Արցախյան պատերազմից հետո «Ազատամարտիկ» կոչումը մի տեսակ շատ է լղոզվել։ Համ պատերազմի ավարով հարստացած գեներալները կոչվեցին ազատամարտիկ, համ հաշմանդամ դարձած ու չքավորության մեջ հայտնված կռվող տղերքը։ Ուրիշի թափած արյան հաշվին միլիոնատեր դարձածներն անմիջապես շքեղ պալատներով փոխարինեցին իրենց խղճուկ տնակները, իսկ պայթած ջորիների փոխարեն «հեծեցին» ամենավերջին մոդելների նորագույն ջիպերը, հետո քարի հանքեր, օբյեկտներ, բիզնեսներ, պաշտոններ ու միլիոններ։ Բա ոնց, սկզբունքը մեկն էր՝ «Երբ որ մենք կռվում էինք՝ ձեզ խանգարու՞մ էինք»։ Իրական պատերազմը փոխանակելով բիզնես պատերազմի՝ մեր ազատամարտիկներից շատերը դարձան փախած հարստությունների տեր օլիգարխներ, որոնց կողքին մի կերպ իրենց գոյությունն էին քարշ տալիս կռված տղերքը։ Ի դեպ, երբ մեր հարուստ ազատամարտիկներից մի քանիսին իշխանությունները գծերից գցեցին, սրանք միանգամից, ընդդիմադիր կեցվածքով, սկսեցին քլնգել իշխանությանը, միանգամից հիշել իրենց ով լինելը, պատերազմը, թուրքը, հողերը, փողերը։
Իսկ օրեր առաջ փողոցում սկսեցին կրկին ազատամարտիկ տփել, ու մենք միանգամից ընդվզեցինք. այ ստեղ ստոպ բեյբի, կասեր մերօրյա հեռուստաեթերի գալիվուդյան աստղը, որ էսքան տարի էդ նույն ազատամարտիկներին հոգեպես տփում են էն մյուս հարուստ ազատամարտիկները, էդ ժամանակ որտե՞ղ եք դուք լինում։ Թե՞ կասեք, որ հարուստներն ազատամարտիկ չեն։ Իհարկե կասեք, բայց անմիջապես կհայտնվեն լուրջ դեմքով տղերք, որ ձեզ հակառակում կհամոզեն։ Ազատամարտիկ են, բա ի՞նչ են, ուղղակի ոչ թե ազատության մարտիկներ, այլ ազատ կյանքում մարտեր հրահրողներ։ Եթե ուզում եք իմանաք իմ կարծիքը, ապա հույս ունեմ, որ այս հարցը հարուստ ազատամարտիկների պատվի (իհարկե, եթե մի փոքր մնացել է) հարցն է։ Ու եթե նրանք ուզենան, շատ շուտ կպարզեն մեղավորների ինքնությունը։ Թե չէ վերնագիր ես կարդում՝ տփել են ազատամարտիկներին, մի պահ մտածում ես՝ արա կարող ա՞ օլիգարխ ազատամարտիկների են տփել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1374511292846159&id=100008619030183&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել