Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում գրանցվեց երեխաների զանգվածային թունավորում, ավելի քան 100 երեխաներ տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ: Օրեր անց պարզվեց, որ երեխաների մոտ հայտնաբերվել է շիգելլոզ՝ դիզենտերիա հիվանդություն: Մինչ օրս չկա որևէ մեկնաբանություն՝ ինչն է հանդիսացել հիվանդության պատճառ, իսկ պատկան մարմինները լռում են կամ առավելագույնը՝ պրոբլեմը բարդում մեկը մյուսի վրա: Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ եթե չբացահայտվի պրոբլեմի իրական պատճառը, ապա մեղավոր են լինելու հավասարապես թե՛ Առողջապահության նախարարությունը, թե՛ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: 
Մասսայական թունավորման դեպքում երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջին հերթին պետք է պարզվեին հիվանդության առաջացման պատճառներն ու մեղավորները: Միայն եթե բոլոր մեղավորները պատժվեն, հնարավոր կլինի բացառել հերթական ցավալի դեպքի գրանցումը: Բոլորը պետք է գիտակցեն, որ եթե չպարզվի հիվանդության առաջացման իրական պատճառը, պատիժը լինելու է շատ ավելի խիստ, քանզի իրենց անմիջական պարտականությունների մեջ առաջին գործառույթը պատճառը պարզելն է, իսկ պատճառը չպարզելը՝ ամենամեծ աշխատանքային թերացումը: 
Բարեբախտաբար, բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել, բայց դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ արձանագրված դեպքը և սպասել հաջորդին, առավել ևս պետք է գիտակցել, որ հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել