Ինձ համար միանշանակ է մեկ պարզ բան:
Ինչպես երեխան՝ պետք է լսող, հարգալից և հանդուրժող լինի ծնողի նկատմամբ, այնպես էլ ծնողը՝երեխայի նկատմամբ, հատկապես եթե խոսքը շատ փոքր տարիքի երեխայի ու ծնողի հարաբերությունների մասին է: Տեսածս չնկարագրել ուղղակի չեմ կարող, ինքս ինձ անկեղծ չեմ լինի, չեմ անի նման բան: «Ռոսիա» տոնավաճառի մոտ կանգառում կանգնած՝ երթուղայինի եմ սպասում: Քիչ անց մոտենում է մի հասուն տարիքի կին՝ մոտավորապես 35-40 տարեկան, իր երեխայի հետ: Երեխան մի սիրուն փոքրիկ է: Մեկ-երկու րոպե անց, երեխան սկսեց լացել և մորից պահանջում էր, որ այն հյութը չի գնել, որը նա էր ուզում: Այդ կինը, մի քիչ սպասեց, համբերեց ու երկու րոպե անց ապտակեց փոքրիկին, ի դեպ, նա երևի առաջին կամ երկրորդ դասարան կլիներ: Սկսեց բոլորի դիմաց ծեծել բառիս ուղիղ ու լայն իմաստով: Նա անընդհատ հարվածում էր ու ասում, որ, ինչ ցանկացել է երեխան, նա էլ գնել է, իսկ տղան հակառակն էր ասում` արտասվելով ու կուչ եկած: Դաժան սպանդը շարունակվում էր: Մինչև մեր հարգելի ու սիրելի հայրենական ոստիկաններից մի լեյտենանտ չի մոտենում ու կարգի հրավիրում ծնողին: Այստեղ են ասել, տեսածս, աչքիս տեսածն եմ պատմում, սա PR չէ: Անկեղծ եմ ասում, ուզում էի ես մոտենալ ու մի քանի բան ասել, էն էլ ոստիկանը մոտեցավ ու հասկացրեց, բացատրեց, որ մանավանդ փոքր երեխայի հետ էդպես չեն վարվում: Վստահ եմ, որ տիկինը չհասկացավ, կամ չուզեցավ հասկանալ: Ինչևէ կյանքը ցույց է տալիս, որ երեխա ու ծնող հարաբերությունները մանկուց պետք է բալանսի վրա լինեն, որ մեկը մյուսից չնեղանա, ոչ էլ մյուսը` մեկից: Ծնողը պահանջում է, երեխան պետք է կատարի, բայց ոչ երբեք բռնությամբ փոքրիկի դեմն առնի: Լեզուն տրված է բացատրելու համար: Ես նման ծնողներին չեմ հարգում, երբեք էլ չեմ ընդունի: Մայրս ինձ էդպես չի դաստիարակել, քավ լիցի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ոստիկանապետին, որ այսօր փորձում է նորմալ, պիտանի ու մարդասեր ոստիկան ձևավորել, քաղաքացու կողքին հայտնվող ոստիկան: Շնորհակալություն եմ հայտնում այդ լեյտենանտին, որ հասավ և արեց իր պարտականությունը: Ashot Aharonyan ջան, դուք ևս ձեր ներդրումն ունեք այսօրվա ոստիկանի կերտման գործում, սա չափազանց բարդ ու պատվաբեր աշխատանք է: Կոչ եմ անում բոլոր մայրերին, նման օրինակներով, նման բիրտ եղանակներով մի դաստիարակեք ձեր փոքրերին, սխալներ մի գործեք, վաղը գուցե և այդ փոքրիկը հիշի և ամբողջ կյանքը ձեզ անիծի, որ մի փոքր բանի համար մի կաթիլ մեղրի պատմություն եք սարքում, ազատություն եք տալիս ձեր ձեռքերին: Հազար ամոթ նման մայրերին, հազար ամոթանք նրանց:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/409235055799020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել