Դարերի ընթացքում առաջնորդ ընտրելու տարբեր մեխանիզմներ փորձարկելուց հետո մարդկության առաջադեմ հատվածը կանգ առավ դեմոկրատական ընտրական մոդելի վրա:
Կախված լինելով ժողովրդական լայն զանգվածների քվեներից` քաղաքական գործիչները հիմնականում չեն բարձրաձայնում հանրության թերությունների մասին, գովաբանում են ժողովրդին և շարունակ խոստումներ են տալիս:
Հանրության մեջ, սակայն, առկա են բազմաթիվ թերություններ: Առողջ հասարակարգում պետք է միշտ բարձրաձայնվեն այդ խնդիրները լուծումներ ստանալու նպատակով:
Հաճախ կառավարիչներ փոխելով` մարդիկ միամտաբար կարծում են, թե կյանքի նոր որակ կապահովեն: Քաղաքական կառավարիչը տեսակ է, որ երբեք չի փոխվում: Անհրաժեշտ է փոխել հանրությանը, ապա պետական կառավարման համակարգը:
Հանրությանը, ապա նաև պետությանը օգտակար լինելու համար բնավ պարտադիր չէ լինել պետական ապարատում: Իսկական ինտելեկտուալներն ու մտավորականներն են փոխում հանրությանը, թելադրում են արժեհամակարգ: Երբեմն պետությունը շահում է, երբ ի հայտ են գալիս ինտելեկտուալ գործիչներ, մտավորականներ, որոնք նաև քաղաքականությամբ զբաղվելու շնորհ ունեն:
21-րդ դարը մտավորականների համար ստեղծել է հանրության վրա ազդելու լայն հնարավորություններ, կարծիք թելադրելու միջոցներ:
Մտածել է պետք, պարոնայք մտավորականներ... Թե չէ հանուն արդարության քաղաքական պայքար ու նմանատիպ ծիծաղելի թատրոնները պարզապես ավելի են բարդացնում իրավիճակը...