Ոտքը բինտով կապած մի տատիկ նույն սցենարով արդեն մի քանի տարի է, ինչ գումար է «աշխատում»։ Մի անկյունում կանգնած՝ հոնգուր-հոնգուր լաց է լինում, բնականաբար, շատերը չեն կարող անտարբեր մնալ, մոտենում են և հարցնում, թե ինչ է պատահել։ Սրտաճմլիկ պատմություն է պատմում՝ ներկայացնելով դեղերի անուներով մի արժանահավատ ցուցակ, ասում, թե պիտի գնա սրսկվելու, այդ դեղերի մի մասը գնել է, մի մասը՝ ոչ։ Դեղերն այնքան էլ թանկ չեն, մոտ 7-8 հազար դրամ, ուստի հնարավորության սահմաններում փորձում ես «խեղճ ու կրակ», «անօգնական» տատիկին օգնել։ Բայց արի ու տես, նույն թակարդն են ընկնում շատ միամիտ անցորդներ...
Մյուս կինը, թեև չի հեկեկում տատիկի նման, այլ միամիտ ու մոլորված կնոջ տպավորություն է ստեղծում։ Սկսում է իր հուզիչ պատմությունը, թե մոլորվել է, պիտի Վանաձոր գնա, խնդրում է 600 դրամ՝ տուն հասնելու համար։ Չբռնե՞ս տաքսի վերցնես ու իսկականից տանես Վանաձոր, թողնես էնտեղ ու գաս։ Բայց նույն սցենարով ու նույն տարածքում խաղալը վտանգավոր է, դժվար խաբված հանդիսատեսը կրկին վճարի էժանագին ներկայացման համար։ 
Ավելի վատ է, երբ դերասանություն են անում զինվորի անունը շահարկելով։ Սա էլ մյուս դերասան-մուրացկանի «աշխատանքն» է։ Վերջինս ներկայանում է որպես հիվանդ զինվորի մայր, ում բուժման համար հանգանակություն է անում։ Չգիտես էլ ինչ ասես, էնքան ստեր է փչում, չես հասցնում մարսել, ապշելու բան է։ Այս մուրացկանից բոլորից շատն եմ խորշում, մանավանդ որ միջին տարիքի կին է։ Գնացեք աշխատեք, էլի, թեկուզ որպես դերասան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել