Մարդիկ ծնվում են, մի քիչ մեծանում, ծնողների սերը սկսում է քչություն անել: Սկսում են ամենուր սիրո նոր աղբյուրներ փնտրել: Միշտ չէ, որ իրենց ուզածը գտնում են, դե բա ո՞նց: Սերը հո հաց չի, որ առնես, սովից չմեռնես:
Սիրո այրող պակասից սկսում են խենթ քայլեր անել: Զվարճալիության աստիճանի միամիտ կերպով են ցուցադրում իրենց հմայվածությունը, նվաստանալու չափ են խնդրում սիրած անձի ուշադրությունը: Սիրո տեղ են ընդունում դիմացինի սեքսի և ապահովված լինելու ցանկությունը, հարգանք են համարում նրա քաղաքավարությունը: Չեղածն իրականություն են երևակայում, հետո դառնորեն հասկանում, որ սխալ էին: Հեռանում են մարդկանցից, իրենք իրենցից, կոտրվում, փորձում սրտի կրակը տարբեր կրակմարիչներով հանգցնել: Դրա համար տրվում են գինուն, ծխին, հորմոնների խաղին: Հետո հոգնում դրանից էլ ու ետ նայում, որովհետև առաջ նայելու հեռանկար չեն պատկերացնում: Ետ նայելն օգուտ չի բերում, առաջ նայելու համար արդեն ակնոց է պետք, որը դեռ չեն պատրաստել, չէ՞ որ ժամանակը ծախսում էին դեպրեսիայի մազոխիստական վայելքն ամբողջությամբ զգալու վրա: Հետո, նոր ցախ չլինելու պատճառով հոգու կրակը գնալով մարում է, անթեղվում կորցրածն ափսոսելու մոխրով: Ածուխները դեռ երկար են մլմլում, բավական է մի ուժեղ, նոր քամու շունչ` կրակը նորից է պարզում իր լեզուները: Բայց, դրանք արդեն նվազ են, թույլ, իսկ քամին գուցե կյանքի ձմեռը շնչած բուքն է, որն արտաշնչում է մարդու կրակի վերջին կայծերի վրա:
Մնում է միայն ապրել հիմա՛: Կողքիդ վառվող կամ մլմլացող կրակների հետ կապված հույս մի ունեցիր: Իրենք հազիվ են յոլա գնում, չգիտեն էլ, թե որոնք են ճիշտ վառվելու օրենքները, նախկինում էլ միայն հորմոնների առատությունից են վառվել, ոչ թե սեփական խելքով Ունեցածդ պաշարով կամ ինքնուրույն վառվիր, մարիր, կամ փորձիր բոցավառել նրանց էլ: Այդպես գոնե մարելուց առաջ մի գեղեցիկ խարույկ կլինի, ոչ թե խղճուկ ածխակույտիկներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/821131014576844?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել