Life.panorama.am-ը գրում է․

Շուրջս շատ մարդիկ կան, ովքեր «հանկարծակի» հաջողության են հասնում ու իրենք էլ հավատում են դրան. Արթուր Պետրոսյան

Դերասան Արթուր Պետրոսյանն, ով հեռուստադիտողին առավել շատ հայտնի է Հանրային հեռուստաընկերության սերիալներին և «Կյանքի կարուսել» նախագծից, այսօր գումար վաստակում է ձայնի օգնությամբ:   Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է էկրանային բացակայության, դերասանի խնդիրների, կին-տղամարդ հարաբերությունների ու «հանկարծակի վրա հասնող» հաջողությունների մասին:

-Արթուր, էկրաններին չեք երևում, այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Հիմնականում զբաղվում եմ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող ֆիլմերի, սերիալների և մուլտֆիլմերի կրկնօրինակմամբ: Մասամբ զբաղված եմ նաև կազմակերպչական գործունեությամբ և կորպորատիվ միջոցառումներով: Երբեմն էլ, համերգների ժամանակ, հաղորդավարի կարգավիճակով եմ հանդես գալիս:

-Սերիալների շրջանն ավարտվե՞ց:

-Այն, ինչն առաջարկում են, որպես դերասան՝ ինձ չի գոհացնում: Նաև, երբեմն, ֆինանսական անհամաձայնության պատճառներն են խանգարում:

-Որպես դերասան՝ ի՞նչը չի գոհացնում:

-Չեմ ուզում հանդես գալ փոքր, աննշան կերպարներում: Ավելին եմ ակնկալում, որտեղ հնարավորություն կունենամ, կցանկանամ ստեղծագործել, աշխատել, այլ ոչ զուտ էկրաններից երևալ:

-Բայց այդ բացակայությունը Ձեր գրպանին չի՞ «հարվածում»:

-Համաձայն եմ, որ սերիալները նյութական առումով բավականին բարելավեցին դերասանների կյանքը: Իմ դեպքում այդ բացակայությունն այնքան էլ զգալի չէ: Փառք Աստծո, շարունակում եմ իմ մասնագիտությամբ աշխատել, թեև՝ կադրից դուրս, ձայնիս միջոցով:

-Թատրոնում զբաղվածություն չունե՞ք:

-Ներկա պահին՝ ոչ, բայց ցանկություն կա, մոտ ապագայում կմտածեմ այդ մասին:

-Կսխալվե՞մ, եթե ասեմ, որ ձեզ դեռևս գեղարվեստական ֆիլմերում չենք հանդիպել:

-Մի քիչ կսխալվեք (ժպտում է): Ֆիլմերում հանդես եկել եմ, պարզապես ոչ շատ մեծ կերպարներում: Որոշ առաջարկներ էլ ինչ-ինչ պատճառներով մերժել եմ:

-Ի՞նչ ֆիլմումի՞նչ կերպարով կցանկանայիք հանդես գալ:

-Նախ, կցանկանայի այնպիսի ֆիլմում և այնպիսի ռեժիսորի հետ համագործակցել, որտեղ հաճույքով աշխատելու հնարավորություն կունենայի: Կուզեի ստեղծել մնայուն, ասելիք ունեցող կերպար:

-Կհրաժարվե՞ք այն կերպարից, որը ձեզ դուր չի գալիս:

-Իհարկե կհրաժարվեմ, հատկապես, եթե ինձ «չհամոզեն», որ արժի փորձել… Խոսքը մասնագիտական համոզմունքի, վստահության մասին է:

-Արթուր, կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:

-Ծնվել և մեծացել եմ սեփական քրտինքով ապրող աշխատավոր մարդկանց ընտանիքում, հայ ընտանիքում, որտեղ առաջնայինը մարդկային արժեքներն են, անկեղծությունը, բարությունն ու պարզությունը:

-Դեռ ինքներդ ընտանիք չե՞ք կազմել:

-Կազմել եմ, իհարկե. ունեմ երկու որդի: Մեծ տղաս ինձ հետ նկարահանվում էր «Կյանքի կարուսել» նախագծում:

-Գո՞հ եք ֆինանսական այն հնարավորություններից, որն ունի տղամարդը՝ ընտանիք պահելու համար:

-Մի բան ասեմ. որքան էլ հանուն արվեստի լինենք, պետք է հասկանանք նաև, որ դերասանները նույնպես ունեն ապրելու, սնվելու և ընտանիք պահելու խնդիր: Իսկ թատրոններում այսօր դերասանները վաստակում են անհավանական ցածր գումարներ: Նրանց կարելի է ամսական գոնե մեկ անգամ շքանշան տալ, որ դեռ մնում են… Դա «սրտհովանք» կլիներ… Ցավալի է դերասանների նյութական խնդիրը ու, կարծում եմ, այսպես դեռ երկար կշարունակվի: Դրա հետևանքով շատերը լքում են երկիրը, կամ էլ զբաղվում իրենց մասնագիտության հետ կապ չունեցող աշխատանքով, որպեսզի ապրեն: Սա մեծ աղետ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել