ArmnewsTV.am-ը գրում է.
Հացամթերքի ու կաթնամթերքի գները անցած տարվա համեմատ չեն բարձրացել: Թանկացել է պանիրը` 50 տոկոսով: Անցած տարի գնորդները մեկ կիլոգրամի համար վճարում էին 1200 դրամ, այս տարի` 1800 դրամ: Կարտոֆիլ գնելու համար ևս արցախցի սպառողը ավելի թանկ է վճարում. 300` նախկին 200 դրամի փոխարեն: 44 տոկոսով հնդկաձավարն է թանկացել: Էժանացել է բրինձը, բուսական յուղը, շաքարավազը, բենզինը, դիզվառելիքը եւ շուրջ 10 տոկոսով գազը` գազալցակայաններում: Գնաճի վերջին ալիքը պատճառաբանում են դրամի արժեզրկմամբ:
Ապրանքի գինը կախված է ներմուծման ժամկետներից: Վաճառասեղանին նույն ապրանքը կարող է հայտնվել միանգամայն տարբեր գներով, կախված նրանից` Ստեփանակերտ է հասել դոլարի էժան, թե արդեն թանկացած ժամանակ: Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ներկայացուցիչը վստահեցնում է` վաճառողների բարեխղճությանը հավատում են, բայց ևս մեկ անգամ ստուգելը իրենց պարտականությունն է: Ելքը տեղական արտադրությունն ընդլայնելն է: Դրա արդյունքներն ակներեւ են: Տեղական կաթնամթերքը շուկայում արդեն նշանակալի կշիռ ունի` մինչեւ 50-60 տոկոս: Գներն էլ` անփոփոխ են:
Չի փոխվել նաեւ տեղական արտադրության այն ապրանքների գինը, որոնց հումքը չի ներկրվում: Սերգեյ Գրիգորյանը վստահեցնում է` առայժմ գնագոյացման հարցում օրենքի խախտում չեն կատարել ոչ ներկրողները եւ ոչ էլ վաճառողները: Ամեն դեպքում, դոլարի գինը շարունակում է բարձրանալ, Ամանորն էլ մոտենում է: Այնպես որ, հանձնաժողովականները զգոնությունը չեն թուլացնում:
Տեսանյութը՝ այստեղ