Խոսելով մարդու իրավունքների պաշտպանվածության մասին՝ կարելի է հանգել երեք դատողությունների.
1. Մարդ պետք է հասկանա իրավունքի էությունն ու բովանդակությունը, ցանկանա պաշտպանել և պաշտպանված տեսնել այն:
2. Դատարանները պետք է լինեն անկախ և պատասխանատու որոշումներ կայացնեն, չլինեն կոռումպացված,
3. Օրենքները պետք է լինեն լեգիտիմ և հավասարապես արտահայտեն մարդու և մնացած մասնակիցների իրավունքները:

Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանվածության մասին Հայաստանում՝ պետք է ընդգծել, որ մեզանում նշված երեք պահանջները հեռու են բավարար լինելուց: Մարդու ինքնագիտակցումը, առավել ևս իրավական գիտելիքների մակարդակը ցածր է: Դատարանները հաճախ կայացնում են ոչ իրատեսական և կամայական որոշումներ, որը հաճախ պայմանավորված է դատարանի անկախության բացակայությամբ և/կամ կոռուպցիոն ռիսկերով: Օրենսդրությունը հեռու է լեգիտիմ լինելուց:
Մի բան մխիթարական է, որ վերջին տարիներին մեզանում սկսել են ձևավորվել քաղաքացիական հասարակության ակտիվ օղակներ, որոնք ակտիվություն և նախաձեռնողականություն են ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նկատվում է նաև խոսքի ազատության զարգացում, ինչն անփոխարինելի դերակատարություն ունի մարդու ինքնագիտակցության բարձրացման և իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում:
Շնորհավորում եմ մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ողջ հասարակությանը և հատկապես նրանց, ովքեր հանդիսանում են իրավունքի պաշտպանության ջատագովները և զինվորագրվել են այս կարևոր գործին: Միգուցե նրանք այսօր քիչ են, բայց անպայման կդառնան հոծ բանակ, և վստահ եմ, որ կկատարեն հասարակության և պետության առջև ծառացած մարդու իրավունքների պաշտպանվածության ապահովման կարևոր խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել