Cosmo.am-ը գրում է․
Հ.: Ես ու ընկերս սկսել ենք միասին ապրել: Սակայն նա երբեք չի հավաքում իր իրերը: Ինչպե՞ս կարող եմ առանց ավելորդ փնթփնթոցի հասնել նրան, որ նա կարգի բերի իրերը:
Պ.: Տղաները սիրում են իրենց ընկերուհիների բնակարանները: Դրանք մաքուր են, կոկիկ, ամեն ինչ միշտ իր տեղում է: Եվ նրանց թվում է, թե այդ կարգուկանոնը հաստատվում է «գերբնական ուժի» շնորհիվ: Նրանք չեն էլ պատկերացնում, թե որքան ջանք է պահանջվում կանանցից այդ ամենն ապահովելու համար: Տղամարդիկ չեն զբաղվում տնային գործերով երկու պատճառով. նախ՝ նրանք սովոր են նման միջավայրում ապրելուն, ուստի չեն նկատում, երբ շուրջբոլորը թափթփված է:
Երկրորդ` նրանք ենթադրում են, որ այդ նույն գերբնական ուժի օգնությամբ դու կշարունակես զբաղվել տնային գործերով և բնակարանի մաքրությամբ: Հարկավոր է նրա մոտ սովորություն ձևավորել: Օրինակ՝ երբ ընթրիքից հետո կեղտոտ ափսեները տեղադրում ես սպասքի լվացման մեքենայի մեջ, խնդրիր, որ նա առավոտյան հանի դրանք և շարի պահարանում: Կամ ասա նրան, որ չորեքշաբթի օրը հյուրեր ունես և խնդրիր, որ առավոտյան՝ տնից դուրս գալուց առաջ, հավաքի անկողինը: Նման փոքրիկ քայլերի շնորհիվ ձեր բնակարանն ի վերջո կոկիկ տեսք կունենա:
Հ.:Երեկոյի ժամանակ ես ծանոթացա մի տղայի հետ և ավարտից հետո գնացի նրա բնակարան: Այժմ մենք շփվում ենք հեռախոսով կամ համացանցի միջոցով, սակայն նա չի շտապում ինձ ժամադրության հրավիրել: Ինչո՞ւ:
Պ.: Ոչ մի դատապարտելի բան չկա այն հանգամանքի մեջ, որ ծանոթանալուց անմիջապես հետո տղայի հետ գնացել ես նրա բնակարան: Սակայն, արդյունքում, նա թերևս չի ընկալում քեզ ավելի երկարատև հարաբերություններ հաստատելու տեսանկյունից: Հիմարություն է, այնպես չէ՞: Այնուամենայնիվ, տղաների մեծ մասն այդպես է մտածում, և դա հնարավոր չէ փոխել: Իմ կարծիքով՝ նա շարունակում է շփվել քեզ հետ նամակների միջոցով զուտ կապ պահելու նպատակով, որպեսզի հետագայում ևս կարողանա հանդիպել քեզ` «ընկերական» սեքս ունենալու համար:
Չեմ պնդում, որ նրա զգացմունքները չեն կարող փոխվել, և նա քեզ երբեք ժամադրության չի կանչի, սակայն դա քիչ հավանական է: Ուստի դու պետք է ինքդ որոշես՝ արդյոք քեզ հարմար է դեպքերի զարգացման նման ընթացքը: Եթե՝ ոչ, ապա նրան հաղորդագրություն ուղարկիր մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «Ես շատ ուրախ կլինեի հանդիպել քեզ հետ ոչ միայն քո բնակարանում: Եթե դու նման ցանկություն չունես, ես կհասկանամ: Սակայն այդ դեպքում, կարծում եմ, մեր հետագա շփումն անիմաստ է, և ամեն մեկս պետք է գնա իր ճանապարհով»: Վատագույն դեպքում` գոնե կիմանաս` ինչ ծրագրեր ունի նա քո նկատմամբ, դե, իսկ լավագույն դեպքում` կստանաս ժամադրության հրավեր:
Հ.: Նշանածս շատ կապված է ծնողների ու քրոջ հետ և իր կյանքի բոլոր կարևոր իրադարձությունները, ինչպես օրինակ` աշխատանքային առաջխաղացումը և այլն, առաջին հերթին հայտնում է նրանց: Մի՞թե չեմ կարող պահանջել, որ նա նախ պատմի ինձ և ապա միայն իր ընտանիքի անդամներին:
Պ.: Գուցե սովորության հարց է: Ամենայն հավանականությամբ, նա այդպես է վարվել միշտ: Այնուամենայնիվ, այժմ, երբ որոշել եք ընտանիք կազմել, դու կարող ես ակնկալել, որ նա նախ հայտնի այդ լուրերը քեզ: Սակայն հարկավոր է նրբանկատ լինել, այլապես նա կարող է ենթադրել, որ դու քեզ իր ընտանիքից վեր ես դասում: Սկսիր հեռվից: Ցույց տուր, որ նա քեզ համար ամենակարևոր մարդն է աշխարհում:
Երբ առիթ ստեղծվի, ասա. «Սիրելի՛ս, ցանկացա առաջինը քեզ պատմել այդ մասին, իսկ այժմ կտեղեկացնեմ ծնողներիս»: Եթե դա չօգնի, և նա համապատասխան հետևություններ չանի, ուղղակիորեն ասա. «Ես անհարմար եմ զգում այս թեման բարձրացնել, սակայն շատ կուզեի, որ դու առաջինն ինձ հայտնեիր քո կյանքի կարևոր իրադարձությունների մասին: Դա ինձ հնարավորություն կտա զգալ, որ մենք ևս ընտանիք ենք»: