Tert.am-ը գրում է․
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեփական վերլուծությունն է կատարել և հաստատում է՝ տարվա վերջին նախատեսված գնաճի ցուցանիշը քիչ հավանական է, որ ավելի բարձր լինի նախատեսված 5%-ից։ Սակայն, ըստ նրա, դա չի սփոփում, և Կառավարությունը պետք է ուղղակիորեն միջամտի գործընթացներին։ «Պետք է աշխատավարձի մասին օրենք ընդունի, որ ինդեքսացիա տեղի ունենա, թոշակ, նպաստների որոշակի հավելում տա, որպեսզի այս գնաճը մեղմի, որովհետև ամբողջությամբ չի կարող չեզոքացնել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ Կառավարության քայլերը դեռևս միայն հայտարարությունների տեսքով են։
-Պարո՛ն Մինասյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ գնաճը կազմել է 5%, ինչը դոլար-դրամ փոխարժեքի տատանումների դեպքում նորմայի սահմաններում է։ Մինչդեռ շատ փորձագետներ, տնտեսագետներ պնդում են, որ գնաճը 5%-ից ավելին է։ Ըստ Ձեզ, գնաճի տեմպը կառավարելի՞ է, թե դուրս է եկել վերահսկողությունից։
-Նախ պետք է հասկանալ, որ գնաճը որոշվում է որոշակի ապրանքների զամբյուղով, այսինքն՝ 480 ապրանքների գներն են դիտարկվում ամսական երեք անգամ։ Չպետք է մի ապրանք վերցնել ու ասել՝ թանկացել է 20%-30%-ով, այլ պետք է հաշվել բոլոր ապրանքատեսակների միջին աճը։ Այս կտրվածքով որ նայում ենք, տեսնում ենք, որ այո, գնաճը գտնվում է սահմանված տիրույթում, բայց առաջացման պատճառներն ու պոտենցիալը հետագա լուրջ վերլուծությունների ենթակա է, որովհետև 2,5% էր, և կտրուկ աճ արձանագրվեց։ Սա նշանակում է, որ բոլոր ապրանքատեսակների գծով այնուամենայնիվ աճ կա։ Մեր ապրանքների զգալի մասը ներմուծվում է, նշանակում է դոլարի ազդեցությունը մեզ մոտ մեծ է։ Երկրորդ պատճառն այն է, որ քանի որ ապրանքները, թեկուզ տեղական արտադրության, ուղղակիորեն կապվում են ներմուծվող ապրանքների գների հետ, սրանք էլ իրենց փոփոխության ազդեցությունն են ունենում, հետևաբար՝ ապրանքների գների վրա ինչ-որ ձևով ազդում է նաև դա։ Իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ այո, տարվա վերջին նախատեսված ցուցանիշը կպահպանվի, այսինքն՝ 5-5,5%-ից, քիչ հավանական է, որ միջին գնաճը բարձր կլինի։ Բայց դա չի սփոփում, Կառավարությունը պետք է ուղղակիորեն միջամտի, քաղաքացիների առաջնային, երկրորդային եկամուտների ինդեքսացման միջոցով, այսինքն՝ աշխատավարձի մասին օրենք ընդունի, որ ինդեքսացիա տեղի ունենա, թոշակ- նպաստների որոշակի հավելում տա, որպեսզի այս գնաճը մեղմի, որովհետև ամբողջությամբ չի կարող չեզոքացնել։ Կենտրոնական բանկը պետք է միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականություն իրականացնի՝ հստակ հայտարարելով արտարժութային կուրսերի նկատմամբ իր վերաբերմունքը և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ինտերվենցիոն քաղաքականությունը շարունակել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



