Մեր օրերում առանց գովազդի դժվար է պատկերացնել ռադիո- և հեռուստաեթերները: Գովազդը և գովազդային պաստառներն ամենուր են՝ մամուլում, քաղաքների հրապարակներում ու փողոցներում: Գովազդը հեղեղել է ողջ շուկան, ընդգրկել մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառները:
Գովազդը լինում է ուղղակի (անձամբ կամ փոստով հանձնվող գովազդային նյութեր, նամակներ, թերթիկներ), մամուլում (թերթեր, ամսագրեր, տեղեկատուներ), ռադիոյով, տպագիր միջոցներով (կատալոգներ, բուկլետներ, օրացույցներ), էկրանային (կինո, հեռուստատեսություն), համացանցում (ինտերնետ), արտաքին (ցուցափեղկեր, պլակատներ), տրանսպորտային (փոխադրամիջոցների վրա կամ ներսում, կայարաններում, օդանավակայաններում), հուշանվերների տեսքով (թղթապանակներ, բացիկներ) և այլն:
Գովազդը կարող է նաև տեղեկություններ հաղորդել երկրների տեսարժան վայրերի, ավիաուղիների մասին, ծանոթացնել քաղաքական, մշակույթի գործիչների, նշանավոր մարզիկների գործունեությանը և այլն:
Գովազդն արդյունաբերական խոշոր բնագավառ է՝ կապուղիներով և այլ եղանակներով տեղեկատվության իրականացման գործընթաց, որտեղ կան և՜ ֆինանսական, և՜ քաղաքական շահեր: Տարբերում են գովազդի հետևյալ հիմնական տեսակները.
- առևտրային գովազդ,
- սոցիալական գովազդ, որն ուղղված է բարեգործական և հանրօգուտ ծրագրերի, ինչպես նաև պետական հետաքրքրությունների իրականացմանն աջակցելուն,
- քաղաքական գովազդ, որի նպատակը քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունների և ծրագրերի գովազդումն է: Նախընտրական նպատակներով կատարվող գովազդը կոչվում է քաղաքական քարոզչություն:
Գովազդի ոլորտում զբաղված են բազմահազար մարդիկ՝ գրողներ, նկարիչներ, լուսանկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ, վաճառողներ: Նրանք աշխատում են գովազդային գործակալություններում և ջանում են գովազդվող ապրանքը գնորդի համար դարձնել առավել գրավիչ:
Գովազդը, որպես կանոն, կարգավորվում է օրենքով. սահմանվում են գովազդի ծավալը, տարածման եղանակներն ու միջոցները, իրականացման ժամանակը, և արգելվում է կեղծ, անորակ, անբարո և այլ անհարկի գովազդը: Գովազդային գործունեություն կարող են իրականացնել միայն արտոնագիր ունեցող գործակալությունները:
Օրենքով սահմանվում են նաև կեղծ և անորակ գովազդից սպառողի պաշտպանության իրավունքները:
Արգելվում է նաև այսպես կոչված թաքնված գովազդը: Դա գովազդի տեսակ է, որն իբրև գովազդ չի մատուցվում, բայց տեղադրվում է տեղեկատվական, խմբագրական կամ հեղինակային նյութի տեքստում՝ քողարկված տեսքով:
Կարևոր է նաև, թե ո՞ւմ է հասցեագրված գովազդը՝ ընտանիքին, տղամարդուն, կնոջը, երեխաներին, թե՞ ձեռնարկություններին, արտադրանքի ի՞նչ տեսականի է գովազդվում՝ սննդամթերք, պերճանքի առարկաներ, էլեկտրատեխնիկա, տեղեկություններ բանկերի մասին և այլն:
Գովազդային հետազոտողները փաստում են, որ գովազդն ամենաազդեցիկ և կարևոր ձևն է աշխարհում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1517216438563426&id=100008252523676¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել