1in.am-ը գրում է․
Բնական գազի հերթական թանկացման փաստն արձանագրվեց ավտոգազալցակայանների օրինակով: Մինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհուրդ էր տալիս խոսակցություններով չառաջնորդվել, այսօր արդեն գազալցակայաններում 1 խմ գազն արժե 210 դրամ, իսկ որոշ գազալցակայաններում՝ անգամ 230 դրամ: Մինչդեռ նախկինում նույն՝ 1 խմ գազի դիմաց լցակայաններում վարորդներից պահանջում էին 170-190 դրամ:
Ուշագրավ է, որ 1 խմ գազի դիմաց 230 դրամ պահանջում են հիմնականում Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում, որոնց թիվն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում քիչ չէ: Դրա մասին անգամ ֆեյսբուքյան օգտատերերն են ահազանգում:
«Աշտարակում նույնն ա ու քաղաքից դուրս էլի չի թանկացել, բայց Երևանում 200 ա, տեղ կա՝ 230, օրինակ՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ-ներում»,- գրել է օգտատերերից մեկը:
Նշենք, որ բոլոր գազալցակայանները գազ ձեռք են բերում «ՀայՌուսգազարդից», որն էլ իր հերթին գազը ձեռք է բերում Ռուսաստանից, ընդ որում՝ դոլարով: Վերջին շրջանում նրանք պարբերաբար հայտարարում էին, որ դոլարի գնի բարձրացման հետ կապված՝ իրենք վնասով են աշխատում և առաջիկայում պետք է հաշվարկեն ռիսկերը: Ռիսկերի հաշվարկման արդյունքում է գնի բարձրացումը, թե ոչ՝ մեզ չհաջողվեց պարզել. «ՀայՌուսգազարդից» այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին:
Ամեն դեպքում գազի ներկայիս գինը ձևավորվել է այն ժամանակ, երբ դոլարն արժեր 410 դրամ, իսկ այսօր արդեն 1 դոլարը տատանվում է 450-460 դրամի սահմաններում, և պարզից էլ պարզ է, որ «ՀայՌուսգազարդը» չէր կարող բաց թողնել ժողովրդին կեղեքելու հերթական հնարավորությունը:
Ինչ վերաբերում է գազալցակայաններում գազի գնի ձևավորման անհատական մոտեցումներին, ապա «Առաջին լրատվական»-ը փորձեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պարզել՝ վերահսկողություն կամ ուսումնասիրություն կատարվո՞ւմ է այս ոլորտում, թե՞ ոչ: Սակայն պարզվեց, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ կատարելու իրավասություն չունի գազի շուկայում, քանի որ այստեղ, հանձնաժողովի խոսնակի խոսքով, գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան:
Նշենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս որևէ հայտ չի ստացել «ՀայՌուսգազարդից»՝ գազի սակագինը բարձրացնելու խնդրանքով: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերության խոսնակ Շուշան Սարդարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ այս պահի դրությամբ անհրաժեշտություն չեն տեսնում սակագնի վերանայման հայտով դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
«Ճիշտ է՝ ընկերությունը փոխարժեքային վնասներ է կրում, սակայն դա դեռ հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողովին»,- ասել է Սարդարյանը:
Իսկ թե այդ դեպքում ով է գազալցակայաններին թույլ տվել թանկացնել գազը, այն էլ՝ 30-40 դրամով, հայտնի չէ: Թերևս սա ևս շուկայում բարձիթողի վիճակի արդյունք է:



