Սեյրան Օհանյանն այսօր՝ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, հայտարարել է, որ պետության խնդիրն է տղաներին դաստիարակել հայրենասեր ու տղայական (կարդա բլատնոյ) ռոմանտիկայից հեռու։

Միանգամայն համաձայն եմ Օհանյանի այդ թեզի հետ, սակայն հարկ եմ համարում հավելել, որ դա մենակ պետության անելիքը չէ։ Ասեմ ավելին, պետության ներգրավվածությունն այս հարցում ավելի փոքր պետք է լինի, քան ընտանիքինն ու մերձավոր շրջապատինը։

Գողական բարքերով դաստիարակվող տղաները հետո բանակ են գնում, ու էդ բռավադան հաճախ կամ իրենց դեմ է ելնում, կամ էլ ուրիշի։ Օրինակ, բանակում տեղ գտնող ինքնասպանությունների 90 տոկոսը հենց ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք են լինում։ Իմ հիշողության մեջ մենակ ինքնասպանության մի դեպք կա, երբ զինվորն իրեն կախել էր, որովհետև օտպուսկի ժամանակ իմացել էր, որ մայրը սիրեկան ունի։ Մնացած բոլոր դեպքերում էդ երեխեքին ինքնասպանության էին հասցրել կամ համածառայակիցները, կամ էլ հրամանատարները, բայց առավելապես՝ համածառայակիցները։

Ինչ խոսք, ինքնասպանությունների ու ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով գրանցվող այլ հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է, ու դա անհերքելի փաստ է արդեն, բայց եկեք հասկանանք, թե ինչի՞ հաշվին։ Պատասխանը մի բառով կարելի է ասել՝ ուստավ։

Եթե հասնենք նրան, որ նորակոչիկը դեռ չաստ մտնելուց առաջ իմանա, որ ոչ թե Կոշի գաղութ ա գնում ու պալաժենեցի կարգավիճակ ստանալու հնարավորություն ունի, այլ գնում ա զորամաս ու իր զինվորական աճի հեռանկարը ոչ թե պալաժենեց դառնալն ա, այլ, ասենք, կրտսեր հրամանատար, եթե նորակոչիկը իմանա, որ շարքայինը շարքային ա, սերժանտը՝ սերժանտ, սպան՝ սպա, ու նրանք բոլորն էլ ունեն փոխադարձ իրավունքներ ու պարտավորություններ, որոնք մաքսիմալ հստակ ձևակերպված են կանոնադրությունում և օրենսգրքում, ապա հավատացեք, ինքնասպանություններից էլ համարյա ամբողջությամբ կձերբազատվենք մեր բանակում, այլ հանցագործություններից էլ։

Բայց այս ամենը պետք ա զինվորի մեջ ներդնել ոչ թե սբոռնի պունկտում հայտնվելուց հետո, այլ դաստիարակության ամենասկզբից, ու դա կարող է և պետք է անի տվյալ տղայի ընտանիքն ու շրջապատը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել