Աստիճանաբար ավարտին է մոտենում 2014թ.-ը... Բոլորս մեզ համար՝ յուրաքանչյուրս մեր մտքում, սկսում ենք վերլուծել ընթացիկ տարվա մեջ մեր ունեցած հաջողությունները, մեր արած-չարածները, կիսատ թողած գործերը, մտածում ենք հաջորդ տարվա ընթացքում է՛լ ավելի մեծ հաջողությունների հասնելու, կիսատ մնացած գործերը լիարժեք ավարտին հասցնելու, կիսատ կամ նոր-նոր ծնվող գաղափարներն ու երազանք-նպատակներն ի կատար ածելու տարբեր հնարավորությունների, մեզ տանջող հարցերում վերջնականապես ճիշտ և արդար լուծում գտնելու մասին (ցանկը կարելի է անվերջ թվարկել՝ կարծում եմ)... Ու այդ ամենի մեջ մենք՝ կամա, թե ակամա, չենք մոռանում ֆուտբոլը: Յուրաքանչյուրս հիշում ենք մեր սիրած ակումբների, հավաքականների ելույթները, վերհիշում հիասթափության, տխրության պահերը, հաջողություններից ստացած մեծ հաճույքը, և կրկին հույս փայփայում, որ հաջորդ տարին հաջող կլինի նաև այդ տեսանկյունից: Բոլորս էլ ունենք մեր սիրած ակումբները, հավաքականները, բայց բոլորիս միավորում է միայն մեկ հավաքական՝ Հայաստանի Ազգայինը: Աստիճանաբար նախաբանս տեղափոխելով սյուժեի զարգացման՝ տրամաբանական հարթություն, կարծում եմ՝ հասկացաք, որ գրառմանս հիմնաքարը մեր Ազգային ընտրանին է, նրա ելույթները: Ի՞նչ ունեցանք 2014թ.-ին և ինչը մնաց կիսատ՝ հաջող շարունակության հույսով: Ընթացիկ տարում, իսկ ավելի ճիշտ ազգային հավաքականի ղեկը Բեռնար Շալանդի կողմից ստանձնելուց հետո, մեր հավաքականը տարել է ընդամենը մեկ հաղթանակ: Ընդ որում, այնպիսի հաղթանակ, որը չէր կարող մեզ ուրախացնել, քանի որ երեք գնդակ բաց թողեցինք ֆուտբոլային բոլոր չափանիշներով մեզնից ոչ առավել ասիական հավաքականից: Բայց դա, միայն առաջին հայացքից: Իսկ ի՞նչ կարգ ունի մեր հավաքականը: Մենք մշտապես փորձել ենք համեմատվել տարբեր հավաքականների հետ՝ առավելապես, Ադրբեջանի՝ նաեւ ակումբային ֆուտբոլի մակարդակով: Սակայն կարծում եմ, որ ժամանակն է հիմնովին ձերբազատվել այլ հավաքականների հետ համեմատվելու՝ բավական անօգուտ ջանքերից: Մենք պարտավոր ենք մտածել միայն մեր մասին, մեր ֆուտբոլի ու ազգային հավաքականի մասին: Բազմիցս եմ նշել ու ցմահ կպնդեմ տեսակետս, որ ֆուտբոլում ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ պատրաստականությունը՝ հոգեբանականն է: Իհարկե, կարեւոր են նաեւ ֆիզիկական, տեխնիկական եւ տակտիկական պատրաստականությունները: Բայց դրանք սին են եւ ոչ լիարժեք, եթե չկա հոգեբանականը: Ամենավառ օրինակը, եթե կուզեք, Դորտմունդի Բորուսիան է: Թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները ֆիզիկապես շատ լավ են պատրաստված, նույնն էլ նաեւ տեխնիկա-տակտիկականը: Բայց վերջին շրջանի՝ թվացյալ պատահական անհաջողություններն, առավել խորքային պատճառներ ունեն: Թիմում հոգեբանական բաղադրիչը կտրուկ նվազել է ու ինքներս ենք տեսնում, թե ինչ կարող է դառնալ նախորդ մրցաշրջանում պարզապես տպավորող եւ ցնցող Բորուսիան՝ առանց հոգեբանական պատրաստականության: Սա, բնականաբար, չի խոսում այն մասին, որ Դորտմունդում չեն աշխատում հոգեբանները: Սա միայն ապացույցը այն բանի,որ ֆուտբոլիստը չի կարող օգտագործել իր ֆիզիկական եւ տեխնիկա-տակտիկական փայլուն որակները, եթե բացակայում է գլխավորը: Եւ, անմիջապես, անցում կատարեմ մեր հավաքականին: Իսկ մեր հավաքականի դեպքում՝ առավել քան, հոգեբան ունենալը, հոգեբանական պատրաստվածությունը գոնե միջին մակարդակի հասցնելը՝ չեմ վախենա այս բնորոշումից, պարտադիր է: Դրվագներով մենք տեսնում ենք այն ընտրանուն, որին սովոր էինք տեսնել, որը մեզ ուրախացնում էր: Բայց դրանք ԴՐՎԱԳՆԵՐ են... Ֆիլմը նկարահանում են դրվագներով, որից հետո դառնում է լիարժեք ֆիլմ: Այսինքն, այդ դրվագները պետք է լինեն շարունակական: Բազմիցս նշել եմ նաեւ, որ մեր հավաքականի խաղում առկա է առավել քան ակնառու անկայունություն: Իսկ դա, համաձայնեք, նույն հոգեբանական ցածր պատրաստվածության տրամաբանական հետեւանքն է: Եթե մենք ունենայինք շատ թույլ հավաքական, ապա այս աստիճան չէինք տանջվի ամեն անգամ, այս աստիճան չէինք նյարդայնանա յուրաքանչյուր ահնաջողության համար: Բայց փաստ է, որ ունենք պայքարել կարողացող, հավակնոտ ու երիտասարդ կոլեկտիվ, որը դեռեւս նախորդ տարի հայ ֆուտբոլասերից յուրաքանչյուրին՝ նույնիսկ մեկ հանդիպման ընթացքում, առնվազն երկու անգամ «ստիպում էր» ցատկել տեղից եւ լիաթոք գոռալ մրցակցի դարպասում հայտնված գնդակի համար: Այս տարի մենք տեսանք, որ մեր հավաքականը հիմնականում գործում էր հինգ պաշտպաններով: Սա, բնականաբար, մեր ընտրանու գլխավոր մարզչի որոշումն է, որի համար ինքն է պատասխանատու: Բայց չենք կարող չարձանագրել նաեւ, որ պարտադիր չէ յուրաքանչյուր խաղում գործել նույն սխեմայով, նույն մարտավարությամբ: Ինչպես Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր հավաքականի խաղում՝ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում, որեւէ մարտավարական փոփոխություն չէինք տեսնում (ինչպես սկսում էինք խաղը, այնպես էլ ավարտում էինք), այնպես էլ փոփոխության նշույլ չենք տեսնում ներկայումս: Համաձայն եմ, որ մարզիչն է ընտրում մարտավարությունը, նա ավելի լավ է տեղյակ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակից, բայց մենք նույնպես՝ կարծում եմ, կողքից ինչ-որ բան կարողանում ենք նկատել: Հինգ պաշտպան, երկու հենակետային կիսապաշտպան... Կարծում եմ՝ մաթեմատիկական հսկա լինել պետք չէ՝ հաշվելու համար, թե մյուս դիրքերում որքան ֆուտբոլիստ է մնում: Եթե դարպասապահի դիրքն անսասան է, ապա ստացվում է, որ մնում են միայն երեք ֆուտբոլիստներ... Եվ, եթե նման պարագայում, մենք նույնիսկ հինգ Ժոզե Մոուրինյո բերենք, ոչինչ անել հնարավոր չի լինի: Ստացվում է, որ կիսապաշտպանության կենտրոնը մենք յուրաքանչյուր խաղի զիջում ենք մրցակցին՝ ուզենք, թե չուզենք: Իսկ հայտնի է, որ հաջողության հասնում է այն թիմը, որը կարողանում է ճիշտ և գրագետ խաղալ կիսապաշտպանությունում՝ առավել եւս, կենտրոնում: Չփորձելով շատ խորը վերլուծել մարտավարությունը մեր հավաքականի և ամենևին մտադրություն չունենալով խառնվել Շալանդի գործերին և, առավել ևս, ուղղորդել (որի բարոյական իրավունքը նաև չունեմ), չեմ էլ կարող՝ միաժամանակ, գոնե ինքս ինձ համար տարբերակներ չմշակել՝ թեկուզ մտքում: Եվ ահա, տարբերակների մշակման արդյունքում, եկել եմ եզրահանգման, որ կարելի է գոնե տնային խաղերում, կամ արտագնա որոշ խաղերում, հրաժարվել հինգ պաշտպան, երկու հենակետային կիսապաշտպան օգտագործելու մտադրությունից և փորձել՝ որպես այլընտրանք, օգտագործել 3-5-2 մարտավարությունը: Հասկանալի է, որ նման սխեմա օգտագործելու համար շատ կարևոր է նաև կատարողներ ունենալը և համապատասխան ֆուտբոլիստներ: Սակայն, չի ստացվում նրա մոտ, ով չի փորձում... Իսկ միգուցե ստացվի՞, եթե փորձենք... Եթե կարիք կլինի, ավելի խորը կվերլուծեմ մեր հավաքականի խաղը, ընդհանուր առմամբ: Մեկ բան միանշանակ է. բոլորս սրտացավ ենք մեր հավաքականի համար, բոլորս էլ մեր ընտրանու հաղթանակներն ու հաջողություններն ենք ցանկանում տեսնել... Շալանդի անցկացրած մարզումները ինքս եմ մոտիկից տեսել և կարող եմ փաստել, որ ստրացավ է աշխատում, իսկապես հոգին դնում է... դրա մասին նաև մեր ֆուտբոլիստներն են խոսել: Մնում է միայն ճիշտ ելքը գտնի՝ մարտավարության ու խաղային առումով, և հաղթանակները կգան... Միգուցե հենց սկսած Ալբանիայի հետ խաղից: Շալանդի ու հավաքականի գործունեությանը մաղթենք հաջողություններ: Եվ վերջում, որպես հայ, որպես շարքային քաղաքացի ու երկրպագու, չեմ կարող շրջանցել կադրային հարցերը: Խորը չփորփրելով այս կամ այն պատճառա-հետևանքային կապը, պարզապես մեկ բան եմ ցանկանում՝ սրտանց... Տա Աստված, որ 2015թ-ին վերջ տրվեն ցանկացած տիպի խոսակցություններին, փոխադարձ մեղադրանքներին, անձնական ամբիցիաներին, բոլորի շահերրը ստորադասվեն Ազգային Հավաքականի շահերից և մենք հավաքականի կազմում տեսնենք այն ֆուտբոլիստներին, ովքեր իսկապես կարող են է՛լ ավելի ուժեղացնել մեր հավաքականի խաղը... Ես հույս ունեմ, որ կգա այդպիսի օր: Ուժ, համբերություն և փոխըմբռնում եմ մաղթում բոլորիս: Առա՛ջ, Հայաստանի հավաքական: Դեպի նոր հաղթանակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել