«Գրասենյակային» պայքարի նախաձեռնումից հետո ոչ իշխանականները տարբեր հարթակներով խոսում էին այն մասին, որ Եռյակը միացյալ ուժերով սկսում է պայքարի նոր ձև: 
Ինչպես հիշում ենք քաղաքական դաշտում, Եռյակի գործընթացի մեկնարկից հետո, ժամանակ առ ժամանակ, համապատասխան փաստարկներով խոսվում էր այն մասին, որ նախաձեռնության «սեփականատերը» և այդ բևեռում որոշումներ կայացնողը բացառապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է: Այս թեզին բազմաթիվ անգամ անդրադարձել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները` փորձելով ապացուցել, որ կառույցի ներսում որոշումները կայացվում են համատեղ:

Օրերս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչներին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցության: Հատկանշական է այն փաստը, որ ժողովին ներկա էին միայն գրասենյակների ԲՀԿ-ական ներկայացուցիչները: Հարց է առաջանում, որտե՞ղ էին գրասենյակի ՀԱԿ-ի և Ժառանգության անդամները: 
Մյուս կարևոր դիտարկման մասին. որքան էլ դժվար է, ամեն դեպքում ընդունենք` մյուս կուսակցությունների ներկայացուցիչներն ինչ-ինչ պատճառներով չէին կարողացել ներկա գտնվել ժողովին: Այդ դեպքում ինչու՞ դահլիճում, բացի Բարգավաճ Հայաստան կուսակցության լոգոներից, դրոշակներից, տարբերանշաններից, բացի այլ` միասնություն խորհրդանշող ոչ մի նշան չկային: Չէ՞ որ շարժման սկզբում բոլոր երեք կառույցների լոգոներն էլ լինում էին ցանկացած հավաքի ժամանակ:

Հարկ է նշել, որ Եռյակի ձևաչափով ցանկացած հանդիպում կամ խորհրդակցություն տեղի է ունենում ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: Ակնհայտ է, որ Եռյակում դոմինանտի դեր է ստանձնել ԲՀԿ-ն: Բացի վերոնշյալ դիտարկումներից, ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ բացի ԲՀԿ առաջնորդից, ուրիշ ոչ մի կուսակցության ղեկավար չխոսեց ժողովի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել