Life.panorama.am-ը գրում է․

Արժույթի գների փոփոխություններով պայմանավորված տարբեր ապրանքային շուկաներում թանկացումներ են նկատվում: Փորձագետները նշում են, որ թանկացումներն անխուսափելի են ներկրված ապրանքների պարագայում, որովհետև տնտեսվարողը դոլարով է ապրանք ձեռքբերում, իսկ վերջինիս գինը բարձրացել է: Ինչպիսի՞ իրավիճակ է դեղերի շուկայում: Life.panorama.am-ը զրուցել է Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի հետ:
-Պարոն Զաքարյան, գնային առումով ինչպիսի՞ իրավիճակ ունենք դեղերի շուկայում:
-Ինչպես Հայաստանի արդյունաբերության բոլոր ոլորտների համար դոլարի այսպիսի թանկացումն իր բացասական ազդեցությունն է ունենում, այնպես էլ այդ ազդեցությունը կա դեղագործական շուկայում: Քանի որ մեր տեղական արտադրողներն իրենց հումքը գնում են այլ երկրներից և ներմուծում են, իսկ դա գնվում է արտարժույթով, հետևաբար թանկացումն անխուսափելի է: Հումքի 90 տոկոսը գնվում է դրսում և ներմուծվում է, դրա համար էլ գների վրա ազդում է; Բնականաբար, նաև թանկացումներ կլինեն արդեն պատրաստի դեղ ներմուծողների պարագայում, դա ըստ համաչափության:
-Դեղերի շուկայում թանկացումը քանի՞ տոկոսի շրջանակում է:
-Արդեն հաշվարկներն արվել են, մինչև 7 տոկոս դեղերը կթանկանան: Բայց ասեմ, որ թանկացման գործում իր ազդեցությունն է թողել նաև դրոշմապիտակավորումը: Առողջապահության նախարարը նշել էր, որ իրենց հաշվարկներով դրոշմապիտակավորումը դեղամիջոցները կթանկացնեն 3-5 դրամով: Բնականաբար այդքան չէ, այլ ավելին է: Ինչու, որովհետև այդ գործընթացն իր մեջ ներառում է տարածքների համապատասխանեցում, նոր աշխատողների ընդունում և այլն, այդ բոլորը ծախսեր են, որին մասնավոր հատվածը պատրաստ չէր, պլանավորված չէր: Բայց քանի որ դա նոյեմբերի 1-ից դարձավ օրենք, մեր ներմուծողներն ու արտադրողները լուրջ խնդիրների առաջ են կանգնած այդ գործընթացը կազմակերպելու հարցում: Այդ գործընթացի իրականացման հետ կապված մեծ խառնաշփոթ է տիրում:
-Այս թանկացումներն ի՞նչ դժվարություններ են ստեղծում տեղական դեղարտադրողների համար, արդյո՞ք մրցակցության խնդիր է առաջ գալիս կամ միգուցե սպառման ծավալների կրճատման խնդիր կա:
-Չեմ կարծում մրցակցային կամ այլ լուրջ խնդիրեր կարող են լինել, պարզապես ինչպես ցանկացած բիզնես գործընթացում թանկացումներն իրենց բացասական ազդեցությունը կունենան ապրանքի ինքնարժեքի և արտադրական գործընթացի վրա:Միայն դեղագործությունը չէ, բոլոր ոլորտների վրա էլ տեսնում ենք դոլարի թանկացման ազդեցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



