««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Գյումրիում հայտարարել է, որ Ծառուկյան ազգանունն Աստված է տվել հայ ժողովրդին, և ինքը սրբությամբ պահելու է այն: Սրան զուգահեռ՝ Ծառուկյանը հայտարարել է, որ համաժողովրդական շարժումը ծավալվում է և թափ է հավաքում:

Երևի թե, սակայն, համաժողովրդական շարժումն արդեն պատմություն է, և Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, մոնարխիստական շարժում է հռչակում Հայաստանում: Խնդիրն այն է, որ միապետներն էին, այսպես ասած, Աստծո տվածը, այսինքն՝ միապետների իշխանությունն էր համարվում աստվածային ծագման, և այդ իսկ պատճառով նաև այդ իշխանությունը փոխանցվում էր ժառանգականորեն:

Ժողովրդավարական համակարգերում և հասարակարգերում, ժողովրդավարական մշակույթներում Աստված որևէ ազգանուն կամ որևէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին կամ հասարակություններին: Նման համակարգերում Աստված մարդկանց ինչ-որ մեկի անունը կամ ազգանունը տալու փոխարեն, կյանք է տալիս և բանականություն, ըստ որի նրանք ընտրություն են կատարում և քաղաքական գործունեության մեջ մասնավորապես ընտրում են իրենց լիդերներին, անհատների կամ խմբերի են ընտրում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել