իսկական հայը զտարյուն ղարաբաղցին է, բա, թե գյումրեցի չե՞ք, ձեր արունը մաքուր չէ, գյումրեցիները թուրքի... Ու ես մինչ մտածում էի թե հայրական ապտակ տամ թե առատ թուք, կինս մի խոսքով էս լամուկին ցույց տվեց իր ծննդաբանությունը: Հա, ասում էի ճանաչում եմ, որովհետև դրանից հետո ջնջվեց ծանոթներիս ու նամանավանդ մտերիմներիս ցանքից: Կար մի ժամանակ, երբ Լեննականցիները Բաքվից փախածներին թուրք էին անվանում, որովհետև ամենքից մեկուսացած էին ապրում, ռուսերենով էին հաղորդակցվում ու պատեհ անպատեհ տեղացիներին անպատվում, դժգոհում և այլն, դե պատասխանն էլ ստանում էին: Ոչ մեկին չեմ արդարացնում, բայց էսօր որքան տեսնում եմ էլ չկա նման բան, թեև դեռ մնում է բաքվեցոնց շենքեր կամ մայլա հասկացողությունը: 
Հիմա մենք սկսել ենք իրար պիտակավորել ու վիրավորել, զտարյուն ու խառնուրդ ենք ջոկում, ընդհուպ հասել ենք մինչև անմահ հոգու ծագումնաբանությանը՝ զտարյուն, պապենական Առաքելակա՞ն եք, թե՞ անհավատ՝ թուրքական... Ի՞նչ իրավունքով: Որևէ մեկի արյունն ավե՞լի հայկական է, քան մյուսինը, կամ մահկանացուներիս անմահ հոգիներն ե՞ք պիտակավորում: 
Հրեաները թլփատում էին իրենց երեխաներին և ճշմարիտ հրեան պետք է լիներ թլփատված և գիտենար իր ծագումնաբանությունը, որպեսզի հաստատեր իր՝ Աստծո ժողովրդին պատկանելու իրավունքը: Հայաստանում հայերին չեն թլփատում, այլ խցկում են Առաքելական եկեղեցու կաղապարի մեջ, ով չմտավ հայ չէ: Իսկ որպեսզի էդ կաղապարի միջինը ևս մեկ անգամ իր հայ լինելը հաստատի, իսկ նրանք, ովքեր այդ կաղապարի մեջ չեն տեղավորվել՝ դրսում չհայտնվեն, իրենց հայ լինելը հաստատելու և ապացուցելու համար մի շանս ևս ստացան: Ոմանց կողմից ևս մի ձև հորինվեց ու ներդրվեց շրջանառության մեջ, ով իր ընտանիքի հետ հայկական տարազով չի նկարվում ու տեղադրում համացանց՝ հայ չէ: Շուտով «իսկական» հայերը նորաձևության նոր ոճի հագուստներով են ման գալու, այն է եկեղեցական և ազգային տարազի գույների համադրությամբ մի նոր հագուստ են հագնելու: 
Եթե անկեղծ, ասեմ, որ շաաատ գեղեցիկ է նայվում, կուզենայի, որ իմ ընտանիքով էլ նման մի լուսանկար ունենայի, բայց միայն մի պայմանով, որ ոչ ես, ոչ իմ ընտանիքիս անդամներից որևէ մեկը և ոչ էլ ուրիշները, չշահարկեն այդ լուսանկարը, իբր  թե իսկական հայը պետք է այսպիսին լինի:
Բայց, եթե էսպես շարունակվի, վախենամ ստիպված լինեմ իմ տոհմածառը գծագրելու կամ էլ բնակությանս վայրը կփոխեմ, արտասահմանում ազգությունս հաստատելու համար անձնագիրս էլ բավարար կլինի:
Գոնե էս պառանոյայից հեռու կլինեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել