1in.am-ը գրում է․
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանի զիննված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հայկական հետախուզադիվերսիոն խումբ է չեզոքացրել:
Նա հերյուրանք որակեց նման հրապարակումները, ապա հիշեցրեց, թե ինչ տեղեկություն էր երեկ տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել: «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- ասված էր հաղորդագրությունում:
Ի դեպ, արդեն այսօր Ադրբեջանը սկսել է հայտնել իր կողմից կատարված դիվերսիոն գործողության արդյունքում կորուստների մասին` խեղաթյուրելով միջադեպի պատճառները՝ դրանք ներկայացնելով որպես ճանապարհատրանսպորտային պատահարներ:



