Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ ելնելով ՌԴ տնտեսական ծանր վիճակից, հայրենիքում, հնարավոր է, որոշ ներդրումներ կամ ծրագրեր չիրագործվեն։ Նրա խոսքով՝ ԵՏՄ-ԵՄ կամուրջ դառնալու համար Հայաստանը պետք է աշխատի բոլորի հետ. «Միայն բառերով «բլա-բլա» անենք, ոչ մի կամուրջ էլ չի լինի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև էլ կամուրջ չի լինի։ Մենք պետք է աշխատենք բոլորի հետ, մեկի հետ բարեկամություն անել, չի նշանակում, որ մեկի թշնամի ենք, սա շատ վատ սովորություն է։
-Պարո՛ն Աբրահամյան, Ռուսաստանի նկատմամբ ճնշումները կոնկրետ Ձեր բիզնես գործունեության վրա ի՞նչ ազդեցություն է թողել, և արդյո՞ք մտավախություն չկա, որ Հայաստանի՝ առանց այդ էլ փոքր տնտեսությունը ճգնաժամի մեջ կհայտնվի։
-Եթե Ռուսաստանում խնդիրներ կան, եթե ճգնաժամ լինի, չի կարող այդ ճգնաժամը նաև մեր վրա չազդել։ 145 մլն. մարդ կա Ռուսաստանում, եթե խնդիր է, ճգնաժամի վտանգ կա, դա արդեն իրենց բոլորի վրա էլ ազդում է։ Բայց մենք՝ ՌԴ քաղաքացիներս, բոլորս ընդունում ենք շատ պարզ բան, որ մենք պետք է շարունակենք մեր գործով զբաղվել, պետք է աշխատենք, բացի այդ պետք է համախմբվենք իրար կողքի, իշխանության շուրջ, որպեսզի կարողանանք այս իրադարձությունից ավելի հանգիստ դուրս գալ, առանց որևէ խուճապի, առանց նվնվալու, թե վայ, վատ է լինելու։ Ռուսաստանի տնտեսությունում նման բան տարբեր շրջաններում եղել է։ Հետո մի մոռացեք, որ Ռուսաստանը տեսել է Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմներ, հեղափոխության ժամանակ դժվար է եղել, Լենինգրադի բլոկադա, այնպես որ դուրս է եկել բոլոր այդ դժվարություններից հաղթող, այնպես չի, որ հուսահատվենք։
-Իսկ կոնկրետ Հայաստանի վրա այդ ազդեցությունն ինչպե՞ս եք գնահատում։
-Հայաստանը մեր քաղաքական և տնտեսական պարտնյորն է, մենք համագործակցում ենք, և Ռուսաստանի ամենամոտիկ և ամենալավ բարեկամն է։ Իսկ դա արդեն նշանակում է, որ եթե ճգնաժամ կա Ռուսաստանում, և Ռուսաստանի տնտեսությունն էլ Հայաստանի հետ է կապված, ուրեմն խնդիրներ, երևի, պետք է որ լինեն, ես չգիտեմ։ Արդյունքում հնարավոր է՝ չլինեն նախատեսված ծրագրերը այնպես, ինչպես պլանավորված էր, այսինքն, եթե մենք Ռուսաստանից ներդրումներ պետք է իրականացնեինք հայրենիքում, կամ ինչ-որ գործեր իրականացնեինք, այսօր ինչ-որ խնդիրներից ելնելով՝ կարող է դա չիրագործվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



