Armtimes.com-ը գրում է․
«Մեր ազգը սաղ կյանքը եղել է ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին մեկը պետք է լինի, պարսիկը, ռուսը, թուրքը, լավ չի՞, ոնց որ ասած, ռուսի իշխանության տակ լինենք: Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, որ եթե ռուսը չլիներ, ոնց էինք Ղարաբաղ պահում»: Սա այն աղմկահարույց հայտարարությունն է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագրի վավերացումից հետո լրագրողների հետ զրույցում արել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցիալական ցանցերում, հանրային քաղաքական շրջանակներում: Եւ ահա՝ երեկ Մհեր Սեդրակյանը slaq.am կայքի միջոցով ներողություն է խնդրել իր հայտարարության համար: «Ես խոնարհվում եմ արցախյան պատերազմում զոհված մեր բոլոր եղբայրների շիրիմների առջեւ եւ հայտարարում եմ, որ որեւէ մեկը՝ այդ թվում եւ ես, չենք կարող ժխտել մեր հերոս եղբայրների եւ հարազատների անուրանալի դերը արցախյան հաղթանակում, եւ ես ընդամենը ցանկանում էի նշել, որ պետք չէ չնկատել նաեւ Ռուսաստանի դերը մեր հաղթանակներում: Ես ընդամենը ուզում էի ասել, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ վճռական պահերին մեր կողքին է եղել: Կարծում եմ՝ մտքերս ճիշտ չձեւակերպելու պատճառով վիրավորեցի մեր զոհված տղաների հարազատներին, ընտանիքներին, ցանկանում եմ ներողություն հայցել բոլոր մեր հերոսների ընտանիքներից»,- ըստ slaq.am-ի՝ ասել է Սեդրակյանը: Սա, թերեւս, այն եզակի դեպքերից է, երբ Սեդրակյանը ներողություն է խնդրում, այն էլ՝ հրապարակային: Այս փաստը ինքնին, որ հանրությունը կարող է Հայաստանի անպատժելիների դասի առանցքային ներկայացուցիչ Թոխմախի Մհերին ստիպել, որ նա ներողություն խնդրի, թերեւս վկայում է, որ անկախ ամեն ինչից՝ մեր հանրային կյանքում էական փոփոխություններ են տեղի ունեցել:



