Հայկական դրոշԻրականում շատ խնդիրներ կան, սակայն ես կանդրադառնամ ամենաշատ աչքի ընկնող թեմաներին, որոնց մասին անգամ արտասահմանցի մասնագետներն են նշել: Այս մասում կխոսեմ մոտիվացիայի մասին: Ի դեպ, ես նշում եմ իմ կարծիքը, որի հետ կարող եք նաև համաձայն չլինել, իրավունքը Ձերն է, բայց ինչ էլ նշեմ, իհարկե փաստերով է լինելու: Բայց միևնույն ժամանակ չեմ նշելու միայն խնդիրները, այլ նաև կտամ լուծումներ, որոնք ինքս եմ կիրառում ու հետագայում նույնպես այդպես եմ անելու: Ուրեմն այսպես՝

1. Մոտիվացիա: Մոտիվացիան մեր հասարակությունում ու բիզնես միջավայրում շատ լուրջ խնդիր է: Կարծում եմ՝ ամեն քայլափոխի նկատած կլինեք, թե ինչպես են կյանքն իրենց ներսում մեռած աշխատակիցները սպասարկում, մեքենա վարում, վաճառում, կամ էլ գնում բանակցության: Ի դեպ, պատկերացրեք հարգելի գործատուներ, Դուք մարդուն վճարում եք 100.000 դրամ, որից մոտ 40.000-ը՝ տրանսպորտի և սնվելու գումար: 60.000 դրամով Դուք ուզում եք  արդյու՞նք ստանալ:

Բացառվում է, միևնույնն է, Ձեր աշխատակիցը երբեք չի մտածելու բիզնեսը զարգացնելու մասին, այլ հենց հարմար առիթ եղավ՝ լքելու է Ձեզ: Մի սպանեք մարդկանց մեջ աճելու ձգտումը, այնպես արեք, որ նրանց աճի հետ մեկտեղ, Ձեր բիզնեսը զարգանա: Իսկ ի՞նչ է հիմա իրականում, այցելում ենք գրասենյակ, աշխատակիցն ալարում է մոտենա, զանգահարում ենք ընկերություն, աշխատակիցն ալարում է հեռախոսազանգին պատասխանել, այցելում ենք սուպերմարկետ, դրամարկղի աշխատակիցը դարդերով լեցուն հայացքով անգամ չի էլ նայում մարդու դեմքին, գոնե մի թեթև ժպտալու համար և այսպես շարունակ:

Նրանք մեղք չունեն, քանի որ ընկերությունների մեծ մասում ուղղակի չկան գրագետ մոտիվացիոն սխեմա կառուցողներ: Ես քիչ եմ հանդիպել հայերի, ովքեր ասեն, որ ես այսինչ ընկերությունում եմ աշխատում ու պաշտում եմ իմ աշխատանքը: Չկա, որովհետև աճելու, զարգանալու հնարավորություն էլ չկա: Իսկ մոտիվացնելու համար ամենակարևոր պայմանը մարդկանց գնահատելն է, կապ չունի ինչ աշխատանք են կատարել, գնահատեք նրանց, մի ալարեք, ասեք «Շնորհակալություն, դու հրաշք ես, չէինք սպասում նման արդունք, բայց արդարացրեցիր»:

Իսկ ի՞նչ է իրականում, մեզ մոտ նկատում են միայն վատը, այ թե հանկարծ մարդ սխալվի, ամբողջ կուժն ու կուլան կոտրվում է նրա գլխին, այն էլ կոլեգաների մոտ: Անգամ նկատողությունն առանձին արեք, յուրաքանչյուրն ունի ինքնասիրություն, իսկ շրջապատի մեջ այն շատ զգայուն է: Մարդկանց մեջ նկատեք լավը, ասեք դրա մասին ու կտեսնեք, թե ինչ արդյունք է լինում հետագայում, նրա դեմքին աշխատելիս ժպիտ է հայտնվում: Դրեք աշխատակիցների առջև անձնական աճի պլաններ, որպեսզի այդ ցուցանիշներին հասնելուն պես և Ձեր բիզնեսը զարգանա, և նրանք հաճույք ստանան աշխատանքից:

Արտասահմանում վաղուց են հասկացել, որ եթե ցանկանում եք ունենալ նվիրված աշխատակիցներ, ապա նրանց բաժնեմաս տվեք: Այո, իսկապես ես զգացել եմ այս արտահայտության արդյունավետությունը: Ինձ հետ աշխատող յուրաքանչյուր տղա բիզնեսում բաժնեմաս ունի, ինչի առիթով ես վստահ եմ, որ գողություն չի լինի, քանի որ (յարան տիրոջն է ցավեցնում) արտահայտությունն այստեղ արդիական է: Մյուս պարագայում բոլորս մեկ թիմի պես մտածում ենք եկամուտների ավելացման մասին, ոչ ոք գլուխ չի պահում, քանի որ եթե վատ աշխատեց, իր գրպանն է տուժում:

Իսկ այս մեթոդի ամենահաճելի մասն այն է, որ ամեն շաբաթ նոր գաղափար է ծնվում գրեթե բոլորիս մոտ, քանի որ ցանկանում ենք ավելացնել շրջանառությունը: Եթե Դուք մեծ ընկերություն եք, ապա կարող եք ընդամենը մի քանի միավոր բաժնետոմս տալ Ձեր աշխատակիցներին տարվա վերջում 13-րդ աշխատավարձից, նրանք իրենց բիզնեսի տեր կզգան, կձգտեն էլ ավելիին հասնել: Համաձայն եմ, հեշտ չէ, բայց եթե սինգապուրցի հավ պահողին սովորեցրել են փողոցում չթքել, հողագործությունից անցնել գրասենյակային աշխատանքի, իսկ ղեկավարին՝ կաշառք չվերցնել, ապա մենք էլ կարող ենք, յուրաքանչյուրս մեր մասով: Ինչու՞ եմ ասում Սինգապուր, որովհետև 1993 թվականին պետությունը որոշեց վաճառել Singapore Telecom-ի բաժնետոմսեր երկրի թոշակի անցած մարդկանց կես գնով, որպեսզի նրանց մեջ կյանքը չմեռնի ու ցանկանան ինչ-որ նոր գաղափարներ ու մտքեր առաջարկել իրենց ընկերությանը:

Մոտիվացրեք Ձեր աշխատակիցներին, որպեսզի ամեն առիթի դեպքում չասեք Հայաստանում նորմալ կադրեր չկան, կան, ուղղակի չգնահատված լինելով՝ մարդիկ լքում են երկիրը: Մարդկանց մեջ չկա էներգիա, չկա այն էնտուզիազմը, որ ավելացնեն վաճառքները, ձեռք բերեն ավելի շատ գործընկերներ, մտածեն բիզնեսի զարգացման ուղիներ, քանի որ այդ ամենն անտեսվում է գերշահույթ հետապնդող ղեկավարության կողմից: Մարդիկ չուզենալով են գնում աշխատանքի, իսկ չուզենալ նշանակում է ժամանակ սպանել, իսկ ժամանակ սպանելով բիզնես չեն զարգացնում:

Լսեք նրանց գաղափարները, այնպես արեք, որ անընդհատ Ձեր բիզնեսի առաջխաղացման համար նոր գաղափարներ տան, այլ ոչ թե լսելուն պես ընդհատեք, ասելով՝ նման հիմար իդեա դեռ չէի լսել: Յուրաքանչյուր աշխատակից, լսելով նման արտահայտություն, էլ երբեք չի մտածի որևէ գաղափարի շուրջ: Խթանեք նոր գաղափարները, եթե որևէ գաղափար իրականացնում եք ու արդյունք է լինում, ապա արդյունքից մաս հատկացրեք հեղինակին ու կտեսնեք, թե ինչ մեծ ծավալի նորանոր գաղափարներ են հայտնվում Ձեր սեղանին:

Շփվեք մարդկանց հետ, անկեղծ շփումն ուղղակի բարձրացնում է մարդկանց բարոյահոգեբանական վիճակը: Օրինակ՝ ես ժամանակին մի ընկերությունում էի աշխատում, որի տերը դոլարային միլիոնատեր էր: Երբ այցելում էր գրասենյակ, մտնում էր բոլորի մոտ ու հարցնում գործերից, խնդիրներից, ամեն մեկիս մի լուծում էր առաջարկում ու գնում: Այդ զրույցից հետո ես երբեմն մոռանում էի, որ ժամը 18.00-ին վերջացել է աշխատանքը: Բարձրացրեք Ձեր աշխատակիցների մոտիվացիան:

Ահա կարճ անդրադարձ ինձ անհանգստացնող ու ամենածանր խնդիրներից մեկը, որն առկա է մեր բիզնեսում: Իհարկե այն լուծումը, որը ես եմ առաջարկում, լրիվ կիրառվում են իմ կողմից հայկական պրակտիկայում և տալիս են իրենց արդյունքը, այնպես որ մտածեք Ձեր բիզնեսի մասով մոտիվացիոն սխեմաներ: Մյուս խնդիրներին կանդրադառնամ հաջորդ գրառումներում:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել