Էս թեմայով առայժմ գրելու միտք չունեի, քանի որ առաջնահերթ էնքան խնդիրներ ու թեմաներ կան, բայց որ իմացա, ֆեյսբուքային խումբ են ստեղծել այդ խորագրով ու ինձ էլ անդամագրել են, ասի՝ դե մի խոսք էլ ես ասեմ՝ մուտքս շնորհավորելով: Առողջ սննդի մի նախապայման էլ հիգիենիկ պայմաններն են: Որքանո՞վ է անվտանգ ճաքած ձվերի վաճառքը, առավել ևս անմաքուր, «ծերտոտ» վիճակում, երբ հազար ու մի բացիլ կարող է անցնել սննդի մեջ: Փաստորեն, այդ ձվերն ինչ-որ մի տեխնոլոգիական պրոցես (երևի թե լվացման) չեն անցել:
Խանութներում մեկ էլ տեսնում ես՝ կրեմով թխվածք է վաճառվում՝ բաց-բաց, ճանճերն էլ հաճախ «համտես» են անում: Հիմա եթե մի քանիսն այդ խմորեղենից թունավորվեն, կասեն՝ «Այսինչ արտադրողի խմորեղենն է, ուրեմն մեղավորը նա է, բերեք արտադրությունը կասեցնենք» ու չեն ասի, որ մարդիկ խմորեղենը գնել են արդեն խանութում որակազրկելուց հետո: Չթունավորվելու մի նախապայման էլ սննդի ճիշտ համադրումն է: Արդեն մի քանի օր է, հեռուստատեսությամբ խոսում են մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքի մասին: Ձմեռ օրով մանկապարտեզի երեխաներին միգուցե սառը թթվասերը տվել են նրբերշիկի հետ, ու հիմա «կպել» են նրբերշիկի «պոչից», թե ո՞վ գիտի, էդ արտադրող ընկերության նրբերշիկն է մեղավոր: (Հեռուստատեսությամբ երեխաներից մեկն ասաց, որ թթվասեր ու նրբերշիկ է կերել): Ինձ թվում է, նրբերշիկի ու թթվասերի համադրումն այնքան էլ խրախուսելի չէ. այնպես, ինչպես նրբերշիկի ու ձվի համադրումը: Երեկ, երբ հեռուստատեսությամբ տեղեկացա, որ հայտնի ընկերություններից մեկի մսամթերքն է կասկածվում՝ թունավորման հարցում, շատ զարմացա, քանի որ 2 տարի է, այդ ընկերության 4 անուն մսամթերքից գնում եմ և դժգոհելու առիթ չունեմ: Քանիցս էլ համոզվել եմ, որ մեր տեղական արտադրության որոշ մսամթերք, պահածոներ և կամ կաթնամթերք, ավելի որակյալ են, քան ռուսականը կամ արտասահմանյանը: Բայց տեղական ֆիրմա էլ կա, որի արտադրած մսամթերքից օճառահոտ է «բուրում»՝ բավական չէ, դեռ գինն էլ անընդհատ բարձրացնում են: Բայց, որակյալ ձեթի հարցում դեռ զիջում ենք ռուսականին, որին զիջում է նաև իրանականը: Միգուցե դա՞ է պատճառը, որ ռուսական ձեթի գինը բարձրացրել են. տեղականի մտահոգությամբ:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ