Դարեր շարունակ Ռուսաստանին չեն սիրել, բայց հաշվի են առել, և երբ հզորացել է, փորձել են ճնշել, խեղճացնել, թուլացնել, հարձակվել են ու պարտություն կրել: Ամերիկացիները, լավ իմանալով, որ Ռուսաստանի հետ ուղղակի, անմիջական պատերազմն անօգուտ է և վտանգավոր, ընտրեցին այլ, խելացի ու տրամաբանական ճանապարհ… Նրանք փորձեցին Ռուսաստանին հաղթել ռուսներին` ռուսների, ուկրաինացիներին` ռուսների, հիմա էլ բելառուսներին` ռուսների դեմ հանելով… Փորձեցին Ռուսաստանում իրականացնել գունավոր հեղափոխություն` չստացվեց… Առայժմ չստացվեց, բայց դեռ կրկին կփորձեն… Իսկ հիմա կօգտագործեն ուկրաինացիներին, բելառուսներին և այդպես շարունակ, մինչև լիարժեք թուլացնեն կամ ոչնչացնեն սիբիրյան արջին:
ԱՄՆ-ն այդ ամենն անում է նաև Եվրամիության, եվրոպական երկրների տնտեսական անկման, տարիներ շարունակ ստեղծված առևտրատնտեսական կապերը խզելու, եվրոպացիների կյանքը վատթարացնելու միջոցով: Այդ ամենից նա առայժմ միայն շահողի դերում է և մի կրակոցով թուլացնում է թե′ Ռուսաստանին, թե′ եվրոպական երկրներին: Իհարկե, նպատակը նաև Ռուսատանին պատերազմի մեջ ներքաշելն է, սակայն Պուտինը հիմար չէ և գիտակցում է այդ ամենը և առայժմ ճշգրիտ կամ գրեթե ճշգրիտ կարողանում է հաշվարկել, խուսանավել և խուսափել նման առճակատումից:
Միաժամանակ ռուսներին այդքան էլ հեշտ չէ խեղճացնել: Ռուսները նման իրավիճակներում համախմբվելու և գոյամարտի մեջ մտնելու մեծ վարպետ են, ու Ռուսաստանի իշխանություններն այսուհետ արևմուտքից զիջում չակնկալելու դեպքում կգնան անսպասելի որոշումների ու քայլերի: Դրա վառ օրինակը Թուրքական գամբիտն էր՝ «Հարավային հոսքի» հետ կապված որոշումը: 
Այդ և մյուս գազատար խողովակների մասին խոսակցությունների ընթացքում հիշեցի խորհրդային ժամանակներում հայտնի «Մոսկվա-Կասիոպեա» ֆիլմը, այդ մոլորակին իշխող ռոբոտներին իրենց պարզ, բայց խորամանկ հարցով շարքից հանող ռուս երեխաներին… «А и Б сидели на трубе, А упало, Б пропало. Что осталось на трубе?», այս հարցը լսելու նման է եվրոպացիների պահվածքն ու վարքագիծը… Բայց ի հեճուկս նրանց, շահեց Թուրքիան, որն անհասկանալիորեն ջարդելով այդ հարցի տրամաբանությունը, հրեշի նման մնաց խողովակաշարի վրա նստած: Նա իրեն բնորոշ արևելյան խելացի, կշռադատված և ճկուն դիվանագիտությամբ կարողացավ շահավետ պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ, որի արդյունքում ավելի կշահի և կհզորանա: 
«Հարավային հոսքը» չեղյալ համարելուց հետո Եվրամիությունը, եվրոպական երկրները, գրեթե հայտնվելով նշված ռոբոտների կարգավիճակում, դանդաղ, բայց հաշտության եզրեր կփնտրեն, որովհետև առանց այդ և մյուս խողովակաշարերի նրանք կկանգնեն լուրջ էներգետիկ խնդիրների առաջ ու հսկայական ֆինանսական կորուստներ կկրեն: 
Ի՞նչ կտա այս հակամարտությունը, ո՞վ կշահի՝ դեռևս պարզ չէ, ցույց կտա ապագան…Սակայն Աստված չանի՝ մեկն ու մեկի նյարդերը տեղի տա…
Մի բան պարզ է ու հստակ, ԱՄՆ-ը հաստատ շահել է արդեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել