Պետք ա ասեմ.
Էրեկ ամբողջ ֆեյսբուքում Գյումրիի նկարներն էին՝ մեծամասամբ «ամոթի օր» վերնագրով:
Ուզում եմ հիմա հարցնել էն լրագրողներին, որ գնացել ու նկարել են տնակներում սառող երեխաներին, իրենց հետ երեխաների համար գոնե կոնֆետ տարե՞լ են, ուզում եմ հարցնել էն մարդկանց, ովքեր այդպես ակտիվորեն տարածում էին այդ նկարները, արդյո՞ք իրենց մոտ գրանցում էին այդ մարդկանց հասցեները, որ հնարավորության դեպքում իրենց մի անգամ ավել կաֆե գնալու կամ մեկ հատ ավել շորիկ առնելու գումարը հաջորդ անգամ տրամադրեն այդ ընտանիքի որևէ հարց լուծելու համար:
Եթե ոչ, ապա ու՞մ ա պետք այդ մարդասիրական ներկայացումները, որ մենք խաղում ենք ֆեյսբուքում:
Երեկ ամոթի օր չէր, երեկ հիշատակի օր էր, ու ամեն տարի դեկտեմբերի 7-ին կլինի հիշատակի օր: Այլ բան է, որ երկրաշարժից անցել է 26 տարի, ու այդ տարիները մեր համար ամոթի տարիներ են, ամոթի 26 տարիներ...
Ու մի՛ մեղադրեք դրանում միայն իշխանությանը: Այո՛, իշխանությունն իր մեղքի բաժինն ունի, որն իրոք շատ մեծ է, բայց, արդյո՞ք միայն իշխանությունն է պետությունը:
Մենք ենք՝ մեզանից յուրաքանչյուրը, երկիր ու պետություն կերտում: Ու եթե այսօր մեր ունեցած պետությունում դեռ գոյություն ունի աղետի գոտի, դա մեր բոլորի մեղքն է:
Արդյո՞ք բանկերի մարքեթինգի բաժինները փորձել են իրենց ղեկավարությանը խեղդելու գնով արտոնյալ պայմաններով վարկատեսակներ ստեղծել` աղետի գոտում շենք կառուցող ընկերությունների համար, արդյո՞ք «բիզնես դնողները» փորձել են իրենց բիզնեսն աղետի գոտում ծավալել, այնտեղ աշխատատեղ ստեղծելու համար, արդյո՞ք ֆեյսբուքում գրառում գրողները փորձել են գոնե մի բանով գոնե մեկ ընտանիքի աջակցել, օգնել ոտքի կանգնել...
Մենք ունենք աղետի գոտի, ու դա մեր բոլորի մեղքն է՝ սկսած ինձանից...
Հ.Գ. Իմ մասով ես կարող եմ խոստանալ, որ իմ կողմից հիմնադրված «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հաջորդ տարվանից սկսած նախագծեր կիրականացնի Գյումրիում, որոնք ինչ-որ կերպ կօգնեն օր առաջ մոռանալ աղետի գոտի և ամոթի օր արտահայտությունները...