Tert.am-ը գրում է․

Եթե, ինչպես հաղորդվում  է, Թուրքիան փորձի արգելել ԱՄՆ-ից Ուկրաինա հեղուկ գազի առաքումները Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ, ապա դա նշանակում է 3 բան՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել  ՌԴ Նախագահի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում, այս պարագայում գործ ունենք ռուս-թուրքական հերթական ջերմացման և թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վատացման հետ:

Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը ՝ ընդգծելով.«Թուրք -ամերիկյան հարաբերությունները գտնվում են իրենց ողջ պատմության ընթացքում ամենավատ վիճակում»:

Իսկ սա, ըստ Աղասի Ենոքյանի, նշանակում է, որ ԱՄՆ-ը այլևս չունի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու ազդեցություն:

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը, այս առաքումներին խոչընդոտելու պատճառներից մեկը նաև այն է, որ Թուրքիան պատրաստվում է  դառնալ Եվրոպային ռուսական գազը վաճառող հիմնական երկիրը և սրանով նա ի դերև է հանում առաջին հերթին Ուկրաինայի հույսը՝  այդկերպ լուծել իր գազային խնդիրներն այն բանից հետո, երբ Ռուսաստանի հետ չի կարողացել վերջնական լուծման հասնել գազի գնի շուրջ։

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ներկայումս   աննախադեպ վատ են ոչ միայն թուրք-ամերիկյան, այլև ադրբեջանա-ամերիկյան  հարաբերությունները:

«Մենք տեսնում ենք, որ Էրդողանի  ակնհայտ, բացահայտ հակաամերիկյան հայտարարությունների հետ կորելացվում են Ադրբեջանի ցինիկ և լկտի պատասխանները Պետդեպարտամենտի միանգամայն արդարացի քննադատությանը՝ կապված այս երկրում լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունների հետ: Մենք տեսնում ենք, որ համահունչ հայտարարություններ են թե՛ իմաստային, թե՛ ժամանակագրական առումով: Եվ կարծում եմ՝ ԱՄՆ-ը այս հարցում չի սահմանափակվի միայն Թուրքիայով և հարցեր կունենան նաև Ադրբեջանի հետ, ու այդ հարաբերություններն արդեն իսկ վատացել են, որովհետև հրապարակային հռետորաբանության մեջ աննախադեպ կոշտություն ենք տեսնում:  Ըստ որում, երկուստեք»,-ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է  թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման ֆոնին Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ անսպասելի դիրքորոշումներին, ապա Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ հայկական գործոնը կլինի ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկը և ոչ ամենակարևորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել